«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ 2016-ԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ»
Արխիվ 12-16
«ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ 2016-ԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ»
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար նախորդ տարին լի էր վայրիվերումներով ու ձեռքբերումներով: Թատրոնի ղեկավարները Նոր տարվա շնորհավորանքներից զատ, նորամուծություններ ու նոր պրեմիերաներ են խոստանում նաեւ 2016-ի ընթացքում:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «Անցնող տարին մեր թատրոնի համար լի էր ձեռքբերումներով եւ պրեմիերաներով: Վստահ ենք, որ նոր տարում նույնպես հանդիսատեսի դատին կհանձնենք նոր ներկայացումներ: Մենք գիտենք, որ հանդիսատեսի ակնկալիքները մեծ են հատկապես մեր թատրոնից եւ այս հանգամանքն էլ իր հերթին առավել պարտավորեցնող է: Ցանկանում եմ, որ Նոր տարին իսկապես լինի բարիքի եւ արվեստով լեցուն տարի: Մենք էլ մեր հերթին վստահեցնում ենք, որ նոր ու բարձրարժեք բեմադրություններով կներկայանանք՝ բարձր պահելով Հայաստանի գլխավոր թատրոնի անունը: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ. «Ամփոփելով 2015 թվականը` կարող եմ ասել, որ մեր թատրոնն ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ, նոր ներկայացումներ, սակայն չպետք է գոհանանք եղածով եւ վստահ եմ, որ նոր տարում կլինեն նոր ներկայացումներ: Ժամանակն է, որպեսզի 2016-ին խաչատրյանական Դիմակահանդեսը ներկայացվի մեր՝ օպերային թատրոնում եւ մենք այդ ուղղությամբ ամեն ինչ կանենք: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, մեր սիրելի հանդիսատեսին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով խաղաղություն եւ անսահման երջանկություն»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ. «Սիրելի, պաշտելի երկիր Հայաստան, շարունակիր անխախտ պահել խաղաղ կյանքդ: Թող Նոր տարին լինի բազում ձեռքբերումների եւ ստեղծագործական նվաճումների տարի մեր երկրում: Ցանկանում եմ, որ հետայսու նույնպես մեր երկրում հավերժ խաղաղ նոր տարիներ նշենք: Սերն ու բարիքը թող թեւածեն Հայաստան աշխարհում: Շնորհավոր Նոր տարի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163321&l=am/