ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵ՞Ջ ՆԵՐՔԱՇԵԼ
Արխիվ 12-16
ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵ՞Ջ ՆԵՐՔԱՇԵԼ
Ռուսական ՍՈւ-24-ի ոչնչացումից անմիջապես հետո առիթ ունեցանք նման տեսակետ ներկայացնել, որ Էրդողանը հազիվ թե «առյուծի սիրտ էր կերել», որ նման հրաման տար: Այսինքն՝ կա՛մ հրամանը թուրքական սուլթանից չէր գալիս, կա՛մ էլ Էրդողանն իր թիկունքին զգում էր համապատասխան աջակցություն:
ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐ ՔԵՖՈՎ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺԵԼ
Ամեն դեպքում փաստ է, որ Էրդողանը նման աջակցություն ստացավ: Բայց նաեւ՝ Վաշինգտոնը միաժամանակ ընդգծում է, թե թուրքերը ռուսական ինքնաթիռը ոչնչացրել են Սիրիայի երկնքում: Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը դեռ Էրդողանի անվան հետ չկապելով, սկսել է ընդունել նաեւ, որ «Իսլամական պետությունը» ¥ԻՊ¤ նավթի որոշակի ապօրինի խմբաքանակներ է մտցնում Թուրքիա: Իսկ դա նշանակում է, որ այդ երկու գերաղմկոտ դրվագով էլ Վաշինգտոնը բավականին ծանր սուր է կախել Էրդողանի գլխին՝ սպառնալով ցանկացած պահի ընդունել, որ նա սերտ կապերի մեջ է ԻՊ-ի հետ: Արդյունքում՝ կարելի է միանշանակ ասել, որ իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում բացարձակ ինքնիշխանության ձգտող Էրդողանն այսօր հայտնվել է ոտքով-գլխով Վաշինգտոնից կախված վիճակում:
Եվ ահա՝ այս ծանր վիճակում գտնվող Էրդողանն օրերս ցամաքային զորքեր մտցրեց Իրաքի տարածք: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա համարվում է որպես ռազմական ներխուժում: Նման օպերացիայի համար չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ¥ԱԽ¤ թույլտվությունը, իսկ ԱԽ-ն երեկ Ռուսաստանի պահանջով` Թուրքիայի այդ քայլի հետ կապված, նիստ հրավիրեց: Բաղդադն էլ ոչ միայն թուրքական զորքին իր երկիր չի հրավիրել, այլ նույնիսկ Անկարային վերջնագիր է ներկայացրել, որի ժամկետն, ի դեպ, երեկ լրացավ: Իրավունքից զատ էլ՝ Իրաքում պաշտոնապես ԻՊ-ի դեմ պատերազմում է միայն ամերիկյան կոալիցիան, որի անդամն է նաեւ Թուրքիան: Իրաքը թեեւ Ռուսաստանի ուղղությամբ որոշ հայացքներ գցում էր, բայց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնաց դադարեցնել այդ երկրին տրվող ցանկացած օժանդակություն, Բաղդադը բավականին զգուշավոր է, եւ այնտեղ փաստացի ամերիկյան քաղաքական գերիշխանությունն է գործում: Եվ ստացվում է, որ Էրդողանը, գտնվելով նման ծանր կախվածության մեջ ԱՄՆ-ից, դեռ հանդգնում է նրա վերահսկողության գոտի զորք, ծանր տեխնիկա մտցնել եւ մի ամբողջական ռազմաբազա ստեղծել, իսկ Վաշինգտոնն անգամ մեկ քննադատական բառ չի ասում:
Այդ «հրաշքը» տրամաբանական տեսք կարող է ստանալ միայն մեկ դեպքում. Էրդողանի այս ռազմական ներխուժումը եթե անգամ Վաշինգտոնի ուղղակի հանձնարարությամբ չի իրականացվել, ապա առնվազն համապատասխան «դաբրո» տրվել է:
Հետեւյալ հանգամանքը եւս խոսում է ասվածի օգտին: Թուրքերը մտել են իրաքյան Քուրդիստան, իսկ քրդերն անգամ մեկ կրակոց չարձակեցին: Այն դեպքում, երբ նույն պահին հենց Թուրքիայի ներսում է քրդերի հետ պատերազմը գնալով ծավալվում, էլ չասած այն թշնամանքի մասին, որը կա Թուրքիայի եւ սիրիական քրդերի միջեւ: Իրաքյան քրդական մասսաները եւս Թուրքիային թշնամի են համարում: Բայց երբ այսքան հանգիստ թուրքական բանակին թույլ են տալիս իրենց տարածք մտնել եւ ոչ պաշտոնական տվյալներով՝ արդենիսկ մոտ 8 հազարանոց զորակազմ կուտակել, ապա այստեղ պետք է հետեւյալ հանգամանքը հաշվի առնել: Էրդողանի հետ իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի ստվերային կապերի ու համատեղ տարբեր, այդ թվում՝ նավթային բիզնեսի մասին խոսակցություններ բազմիցս են եղել: Նաեւ, որ Բարզանին հենց Էրդողանի միջոցով է կարողանում նույնիսկ իրաքյան քրդերի մոտ պահել առաջնորդի իր դիրքերը: Գումարած դրան՝ Բարզանին նաեւ վաշինգտոնյան հովանավորյալի համարում ունի: Այս «ստվերային» կապերին ավելացնենք մեկ ուրիշը. ԻՊ-ն, որ այդքան ագրեսիվ է Սիրիայում ու այդ թվում՝ սիրիական