Հովհաննես Մանուկյան. «ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ, ՇՏԿԵԼՈՒ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍՊԱՌՎԱԾ Է ԱՅՍՕՐ»
Արխիվ 12-16
Հովհաննես Մանուկյան. «ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ, ՇՏԿԵԼՈՒ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍՊԱՌՎԱԾ Է ԱՅՍՕՐ»
ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ժամեր առաջ հրապարակել է իր ընտանեկան տոնական լուսանկարն ու հղել իր ամանորյա բարեմաղթանքը, որում մասնավորապես ասված է.
«Անցնող տարվա վերջին օրը հաճախ մեզ զբաղեցնում ենք Նոր Տարվա պատրաստություններով, որ ժամանակ չունենանք ետ նայելու եւ մտաբերելու տարվա ընթացքում մեր առջեւ դրված նպատակներից քանիսը մնացին եւ որոնք իրականացան: Այդպես վարվելու պատճառներ ունի մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին, ինչպես նաեւ ողջ ազգն ընդհանրապես…
Ամեն տարի դեկտեմբերի վերջին ակտիվանում են Նոր Տարվա հնացած ձեւի վերաբերյալ դժգոհությունները: Մասնագետները ցուցանիշներ են ներկայացնում: ԶԼՄ-ները համեմատում են Հայաստանը տարբեր երկրների հետ` ի վնաս մեր սովորությունների եւ թեթեւ ապրել փորձելու ցանկության բացակայության: Ընտանիքների առավել երիտասարդները նիհիլիզմով են մոտենում հերթական ուտել-խմելու տոնին, բայց ամեն ինչ մնում է նույնը…
Կարծում եմ` ժամանակն է մեկընդմիշտ ընդունելու, որ լի ու առատ սեղաններով Ամանորը դիմավորելու ձեւը մեզ առանձնացնում է մյուսներից, սա էլ մեր յուրահատկությունն է, մեր դարավոր ու կոփված պատկերացումը կյանքի մասին, տարին ճանապարհելու պատշաճ եւ օրինակելի մոտեցումը՝ նորը ճոխությամբ սկսելու եւ այդպես շարունակելու ներքին մղումը:
Քննադատելու, շտկելու, ուղղություններ ցույց տալու ժամկետը սպառված է այսօր:
Մաղթում եմ բոլորիս ուրախ տոներ, փորձություններից հանճարեղ ելքեր գտնելու հնարամտության կրկնապատկում եւ ազգային յուրահատկություններն ընդունելու ու հպարտանալու քաջություն: Թող բոլորի ընտանիքներում իսկապես տոն լինի եւ խաղաղաություն…
Շնորհավոր Ամանոր…»: