ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Արխիվ 12-16
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ
ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Լրատվամիջոցներն անցյալ տարի անդրադարձել են Արտաշիսյան 44 հասցեւում գտնվող «Փոքր Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ կանգնող մարմնավաճառներից տուժած Վազգեն Կարապետյանի գործին: Հիշեցնենք` վերոնշյալ հասցեի բնակիչ Վազգեն Կարապետյանը, այս տարվա սկզբին դարձյալ փորձել է անել ամեն ինչ, որ այդ տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն, սակայն, իրավապահները մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցում Վազգեն Կարապետյանի դեմ: Վազգեն Կարապետյանը մեղադրվում է ավազակային հարձակման համար: Մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ գտվող Իգոր Կովալյովը հաղորդում է ներկայացրել, որ Կարապետյանը հարձակվել է նրա վրա, դանակի ու ատրճանակի սպառնալիքով գումար շորթել, իր գույքին վնաս է պատճառել եւ մարմնական վնասվածք հասցրել:
«Իրավունք»-ին այսօր հայտնի դարձավ, որ Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը բավարարվել է: «Մենք հիմա լրացուցիչ վկաների հարցաքննման փուլում ենք: Հունվարի 14-ի դատական նիստում պետք է հարցաքննենք վկաներին, եթե ներկայանան: Դրանից հետո կանցնենք դատական վիճաբանությունների փուլ»,- եզրափակեց փաստաբանը:
Տեղեկացնենք, որ նախորդ դատական նիստում փաստաբանը վկաների հարցաքննման միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մասամբ բավարարել է. միայն մեկ վկայի հարցաքննելու պահանջն է մերժվել: Մյուսներին դատարանը պատրաստ է լսել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163351&l=am/