ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԱԺ-ՈՒՄ
Արխիվ 12-16
ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԱԺ-ՈՒՄ
Օրերս հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ ԱԺ-ում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այս օրերին խորհրդարանում ոչ ադեկվատ պահվածքին ի պատասխան, քանի որ բոլոր տեսակի զգուշացումներն ու հորդորներն այլեւս անզոր են, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը որոշեց ԱԺ ամբիոնից պատասխանել` Նարեկացի ընթերցելով: Չուշացավ նաեւ պատասխանը. Զ. Փոստանջյանը հայտնվեց ԱԺ ամբիոնի մոտ` Ռափայել Պատկանյանի «Վարդապետարան» ստեղծագործությամբ, ինչը բավական դժվարությամբ, բայց ընթերցեց մինչեւ վերջ: Հետ չմնալով գործընկերներից` մի քառյակ էլ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արտասանեց: Քաղաքական թիվ մեկ ամբիոնի գրական շրջադարձի մասին, «Իրավունքը» զրուցեց գրականության մեջ մասնագիտացած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ: Ի դեպ, Տ. Վարդապետյանը եղել է նաեւ գրական տարբեր մրցույթների ժյուրիի կազմում, ուստի` նախեւառաջ խնդրեցինք գնահատել գործընկերների ընտրած բանաստեղծություններն ու ասմունքը.
– Բոլոր դեպքերում բարձր եմ գնահատում, որովհետեւ ես այն անբեկան կարծիքին եմ, որ անգամ քաղաքական ասելիքը այս քաղաքական ամենաբարձր ամբիոնից, երբ բանաստեղծությամբ է համեմվում, մեջբերվում, ողջունելի է: Չասեք, թե կողմնակալ դիրքորոշում եմ հայտնում, բայց առավել եւս, երբ Նարեկացի է մեջբերվում` ի պատիվ Ռուզաննա Մուրադյանի, սա ինքնըստինքյան ձեռքբերում է: Հետո, եթե դուք հետեւում եք, սա ոչ միայն մեզ մոտ է, այլեւ աշխարհում, անգամ Ռուսաստանի Պետդումայում կան այսպիսի մոտեցումներ: Եվ մեզ մոտ էլ, կարծես թե, գնալով ավանդույթ է դառնում` անպայման բանաստեղծական մեջբերումներով գեղեցկացնել քաղաքական ասելիքը: Ես երկու ձեռքով դրա կողմնակիցն եմ եւ երկրպագուն այդ իրողության: Եթե քաղաքական վիրավորանքները բանաստեղծական մեջբերումներով է փոխարինվում, նվաճում է: Հատկապես, երբ մենք հաջորդ խորհրդարանը ակնկալում ենք տեսնել գրագետ մարդկանց ներկայությամբ` իրենց գրագիտության ձեռքբերումներով, սա հրաշալի նախադեպ է այդ ճանապարհին: Եվ վերջապես` խոստովանեմ, որ բոլոր մեջբերումներն էլ հետաքրքիր էին, իսկ Նարեկացին` անզուգական: Ի դեպ, ես քնելուց առաջ Նարեկացի եմ լսում...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162992&l=am/