ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ «ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ» ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ «ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ» ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՃԻՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից այսօր լրագրողները տեղեկացան, որ նա միացել է ՀԱԿ-ի ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրության հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով: 27 պատգամավորի ստորագրություն հավաքելու դեպքում ընդդիմադիր խմբակցությունը կկարողանա Սահմանադրական դատարանում վիճարկել հանրաքվեի արդյունքները: Համարում եմ` առողջ գործընթաց է ՍԴ դիմելը: Կա լեգիտիմության իսպառ բացակայություն: Իշխանությունը պետք է փարատի մեր կասկածները կամ ժողովրդի հորդորին եւ նոր քվեարկություն սկսի:
Սահմանադրությանը «այո» քվեարկած Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցին` արդյոք ՀԱԿ-ի հնարավորությունը հավասար չէ զրոյի, պատգամավորն ասաց. «Միգուցե: Բայց ինչպես ասում են` կրկին փորձիր: Այնքան փորձել, որ հաջողության հասնենք»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը սահմանադրական հանրաքվեի արդյունքերի մասին օրենսդիր մարմնի անդամը համարեց խորապես մտահոգված բարեկամի հայտարարություն:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե դեսպանի հայտարարությունը հանրային որոշ շրջանակներ համարեցին միջամտություն Հայաստանի ներքին գործերին, պատգամավորն այսպես պատասխանեց. «Լավ է անում` միջամտում է: ԱՄՆ դեսպանը ՀՀ-ում հավատարմագրված է, կարող է խոսել ամեն ինչից`թե՛ մեր պրոբլեմներից, թե՛ առաջընթացից: Ինչի մոնոպոլիա կա, որ մի դեսպան ամբախ-զամբախ կարող է խոսել ամեն ինչից, իսկ մեկը ոչ»:
Ինչու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր չեն միանում ՀԱԿ-ի նախաձեռնությանը, Ա. Արզումանյանի խոսքով` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այլ չիշխանություն կամ կիսաիշխանություն:
Հ.Գ. Հետաքրքիր է, եթե նման «մտահոգ» հայտարարություն աներ ՀՀ-ում հավատարմագրված ՌԴ դեսպանը, արդյոք արեւմտամետ Ալեքսանդր Արզումանյանը կողջուներ այն: Երկրորդ` ՀՀ-ում մինչ սահմանադրական հանրաքվեն եղել են ընտրական այլ գործընթացներ, բայց չգիտես ինչու, ԱՄՆ-ն այսպիսի «բարեկամական» գնահատական չէր հնչեցնում: Երրորդ` եթե անգամ դեսպանի հայտարարությանը աստվածային ճշմարտություն է, ընտրակեղծարարներին պատժելն ու ընտրական գործընթացները բարելավելը միայն ՀՀ իշխանության ու հանրության ներքին խնդիրն է, ուստի ցանկացած այսպիսի «սրտաճմլիկ» հայտարարությունը ընկալվում է ոչ այլ ինչ, քան քիթը խոթել Հայաստանի ներքին գործերին:
Ի դեպ, նախկին ԱԳ նախարարը ԱԳՆ ղեկավարել է 1996-1998 թթ-ին` ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ հանրության զգալի հատվածը նախագահական ընտրություննեըը համարում էր կեղծված: Փաստորեն, նախագահական կեղծված ընտրությունների վրա կարելի է աչք փակել, իսկ կեղծված սահմանադրությանը` ո՞չ: Եվ եթե այն ժամանակ էլ որոշ դեսպաններ կեղծիքների մասին կոչեր հնչեցնեին, պարո'ն Արզումանյան, Դուք կրկին կասեիք` լա՞վ են անում: Կասկածում ենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