ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՓՈՔՐ-ԻՆՉ «ԽԵԼՈՔԱՑԱՎ»
Արխիվ 12-16
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՓՈՔՐ-ԻՆՉ «ԽԵԼՈՔԱՑԱՎ»
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են եւ պետք է լիարժեք հետաքննվեն` համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են եւ լեգիտիմ: Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն:
Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաեւ կառավարության եւ Ազգային ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ձեւավորման ընթացքում` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները` ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ եւ ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում»:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ շաբաթվա` դեսպան Միլսի հնչեցրած շանտաժային հայտարարությունների ու գնահատականների, այս անգամ տոնայնությունը մեղմվել է: ԱՄՆ-ն, ըստ էության, իրեն իրավունք չի վերապահում գնահատել հանրաքվեի լեգիտիմությունը, այլ «բարեկամաբար» խորհուրդ է տալիս անցկացնել խախտումների թափացիկ հետաքննություն, որպեսզի փարատվեն ժողովրդի կասկածները:
Այնուամենայնիվ, «քեռի Սեմը» իրեն թույլ է տալիս թելադրել, թե ինչպիսին պետք է լինի ընտրական օրենսգիրքը, որն ըստ իրենց պետք է կազմվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա: Սակայն աշխարհում կա հանրահայտ իրողություն` վերը հիշատակված հիմնարկության խորհուրդներով առաջնորդվելը, որպես կանոն, ոչ թե նպաստում է հանրության վստահությանը ընտրությունների նկատմամբ, այլ ընդհակառակը` ծայրահեղորեն սրում է անվստահությունը եւ ստեղծում հիմքեր «նարնջագույն» ընդվզումների համար:
Ինչեւէ, դրական է այն փաստը, որ ԱՄՆ-ն արդեն ամբողջովին հաշտվել է այն իրողության հետ, որ մեզանում վերացվել է պառակտումների բերող կոնֆլիկտոգեն ուղղակի նախագահական ընտրությունների ինստիտուտը:
Ա. ԱՐԱՄՅԱՆ