ԿԱՐՄԻՐ ԳԾԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԵԼ է ԲԱԶՄԱԹԻՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
Արխիվ 12-16
ԿԱՐՄԻՐ ԳԾԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԵԼ է ԲԱԶՄԱԹԻՎ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով`Հայաստանում օրեցօր ավելացող կարմիր գծանշանները շարունակում են անհանգստություն պատճառել վարորդներին: Ըստ նրա, մեքենա ունեցող յուրաքանչյուր ոք վճարում է գույքահարկ, ինչը ենթադրում է, որ տվյալ վարորդը Հայաստանի տարածքում, ցանկացած վայրում, բացի հատուկ կայանատեղերից, կարող է կայանել մեքենան.«Կան վարորդներ, որ վճարում են 150 հազար դրամ գույքարակ, դրա հետ մեկտեղ էլ վճարում կարմիր գծանշանների համար: Մեր հայրերի ու պապերի կառուցած փողոցների վրա գծանշաններ են արել ու մարդկանց տուգանում են: Մենք ունենք բավականչափ դիմում-բողոքներ, մյուս տարի կսկսենք զբաղվել դրանցով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մ. Հակոբյանը եւ հավելեց, որ խնդիրը պատկան մարմիններին ներկայացնելու համար հաջորդ տարի կհանդիպի ՀՀ ոստիկանապետի հետ:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը տեղեկացրեց, որ նույն իրավիճակն է նաեւ ճանապարհների տարբեր հատվածներում տեղադրված լուսանկարահանող սարքերի հետ.«Ենթադրենք մարդը սխալ է կատարել, մեքենայի արագությունը որոշ չափով գերազանցել է, բայց վթարային իրավիճակ չի ստեղծել: Դրա համար ինչո՞ւ նա պետք է տուգանվի 20-40 հազար դրամով: Որտեղից են վերցրել այդ թվերը: Նման ցածր աշխատավարձով, այն էլ այսպիսի աղքատ երկրում, իրավունք ունե՞նք եվրոպական չափանիշներով առաջնորդվել: Առաջարկեցի ստուգայց կատարել, որից հետո սկսեցին հաճախակի նկարահանել մեր ասոցիացիայի մեքենան եւ մեզ ուղարկել տուգանքները: Սա ուղղակի աբսուրդ է, որը պետք է ստանա իր լուծումը»,-փաստեց Մ. Հակոբյանը: Նա ցավով ընդգծեց, որ այս տուգանքներից գոյացած գումարը գնում է ոչ թե պետական բյուջե, այլ անհատների գրապանները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162990&l=am/