ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված Lifenews-ի ռեպորտաժը հիստերիա է առաջացրել ադրբեջանական ԶԼՄ-ներում
Արխիվ 12-16
ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Lifenews-Ի ՌԵՊՈՐՏԱԺԸ ՀԻՍՏԵՐԻԱ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ
Արդեն երկու օր է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցներում տիրում է կատարյալ «վայնասուն»: «Հոբելյան` ծուղակում. չճանաչված ազատություն» խորագրով Լեռնային Ղարաբաղի 25-ամյա հանրապետության, իր երկրի սահմանները պաշտպանող հայ զինվորի ու Արցախում արտադրվող ՀՀ պիտակով ապրանքատեսակների մասին պատմող ռուս լրագրող ԵԼԻԶԱԲԵՏԱ ԽՐԱՄՑՈՎԱՅԻ 17 րոպեանոց տեսանյութը, որը ցուցադրվել է ռուսական Lifenews հեռուստաալիքով հունվարի 8-ին, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Բաքվում: Վերջիններս հատկապես չեն կարողանում «մարսել» այն, որ ռուս լրագրողը ներկայացնելով քարտեզը շեշտել է, որ թեպետ Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղը իր պետության մասնիկ, սակայն Արցախը վաղուց արդեն անկախ
հանրապետություն է` իր օրենքներով, իշխանությունով ու բանակով հանդերձ: Ի դեպ, ադրբեջական ԶԼՄ-ները շտապել են պարզաբանում ստանալ նաեւ Lifenews-ի գլխավոր խմբագիր ԱՆԱՏՈԼԻ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎԻՑ, ով, մեղմ ասած, տեղն է դրել նրանց` ասելով, որ Lifenews-ը ՌԴ պետական հեռուստաալիք «Ռոսիան» չէ, եւ իրենք որդեգրել են իրենց սկզբունքները` չճանաչված հանրապետությունները ներկայացնելով այն երկրի սահմաններում, որտեղ դե յուրե այն գտնվում է, ու դա վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ նաեւ Հարավային Օսեթիային ու Աբխազիային: Եվ, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցներում հիմնականում շահարկվում է այն թեման,
որ Lifenews-ի ղեկավարը ազգությամբ հայ ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է, ու սա է հիմնական «պատճառը», որ ծնվել է այս տեսանյութը: Սակայն, հակադարձելով վերոնշյալին` Ա. Սուլեյմանովը ընդգծել է. «Lifenews-ում աշխատում են նաեւ ադրբեջանցիներ: Եվ, ընդհանրապես, Արամ Աշոտովիչը շատ լավ տիրապետում է ադրբեջաներենին: Նա սիրում ու հարգում է ադրբեջանական մշակույթը, քանի որ ծնվել և մեծացել է Դերբենդում, որտեղ ապրում են ե՛ւ հայեր, ե՛ւ ադրբեջանցիներ: Այնպես որ, Ղարաբաղյան կոնֆլիկտը չի փոխել Գաբրիելյանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ եւ այն, որ հեռուստաալիքի ղեկավարը հայ է, եղանակ չի փոխում»:
Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել, անգամ տեսանյութը համարում է «Կրեմլի լրատվամիջոցների նոր սադրանքն` ընդդեմ Ադրբեջանի», որով կասկածի տակ է առնվում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Խ. ԳԱՋԻԵՎԸ հորդորել է ՌԴ համապատասխան պետական կառույցներին միջոցներ ձեռնարկել Lifenews-ի դեմ: Դե, իհարկե, մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը իսպառ բացակայում է, բնական է, որ իր արշինով պիտի չափեր նաեւ Ռուսաստանին ու նման հորդորով հանդես գար: Ինչեւէ, մեզ մնում է մեր ռուս գործընկերոջը անաչառ աշխատանքի եւ իրականությունը ներկայացնելու համար շնորհակալություն հայտնել եւ առաջարկել նյութն ընթերցողներին եւս մեկ անգամ դիտել աղմկահարույց տեսանյութը.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163325&l=am/