«ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԵՐԳԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՀՈՒԶՎՈՒՄ ԵՄ»
Արխիվ 12-16
«ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԵՐԳԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՀՈՒԶՎՈՒՄ ԵՄ»
Հունվարի 15-ից երգիչ ԱՎՈ ԱԴԱՄՅԱՆԻ «Դաժան է սերը» տեսահոլովակը հասանելի կլինի բոլորին: Չնայած ստեղծագործական թիմը կազմված է եղել պրոֆեսիոնալներից, բայց երգիչը տեսահոլովակի սցենարը միանշանակ վստահել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին: Իսկ թե ինչու տեսահոլովակի համար ընտրվեց հենց այս երգը «Իրավունքի» հետ զրույցում երգիչն ասաց. «Երգն է ընտրել ինձ: Այն ունի պատմություն, անցած ճանապարհ: Դեռ դպրոցական տարիքից կատարել եմ այս երգը: Հեղինակն անհայտ է, եթե հայտնվի, որեւէ մեկը եւ կարողանա փաստացի ապացուցել , որ իր ստեղծագործությունն է, շատ շնորհակալ կլինեմ»,- նշեց երգիչն ու հավելեց, որ երգի ընտրությունից հետո գործիքավորումը կատարել է Արսեն Բարսամյանը:
Ըստ Ավոյի, սցենարային հարցերում միջամտություն չի ունեցել, այլ կատարել է այն, ինչ իրենից պահանջել է ռեժիսորը. «Առհասարակ մտածում եմ, որ երգիչը պիտի զբաղվի միայն իր կատարումով, իսկ տեսահոլովակի հետ կապված մյուս հարցերը վստահի համապատասխան մասնագետներին»,- փաստեց երգիչն ու տեսահոլովակը կարեւորեց. «Ընտրված երգն իմ տարիների ընկերն է: Հազար անգամ երգելուց հետո էլ հուզվում եմ: Նախապես ասեմ տեսահոլովակում առկա տեսարանները կապ չունեն իմ անձնական կյանքի հետ»,- նախազգուշացրեց Ա.Ադամյանն ու շեշետեց. «Իմ գործերի մեջ առաջին քննադատը ես եմ լինում ու հերթական աշխատանքս ներկայացնելուց մտածում եմ, որ ավելի լավը կարող էր լինել: Սա այն եզակի դեպքն է, որ չեմ կարողանում թույլ տեղը գտնել: Այս երգում էություն, հոգեվիճակ կա, ունի անհատական ընկալում մեզնից յուրաքանչյուրի կողմից»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163348&l=am/