«Բոլոր հայտարարությունները պետք չէ հալած յուղի տեղ ընդունել»
Արխիվ 12-16
«ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ԸՆԴՈՒՆԵԼ»
Ավարտվեց սահամանադրական հանրաքվեն` հետեւում թողնելով «այո» եւ «ոչ»-ի բանավեճերը, ռեալիթի շոուներն, իրար խայթելն ու բովանդակային քննարկումները: Սակայն, բնականաբար, պարտվող կողմը առ այսօր շարունակում է փոքր խմբերով իր «ոչ»-ի երգը երգել, մինչդեռ հենց ընդդիմության ներկայացուցիչներն արձանագրում են, որ, ընդհանուր առմամբ, հանրաքվեն կայացած է, ինչի մասին նշեց ԱԺ ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ու ամփոփելով հանրաքվեն` անդրադարձավ ընտրության ընթացքում եւ դրանից հետո տարածված լուրերին, ասեկոսեներին եւ ՀՅԴ-ի հետագա անելիքներին:
«ՊԱՐՏՎՈՂՆ ԱՍԵԼՈՒ Է` ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»
–Պարոն Ռուստամյան, թեպետ բավական խոսուն թվերով հաղթեց «այո»-ն, սակայն «ոչ»-ի կողմնակիցները պնդում են, որ արդյունքները կեղծված են, ի՞նչ կասեք այս մասին:
– Արդյունքների նկատմամբ այս մոտեցումը գալիս է ընդհանրապես ընտրական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից, որը տարիների ընթացքում կուտակվել է: Եվ որեւէ մեկը, ով այդ անվստահությունն ունի, չի պատրաստվում իր տեսակետը փոխել, մանավանդ, եթե այդ արդյունքներն իրենց ձեռնտու չեն: Բոլոր ընտրությունների, բոլոր հանրաքվեների ժամանակ էլ այդպես է եղել: Պարզապես, մենք ունենք հիվանդ, արատավոր ընտրական համակարգ եւ դրա համար էլ ուզում ենք փոխել այն: Այս խոսակցություններն անվերջ են լինելու: Եվ քանի դեռ չկա հստակ մեխանիզմ արձանագրելու կեղծիքների ծավալը, պարտվողն ասելու է` չեմ ընդունում արդյունքները, հաղթողն էլ հակադարձելու է:
– Ամեն դեպքում, մի շարք լրատվամիջոցներ եւ որոշ քաղաքական ուժեր դեռ հանրաքվեն չավարտված` գրեցին տարբեր ընտրակեղծիքների մասին: Ըստ Ձեզ, որքանո՞վ էր սա համապատասխանում իրականությանը:
– Նույն այդ ԶԼՄ-ների ներկայացրած տարբեր հայտարարություններից հետո ստուգումներ են եղել, ու պարզվել է, որ սխալ է: Ընդհանրապես, բոլոր հայտարարարությունները պետք չէ հալած յուղի տեղ ընդունել` իբրեւ կատարված, ապացուցված փաստ: Եթե հայտարարում են, որ ընտրակաշառք է բաժանվել, պետք է ապացուցեն: Եվ ամենակարեւորը` այո, լինում են կեղծիքներ, բայց արձանագրվա՞ծ է արդյոք կեղծիքների այն ծավալը, որ մեզ հնարավորություն տա ասել, թե հանրաքվեի արդյունքների վրա այն կարող է ազդել: Այդպիսի ծավալի արձանագրում գոյություն չունի:
«ՉԵՄ ՏԵՍԵԼ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԵԾԵԼՈՎ ԲԵՐԵԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ»
–Հետաքրքիր է` ընտրատեղամասերի հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամների կողմից որեւէ ընտրախախտում արձանագրվե՞լ է:
– Հանրաքվեի ընթացքում եղել են այդպիսի ահազանգեր, եւ կանխվել են դրանք, ու վերացվել են հետեւանքները: Ինքներս բողոք չենք ներկայացրել, իսկ այն, ինչ որ այսօր հայտարարվում է տարբեր կողմերից, պետք է անպայման մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել, եւ մենք էլ ենք հետեւելու, որ այդ գործընթացները գնան: Իսկապես, ով մեղավոր է, պետք է պատժվի` անկախ ամեն ինչից:
– Բայց «ոչ»-ի կողմնակիցների երեւակայությունը հասել է նրան, որ հայտարարում են, թե ընտրատեղամասերում նույնիսկ ահաբեկում էին:
