«ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ»
Արխիվ 12-16
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ»
Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինի Սուրբ Ծննդյան մասին հարցազրույցը «Ռոսիա առաջին» հեռուստաալիքին, որտեղ շեղվելով թեմայից` վերջինս հայտարարել էր, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին չեն ոչնչացրել, շարունակում է մնալ թիվ մեկ քննարկման թեման ինչպես համացանցում, այնպես զանգվածային լրատվամիջոցներում: Սակայն, հենց այսօր ինչպես եւ խոստացել էր Մայր Աթոռի մամուլի քարտուղար Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կապ էր հաստատել Մոսկվայի պատրիարքարանի հետ, ինչին անմիջապես հաջորդել էր Նորին սրբություն Կիրիլ Առաջինի մամուլի քարտուղար Տ. ԱԼԵՔՍԱՆԴՐ քահանա ՎՈԼԿՈՎԻ պարզաբանումը, որում մասնավորապես ասված էր. « «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի մեջ Նորին Սրբություն Կիրիլ պատրիարքը խոսեց վերջին տարիներին Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաների սարսափելի եւ աննախադեպ վիճակի մասին: Այդ համատեսքում Նորին Սրբությունն օրինակ է բերել Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ եղել են այնպիսի ժամանակաշրջաններ, երբ ներդրված կարգերը ապահովել են համեմատական կայունություն ու անվտանգություն կրոնական փոքրամասնությունների համար: Այդ կարգերի բացակայությունը մշտապես, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, հանգեցնում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպնություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հետ կապված բազմիցս պարզորոշ արտահայտվել է բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում եւ Պատրիարքի ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ վկան է հանդիսանում Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրագույն մակարդակով մասնակցությունը Հայկական Առաքելական Եկեղեցու կարեւոր իրադարձություններին՝ Նորին Սրբազանի մասնակցությունը Մոսկվայի հայկական մայր տաճարում, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երեւան անցյալ տարի՝ հիշատակի արարողություններին մասնակցելու համար, որոնք նվիրված էին հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ, մենք այդ դիրքորոշումը մշտապես բացահայտ կերպով պաշտպանել ենք եւ կպաշտպանենք միջազգային, միջքրիստոնեական եւ միջկրոնական հարթակներում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163346&l=am/