«ԱՐՍԵՆՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԱՆՅԱ՞Կ Ա»
Արխիվ 12-16
«ԱՐՍԵՆՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԱՆՅԱ՞Կ Ա»
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագծի քննարկման ժամանակ երեկ, ինչպես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կասեր, բոցաշունչ, բայց եւ անկեղծ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Ըստ պատգամավորի, Երեւանում կան ճանապարհային երթեւեկության համար վատ փողոցներ, որոնք նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար: «Երեկ երեկոյան տուն էի գնում ու պատահական տեսա, որ փոս է, դրա մեջ գործ են անում: Չկար համապատասխան լուսավորություն, չկար համապատասխան ազդանշան, որ ասեր` ընկե՛ր, զգո՛ւյշ գնա, փոս է, կընկնես մեջը ու էդ մեջը գտնվող մարդուն կվնասես... Երեւի, Երեւանի վարորդները արծվի տեսողություն ունեն, հեռվից պետք է տեսնեն»,- շեշտեց Գ. Արսենյանն ու հավելեց. «Իմ վրա էնքան ակտ ա գալիս, որ պարզապես հնարավոր չի պատկերացնել: Իմ մեքենաները բոլորն իմ անունով են` իմ զավակների քշած մեքենաները, իմ ծառայության մեքենաները, ու մի միամիտ մարդ, որ նայեր` առանց պատկերացնելու պիտի մտածեր, որ Արսենյանը ճանապարհային մանյակ ա, դուրս ա գալիս տնից` միայն խախտումներ անելու համար: Ակտեր են գալիս, որ պարզել են, թե ես խախտում եմ արել, մինչդեռ այդ ժամանակ ԱՄՆ-ում եմ եղել, իսկ խախտումն արել են ինձ պատկանող մեքենայով»:
Հաշվի առնելով այս խնդիրները` Գ. Արսենյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, որ իր ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը եւ արդյունքում այսօր ունենք վերոնշյալ օրինագիծը, որն էլ երեկ ընդունվեց` երկրորդ ընթերցմամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163118&l=am/