– Վախի մթնոլորտի մասին մենք չենք լսել ընդհանրապես: Հորինված բան է, ես չեմ տեսել, որ մարդկանց ծեծելով բերեին քվեարկության:
«ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԻՆՉ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎՈՒՄ»
–Հանրաքվեի արդյունքում քիչ չէին նաեւ անվավեր ճանաչված քվեաթերթիկները, որոնք պատռել էին, ինչպես «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ վրան ինչ-որ գրություն թողել: Սա ընդվզման տարբերա՞կ է, թե արկածախնդրություն:
– Քվեաթերթիկ պատռելն իր քաղաքական դիրքորոշումն է, չնայած չեմ հասկանում ինչ տրամաբանությամբ է արվում: Բայց կար նաեւ մի զանգված, որը, պարզապես, իր ընդվզումն արտահայտելու համար քվեաթերթիկի վրա ինչ-որ բաներ էր գրում` առանց հասկանալու, որ դրանով անվավեր է դարձնում իր քվեարկությունը: Այնուամենայնիվ, ես այդ մարդկանց էլ եմ ողջունում եւ ուրախ եմ, որ ունենք այդպիսի քաղաքացիներ, որոնք առիթն օգտագործում են իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար: Այդքանն են կարողանում, այդպես են անում, վատ նշան չի:
– Որքան էլ «ոչ»-ի կողմնակիցները չեն ուզում ընդունել, բայց հանրաքվեի պաշտոնական արդյունքներով նաեւ բավական պատկառելի «ոչ» քվեարկողների քանակ կար: Ի՞նչ կարելի է եզրակացնել սրանից:
– Իսկապես, իշխանությունները պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկեն, որովհետեւ սա նշանակում է, որ մարդիկ բողոքում են, ու այդ դժգոհությունը տեղափոխվում է սահմանադրական նախագծի վրա, եւ ով «ոչ» է ասել, ամենեւին էլ դա ուղղված չէ նախագծին: Իհարկե, սահմանադրությունը շատ դժգոհություններին իր լուծումները կտա, բայց պետք է լինեն քաղաքական կամքի հստակ դրսեւորումներ, որովհետեւ կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
«ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՁ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
–Ի դեպ, այդ դժգոհ զանգվածը նաեւ թիրախավորել է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ովքեր կողմնակից էին այս հանրաքվեի ընդունմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կուսակցության հասցեին հնչած հայտարարություններին:
– Այդ ասողների նպատակը շատ հստակ է` ստվեր գցել ամեն ինչի վրա, որովհետեւ համարում են, որ այս երկրում մենակ իրենք են ճիշտ լուծումներ առաջարկում, ժողովրդին ճիշտ ուղղությամբ տանում, եւ իրենցից բացի ոչ մեկն իրավունք չունի ընդհանրապես ճշմարտացի լինել: Այդ մարդկանց մենք վաղուց ենք տեսել, ու նման հայտարարություններն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում եւ չեմ էլ ուզում մեկնաբանել:
– Այսօր երբ արդեն սահմանադրական փոփոխությունները կատարված են, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի իշխանության հետ:
– Հազարերորդ անգամ կրկնում եմ` Դաշնակցությունը հռչակել է իր սկզբնունքներն ու նպատակները: Եթե այդ նպատակների հետ համագործակցություն կլինի, կոալիցիա կկազմենք, որովհետեւ ուզում ենք ժողովրդի բարձրացրած բոլոր հարցերը լուծել, ինչի մասին միշտ խոսում է Դաշնակցությունը: Իսկ հակառակ պարագայում, մենք անընդհատ գտնվելու ենք այս մղձավանջի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162834&l=am/