«Ամանորին ընդառաջ»` առանց ոխակալության եւ քինախնդրության, խանդի եւ նախանձի, դավաճանության եւ ստի
Արխիվ 12-16
«ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»` ԱՌԱՆՑ ՈԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԻՆԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ, ԽԱՆԴԻ ԵՎ ՆԱԽԱՆՁԻ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԻ
Արդեն 6 տարի է, ինչ aad.am կայքի նախաձեռնությամբ Ամանորի նախօրեին նվերներ եւ սննդի ծանրոցներ են ուղարկվում ՀՀ տարբեր բնակավայրերի, հատկապես սահմանամերձ գյուղերի կարիքավոր ընտանիքներին: Կայքի հիմնադիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ հանդիպեցինք բավականին ուշ, քանի որ ամբողջ օրվա ընթացքում նվերների փաթեթավորմամբ ու պարենային ապրանքների գնման գործերով էին զբաղված:
-Պրն Խուրշուդյան, ամանորյա հրաշք եք ստեղծում, թե՞ սպասում եք հրաշքների:
- Իսկ հրաշքներ կա՞ն. ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում, դիվերսիոն հարձակումներում, սիրիական ստեղծված թնջուկում հրաշքներ կա՞ն: Մերժում եմ սպասումը, այն էլ, որ հավատամ, թե իր հետ հրաշք է բերելու: Դրա փոխարեն մենք` հայերս, մեզանից յուրաքանչյուրը պետք է ստեղծի հրաշքներ, յուրաքանչյուր փոքրիկի ժպիտը մեզանից ինչ-որ մեկի ստեղծած հրաշքը պետք է դառնա: Հենց դա է պատճառ դարձել, որ արդեն 6 տարի է, ինչ նախաձեռնում ենք «Ամանորին ընդառաջ» բարեգործական ծրագիրը, որի ընթացքում հարյուրավոր նվերներ ենք հանձնում Հայաստանի կարիքավոր ընտանիքներին: Տարին տարվա վրա ընդլայնվում է մեր գործունեությունը եւ սոցիալական խնդիր, ծրագիր լուծելուց բացի, մենք ի դեմս այդ ընտանիքների` ձեռք ենք բերում նոր բարեկամներ, մարդիկ, ովքեր աշխատասեր են, փորձում են իրենք ինչ-որ կերպ փոխել իրենց կենսակերպը, մարդիկ, ովքեր զուրկ են շատ հնարավորություններից, սակայն չեն կոտրվում, չեն լքում Հայրենիքը եւ պատրաստ են ցանկացած վտանգի դեպքում պահել իրենց երկիրը: Իսկ այս ամենը հրաշքներ ստեղծելու հիմքերն են, որը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասնիկը, որով էլ մենք ենք ապրում՝ փորձելով սփոփել եւ ուժ տալ մեր հայրենակիցներին:
-Ովքե՞ր են միացել Ձեզ այս տարվա «Ամանորին ընդառաջ» ծրագիրը կյանքի կոչելուն:
- Ինչպես ամեն տարի, այս տարի եւս մենք միջոցառումը կազմակերպում ենք մեր ընկերների հետ համատեղ: Այս տարի մեզ միացան բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը, Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա հայկական դպրոցը՝ տնօրեն Էլիզա Աթադջյանը, Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, ամերիկահայ գործարար Դավիթ Գեւորգյանը, իրավապաշտպան Նարե Արամյանը, դերասան, բոդիբիլդեր-մարզիչ Ռուբեն Հակոբյանը եւ այլ անհատներ, կազմակերպություններ: Բոլորից անչափ շնորհակալ ենք… Միշտ նշում եմ` թող այդ հարյուրավոր ընտանիքների եւ հազարավոր մարդկանց օրհնանքները հեղեղվեն Ձեր ընտանիքներում եւ Աստծո կամոք միշտ հաջողություններ գրանցեք Ձեր կյանքում: Կարծում եմ` սա լավագույն պատասխանն է, որ կարող է ստանալ ցանկացած մարդ, ով ցանկանում է անշահախնդիր բարի գործ անել եւ բարեգործությամբ զբաղվել:
-Դուք ի՞նչ եք ցանկանում Ձմեռ Պապից:
- Փոքր տարիքից էլ Ձմեռ Պապիկից բան չեմ ուզել, քանի որ միշտ էլ չեմ հավատացել նրա գոյությանը: Ցանկություններ կամ շնորհակալական խոսքեր ուղղում եմ Աստծուն: Մշտապես խոսում եմ Աստծո հետ եւ փորձում եմ ավելի շատ շնորհակալություն հայտնել, քան ինչ-որ բան ցանկանալ: Շնորհակալ եմ, որ անցնող տարում ընտանիքս առողջ պահեց, տխրության պահեր ավելի քիչ ունեցանք, շնորհակալ եմ, որ ընկերներս առավել շատ հաջողություններ ու վերելքներ գրանցեցին: Իսկ ցանկություններս ավելի գլոբալ բնույթ են կրում, ցանկանում եմ երկիրս խաղաղության մեջ ապրի, մի քիչ «շունչ» քաշենք, մեր զինվորները առողջ իրենց օջախներին հասնեն: Ցանկանում եմ նաեւ, որ երկնային բարությունը իշխի մեր սրտերին, հեզությունը, փոխադարձ հարգանքն ու սերը, նվիրվածությունն ու հույզերը դրական ու ոգեշնչող ներգործություն ունենան, ամեն ինչ իսկապես փոխադարձ լինի, առանց ոխակալության եւ քինախնդրության, խանդի եւ նախանձի, դավաճանության եւ ստի:
-Որտե՞ղ եք դուք դիմավորելու Ամանորը:
- Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, այնուհետեւ անակնկալ եմ պատրաստել ընկերներիս համար եւ մինչեւ լուսաբաց ինձ շատ հարազատ մարդկանց կտեղափոխեմ այնպիսի մի վայր, որը հիրավի արժանի է հրաշք կոչվելուն: Այնպես, որ հավատարիմ լինելով վերը նշածիս` հրաշքները պետք է մենք ստեղծենք եւ ինքներս էլ մեծ բավականություն ստանանք մեր ստեղծած հրաշքներով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163215&l=am/