Տարվա առաջին աշխատանքային օրը ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին
Արխիվ 12-16
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հունվարի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ ՄԱՔՍԻՄ ՍՈԿՈԼՈՎԻՆ:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ վարչապետը եւ ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն արձանագրել են հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը եւ պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում:
Առեւտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարեւորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը եւ պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:
Ի դեպ, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Վերին Լարսի անցակետում բեռների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպման գործընթացի արագացման խնդրին եւ քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163312&l=am/