ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԲԱՐՈՅԱԲԱՆ ՉԵՄ, ՈՐ ԽՈՍԵՄ»
Արխիվ 12-16
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ. «ԵՍ ԲԱՐՈՅԱԲԱՆ ՉԵՄ, ՈՐ ԽՈՍԵՄ»
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր դեկտեմբերի վեցին տեղի ունեցած հանրաքվեի մասին հայտարարություն է տարածել: Քոչարյանի գրասենյակի հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»:
Քոչարյանի ընդդիմախոսներն արդեն ֆեյսբուքյան մակարդակով անմիջապես հիշեցին նրա ղեկավարման տարիներին տեղի ունեցած ընտրախախտումներն ու հարցնում` բարոյական ի՞նչ իրավունք ունի Քոչարյանն իր կողմից մատնանշված երեւույթների մասին խոսել:
«Իրավունք»-ն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց` ինչ արձագանք կտա Քոչարյանի այս հայտարարությանը, արդյոք նա բարոյական իրավունք ունի այս մասին խոսել:
- Ես հո բարոյաբան չեմ, որ խոսեմ: Չեմ արձագանքի այդ հայտարարությանը, ինչ գործ ունեմ: Դու հարցնո՞ւմ ես Քոչարյանին` Բագրատյանի հայտարարությանը ո՞նց կարձագանքես:
- Եթե ունենանք այդ հնարավորությունը անպայման կհարցնենք:
- Դե գնա հարցրու:
- Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ընտրախախտումներ, լցոնումներ չե՞ն եղել:
- Դե, եսիմ: Բա բողոքում էինք, բա ինչ էինք անում, մենք էլ էինք բողոքում չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