Այլեւս չդիմանալով անմարդկային պայմաններին`14 տարեկան եզդի տղան վերջ է տվել կյանքին
Արխիվ 12-16
ԱՅԼԵՎՍ ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ`14 ՏԱՐԵԿԱՆ ԵԶԴԻ ՏՂԱՆ ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ
Շանգալի մղձավանջը շարունակվում է, թեպետ եզդի ազգի ցեղասպանությունից արդեն անցավ մեկուկես տարի: Այսօր Իրաքի` Շեյխանի շրջանի եզդիաբնակ Բաադեր գյուղում, ինքնասպան է եղել 14 տարեկան եզդի երեխա: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ, ՄԱԷ խմբի հայաստանյան ներկայացուցիչ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ: «Օրհան Հասանը Շանգալի ցեղասպանությունից մազապուրծ եղած երեխաներից է, ով նախ մի քանի օր լեռներում անցկացրեց, այնուհետեւ հարազատների հետ հաստատվել էր Բաադեր գյուղում` փախստականների ճամբարում: Տղային ինքնասպանության քայլի է դրդել ծանր վիճակը եւ ապրելակերպը: Այլեւս չդիմանալով անմարդկային պայմաններին եւ սարսափելի վիճակին` վերջ է տվել իր կյանքին` նախ կտրել է երակները, այնուհետեւ կախել իրեն», - ցավով նշեց Ռ. Ավդոյանն ու հավելեց. «Եզդիները սա արդեն երկրորդ տարին է, այնպիսի վիճակում են հայտնվել, որ բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերում եւ մահանում են` կա՛մ հիվանդության պատճառով, կա՛մ, ուղղակի, վերջ են տալիս իրենց կյանքին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163313&l=am/