ԱՄԲՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՎԱԾ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
Արխիվ 12-16
ԱՄԲՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ ԿԱՊՎԱԾ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ
«Ռոբերտը զարմանալի նրբակիրթ անձնավորություն էր: Արվեստի աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպելիս նախ մանրամասն տեղեկանում էր յուրաքանչյուրի կյանքում տեղի ունեցող դրական եւ բացասական իրադարձությունների մասին, օգնում էր ու անմիջապես տեղափոխվում արվեստի աշխարհ: Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ խոսում է ոչ թե քաղաքական գործիչը, այլ տարիների փորձն ուսերին արվեստագետը»,-ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյան:
Արձակագիր, նկարիչ, քաղաքական գործիչ ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ժամանակակիցների հուշերում մնաց, որպես հեզաբարո, ռոմանտիկ , ազնիվ ու կարեկից, իր հայրենիքի ու ժողովրդի ցավերով ապրող մարդ ու մտավորական: Ապրած ամբողջ կյանքի ընթացքում իր բարի գործերով եւ մարդ տեսակով Ռ. Արզումանյանը բացեց հավերժական այն ուղին, որով դեռ պետք է անցնեն բազում սերունդներ: Ընկերները, բարեկամներն ու մտերիմները համոզված էին, որ Ռ. Արզումանյանը ընտրելու է գրականության եւ արվեստի ոլորտը`նրա ակնհայտ սերը դեպի արձակն ու նկարչությունը այդ էին վկայում: Բանասիրական ֆակուլտետի ուսանողի գրական ձիրքը տեսնելով մեծ ապագա էր խոստացել գրող Ռուբեն Զարյանը , իսկ գեղանկարների եւ գրաֆիկական աշխատանքերի անդրանիկ ցուցադրությունը պարզապես ապշեցրել էր Մարտիրոս Սարյանին: Սակայն նա ընտրեց այլ ոլորտ. «Յուրաքանչյուր մարդ, առավել ամեն ինչից, սիրո եւ ջերմության կարիք ունի: Մարդը չի ծնվում վատ, երբեմն կյանքի պայմանները ստիպում են խոտորվել ճիշտ ճանապարհից», -Ռ. Արզումանյանի մտերմիկ զրույցների ժամանակ հաճախ լսվող այս խոսքերը հենց նրա ընտրած ճանապարհի ճիշտ վկայությունն են: Աշխատանքը սկսելով հանրապետության Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեում եւ այնուհետեւ նշանակվելով կոմունիստական կուսակցության քարտուղար Ռ. Արզումանյանը կարողացավ երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն եւ արժանապատվություն, իսկ կոմերիտմիության քարտուղարների համար դառնալ լավ օրինակ` իրենց ենթակաների հետ աշխատելու հարցում: Ռ. Արզումանյանը ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում դարձավ մշակույթի հովանավորը: 1988 դեկտեմբերի 7-ի երկրաշարժի լուրն ստանալուն պես մեկնել էր Լենինական եւ տեղի հիվանդանոցում ստիպել, որ իրենից արյուն վերցնեն: Չնայած կյանքի վերջին տարիներին Ռ. Արզումանյանն աշխատում էր Եգիպտոսում որպես ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության փոխհյուպատոս, մշակույթի կենտրոնի տնօրեն, բայց ամբողջ էությամբ կապված էր հայրենիքի հետ եւ ապրում էր նրա յուրաքանչյուր օրվա իրադարձություններով:
2000 թվականին մեծանուն հայի մահը խոր վիշտ պատճառեց ոչ միայն նրա ընտանիքի անդամներին, այլեւ գործընկերներին եւ նրան ճանաչողներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163368&l=am/