Բյուջետային տարին փակվել է, ու ֆինանսների փոխնախարարը չի հասցրել նամակ գրել Ձմեռ պապին
Արխիվ 12-16
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՓԱԿՎԵԼ Է, ՈՒ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՀԱՍՑՐԵԼ ՆԱՄԱԿ ԳՐԵԼ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԸ գործադիրի նիստից հետո ամանորյա տրամադրությամբ բավական երկար շփվեց լրագրողներիս հետ: Իհարկե, զրույցը ծավալվեց նաեւ տոնական հարցերի շուրջ:
– Պարոն փոխնախարար, ի՞նչ կենացներ են հնչում Ձեր տոնական սեղանին:
– Բյուջեի կատարողականի կետերի հետ կապված... (ծիծաղում է-հեղինակ): Իհարկե, հայկական, ավանդական կենացներ, բայց ես այն տարիքում չեմ, որ հիմիկվանից պլանավորեմ, թե ինչ կենացներ պետք է լինեն:
– Ձմեռ պապից ի՞նչ եք ուզել այս տարի:
– Ինձ թվում է` Ձմեռ պապից արդեն ուշ է ինչ-որ բան ուզել, որովհետեւ մինչեւ դեկտեմբերի 31-ը պիտի գա: Եվ մինչեւ հիմա մտածեմ, թե ինչ եմ ուզում Ձմեռ պապից, չի հասցնի բերի, եւ քանի որ բյուջետային տարին փակվում է, մնում է 2017 թվականի համար մտածեմ:
– Իսկ Ձեր թոռնիկը նամակ գրե՞լ է Ձմեռ պապին:
– Մի թոռնիկ ունեմ, որը դեռեւս մեկ տարեկան երեք ամսական է: Ձմեռ պապին ինչ-որ բերում է, ինքն ուրախանում է դրանով ու պահանջներ չի ներկայացնում:
– Իսկ Ձեր կինն ի՞նչ է ուզել Ձմեռ պապից:
– Չի համաձայնեցրել ինձ հետ:
– Վերադառնալով առավել լուրջ հարցի, որը ֆինանսական միջոցներին է վերաբերում, կասե՞ք ինչպես ենք փակում եռամսյակը:
– Փակում ենք սպասումով, տեսնենք ինչպես կլինի: Մենք սոցիալական ծախսերի առումով որեւէ խնդիր չենք ունենա, բայց պետական բյուջեի հարկային եկամուտների մասով կունենանք շեղում:
– Ինչո՞վ է պայմանավորված եւ ի՞նչ չափի շեղման մասին է խոսքը:
– Բավարարվեք նրանով, որ ես ասացի շեղում կա: Մեկ շաբաթ հետո կոնկրետ թիվը կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163207&l=am/