ԱՄՆ-ը կարող է վիզային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ
Արխիվ 12-16
ԱՄՆ-ը կարող է վիզային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քրիս Սմիթը օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել, որով առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում «մարդու իրավունքների սասրափելի խախտումների հետ»:
Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսականը օրինագիծը ներկայացրել է դեկտեմբերի 16-ին, որը կոչվում է «2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»:
«Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը լրջորեն վատթարացել է, որի հետեւանքով վատացել են Բաքվի հարաբերություններն ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ: Այն վնասում է նաեւ սեփական հասարակությանը, որի ակտիվ ու պայծառ քաղաքացիներից շատերը բանտերն են նետվում: Եկել է հստակ ազդակ հաղորդելու ժամանակը»,-ասել է Սմիթը Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, որը նվիրված էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Հադիջա Իսմայլովայի հետաքննության դեպքին:
Իսմայլովայի ազատազրկումը դատապարտել են բազմաթիվ արեւմտյան պաշտոնյաներ եւ միջազգային իրավապաշտպան կառույցներ:
«ԱՄՆ-ը այլեւս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի խախտումների նկատմամբ»,-ընդգծել է Սմիթը, որը Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է:
Օրինագիծը վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաներին:
Նշվում է, որ այս տարի Բաքվի իշխանությունները ազատազրկել են մի քանի լրագրողների ու իրավապաշտպանների հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, նաեւ խուլիգանության հոդվածներով:
Սմիթը նշել է, որ այս օրինագծով ամերիկյան մուտքի թույլտվությունից անմիջապես կզրկվեն «Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները»: Դրանք այն պաշտոնյաներն են, որոնք մասնակից են եղել լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմադիր ու կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին:
Բացառություն կկազմեն այն պաշտոնյաները, որոնք ԱՄՆ պիտի այցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակցելու նպատակով:
Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատունը չի արձագանքել ու որեւէ կերպ չի մեկնաբանել այս օրենսդրական նախաձեռնությունը:
https://iravunk.com/sim/?p=162993&l=am/