ՄԻՊ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԲԱՐԱԹԸ ԵՐԵԿՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՐ
Արխիվ 12-16
Այնուամենայնիվ, թե ո՞ւր է Կ. Անդրեասյանի հրաժարականի «բարաթը» կպարզվի այսօր, իսկ թե ինչո՞ւ վերջինս որոշեց հրաժարվել այն պաշտոնից, հանուն որի «հալածվել» ու շարունակել էր աշխատել, փորձեցինք պարզել հենց նրանից, բայց ապարդյուն, լռության գինը թանկ է պարոն օմբուդսմենի համար:Տարվա սկիզբը խոստումնալից չէր Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ համար: Նա, ով բազմիցս հայտարարում էր, որ հանձնվող եւ պարտվող տեսակ չէ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Եվ այս մասին հանրությանը շտապել է տեղեկացնել նախեւառաջ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջով. «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»: Բայց, արի ու տես, որ հանրության լայն շրջանակներին հուզելու հարցում վարպետացած Ա. Անդրեասյանն այս անգամ ճիշտ հաշվարկ չէր կատարել, քանի որ ՄԻՊ-ի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Եվ հրաժարականը կրկնելու դեպքում` ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: Սակայն, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հաղորդմամբ. «2016թ-ի հունվարի 12-ի, ժամը` 18:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել»: Մինչդեռ ՄԻՊ խոսնակ ՇՈՒՇԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պնդում է. «Տեղեկացնում եմ, որ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը այսօր ժամը 18:00-ին մուտք է արվել ԱԺ ընդհանուր բաժին»: