ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ «ՍՏԱԺԱՎՈՐ ՁՄԵՌ ՊԱՊ Է»
Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ «ՍՏԱԺԱՎՈՐ ՁՄԵՌ ՊԱՊ Է»
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», 2015 թվականի վերջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով մշակութասեր հանրության հեռախոսազանգերի եւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերի միջոցով ամփոփեց մշակութային տարին` ըստ ոլորտային ուղղությունների` կինո, թատրոն, կերպարվեստ, մշակութային կրթություն, հոբելյաններ: Սակայն, մշակութային հարցերից զատ, հնչեցին նաեւ տոնական հարցեր` ուղղված մեր հյուրին:
- Պարոն Պողոսյան, երբեւէ Ձմեռ պապի դերում եղե՞լ եք: (ԳԱՅԱՆԵ, ք. Երեւան)
-Ես 1998 թվականից հայրիկ եմ եւ այդ տարվանից մինչ օրս, իհարկե, իմ երեք երեխաների համար Ձմեռ պապու դեր եմ կատարում: Իսկ մասսայական հանդիսության ժամանակ, եթե նկատի ունեք, մի անգամ եղել է: Ես դեռ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար էի, երբ ինձ հրավիրել էին մի դպրոց ու խնդրեցին, որ ես անձամբ լինեմ Ձմեռ պապը: Ես էլ մեծ սիրով ստանձնեցի այդ դերը:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ամանորի ճոխություններին:
- Աստված տա, որ այդ ճոխությունները մշտապես լինեն: Իհարկե, կցանկանամ, որ մեր բոլոր հայերի սեղանները ճոխությունից, ուղղակի, կոտրվեն: Բայց այսօրվա իրավիճակում, երբ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դա, ես մի քիչ ավելորդություն եմ համարում: Թող ամեն մարդ իր սեղանը զարդարի կամ ունենա այն ճոխությունը, ինչը կցանկանար, որ իր հարեւանն էլ ունենար: Եկեք այս տեսակետից դիտարկենք հարցը:
-Ամանորն ինչպե՞ս եք նշում` տանը` ընտանիքի հե՞տ, թե՞ նախընտրում եք տոնական ճանապարհորդության մեկնել: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)
- Անպայման տանն եմ անցկացնում, ինձ հաճելի բազմաթիվ հյուրեր եմ ունենում: Իհարկե, որոշակի պարտավորություններ ունեմ նաեւ իմ բարեկամներին այցելելու` հորաքրոջս, հորեղբայրներիս, քեռիներիս եւ այլն: Ես մի քիչ ավանդապահ մարդ եմ եւ որոշակի ավանդույթներ ունենք, որը միշտ պահում ենք ընտանիքում: Առաջին հերթին մենք Նոր տարվա շեմին բացում եւ կարդում ենք իրենց նամակները` գրված Ձմեռ պապին, չնայած ես այդ նամակների բովանդակությունը, բնականաբար, արդեն իմացած եմ լինում եւ Ձմեռ պապն արդեն որոշակի նվերներ պատրաստած է լինում: Բայց մենք բացում ենք, կարդում ենք այդ նամակները եւ հանկարծ ժամը 24:00-ին այդ նվերները հայտնվում են: Բացի այս շատ կարեւոր միջոցառումից, երբ ծնողներս ողջ էին, մենք անպայման նստում էինք սեղանի շուրջ, եւ հայրս բաժակաճառ էր ասում` փորձելով նախանշել, թե հաջորդ տարի մենք ինչի պետք է հասնենք ընտանիոք հանդերձ: Հիմա այդ դերը ես եմ վերցրել ինձ վրա եւ երեխաների հետ միասին քննարկում ենք նոր տարվա սպասվելիք ձեռքբերումները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163217&l=am/