քրդաբնակ հատվածի ուղղությամբ, Իրաք ներխուժելու միայն սկզբնական փուլում իրաքյան Քուրդիստանի ուղղությամբ ծավալվելու թույլ փորձեր արեց: Բայց անմիջապես էլ որոշ առանցքային բնակավայրեր, ինչպես, օրինակ` նավթային առանցքային գոտիներից մեկը համարվող Քիրքուկը հանգիստ թողեց ԱՄՆ-ի օգնությամբ բավականին զինված քրդերին, եւ դրանից հետո արդեն ԻՊ-քրդեր շփման գոտում առանձնահատուկ բաներ չեն նկատվում: Վերջապես, նույն գոտում նաեւ ամերիկյան կոալիցիայի ինչ-որ էական ակտիվություն այս ընթացքում չի նկատվել, եւ այս իրավիճակը հուշում է, որ հրապարակավ իրար մահացու թշնամի ներկայացող թվարկված ուժերն իրականում առնվազն զինադադարի եւ իրար չխանգարելու հարթությունում են գործել, իսկ ծայրահեղ տարբերակով՝ ամերիկյան ռազմավարական պլանավորման: Բաղդադին էլ մնում էր աչք փակել այդ իրողությունների վրա՝ միայն թույլ փորձեր անելով իր պետական ամբողջականությանը սպառնացող այդ իրավիճակի հետ կապված լուծումներ գտնել Մոսկվայում եւ Թեհրանում:
ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՌԴ-ԻՆ
Այսպիսով՝ Թուրքիան սկսել է նույն քրրդական հատվածում զորքեր կուտակել, ինչը ներկայացված կողմերից եւ ոչ մեկին առնվազն չի հուզում, այդ թվում՝ ԻՊ-ին, մինչդեռ թուրքական բազան ստեղծվում է այդ կառույցի իրաքյան կենտրոն հանդիսացող Մոսուլ քաղաքից մի 20-30 կմ հեռավորությամբ, եւ բավական է թուրքերի մի փոքրիկ ցատկ, որ ԻՊ-ն իր այդ առանցքային դիրքը կորցնի: Եվ եթե դա ԻՊ-ի չի մտահոգում, նշանակում է, որ թուրքական այս ներխուժումն ինչքան էլ որ ներկայացվում է ահաբեկչության դեմ պայքարի ստանդարտ լոզունգի տակ, հիմնական թիրախն ամենեւին էլ ԻՊ-ն չէ:
Այս իրավիճակում ամենաէականը, թերեւս, բուն փաստն է. եթե թուրքական բանակը միջազգային իրավունքի ամենաառանցքային նորմերը խախտելով՝ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով մտնում է այլ երկրի տարածք եւ կարողանա դա մարսել, ապա ինչո՞ւ այդ օրինակով նույն բանը չեն կարող այլ երկրներ եւս՝ ցամաքային զորքեր կենտրոնացնելով Իրաքում: Եվ երկրորդը. իսկ ո՞վ է դրանից հետո խանգարելու, որ նախ թուրքերը, ապա նրա հետեւից՝ այլ բանակներ եւս Սիրիա մտնեն: Առավել եւս, որ որոշ երկրներ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան արդենիսկ հայտարարել է Սիրիայում ցամաքային ռազմական օպերացիայի անհրաժեշտության մասին: Վերջապես՝ օրերս Օբաման էլ հայտարարեց` եթե ոչ լայնամասշտաբ ցամաքային օպերացիայի, այլ առնվազն Սիրիա եւ Իրաք ամերիկյան հատուկ նշանակության ուժեր ուղարկելու մասին: Եվ երբ ԱՄՆ-ը նախագահի մակարդակով է նման քայլը հնարավոր եւ թույլատրելի համարում, ուրեմն ի՞նչն է խանգարում Թուրքիային կամ Սաուդյան Արաբիային՝ նույն բանը մասշտաբային տեսքով իրականացնել:
Մի խոսքով՝ շատ մեծ է հավանականությունը, որ իրավիճակը հենց այդ ուղղությամբ էլ կսկսի զարգանալ, եւ այս առումով՝ թերեւս պատահական չէ, որ հենց Ռուսաստանը թուրքերի Իրաք ներխուժումը ներկայացրեց ԱԽ-ի քննարկման: Դա հուշում է, որ ռուսներն են դրանից վտանգ զգում, ինչը կարելի է հասկանալ: Եթե թուրքական զորքերը նաեւ Սիրիա մտնեն, ապա դա նախ ՌԴ-ի համար է լուրջ իրավիճակ: Գործելու երեք հնարավոր ուղղություն կլինի: Առաջինը՝ ուշադրություն չդարձնել կամ դա համարել ԻՊ-ի դեմ պատերազմ եւ ողջունել: Բայց այդ դեպքում նաեւ այլ երկրների հաշվին ներխուժող զորքերը կսկսեն արագորեն ընդլայնվել եւ այդ զորքերից, ԻՊ-ից ու այլ խնբավորումներից, Ասադի բանակից եւ նրա կողմնակիցներից կազմված այդ զանգվածը հաստատ մեծ պայթյուն է առաջ բերելու: Այն տարբերակով, որ ռուսներին էլ չի հաջողվի դրանից զերծ մնալ, եւ Վաշինգտոնին կմնա հանգիստ նայել, թե այդ ռազմական կոնֆլիկտն ինչպես է Սիրիայից տարածվում դեպի մասնակից պետությունները: Երկրորդ տարբերակով ռուսներն էս գլխից պետք է փորձեն ներխուժումը կանխել՝ սպառնալով հարվածել յուրաքանչյուրին, ով կանցնի սիրիական սահմանը: Այս դեպքում էլ թուրքերը, թերեւս, նախ փոքր ուժերով կփորձեն սահմանն անցնել, եւ եթե ռուսները չհարվածեն, ապա կստեղծվի առաջին տարբերակի պես մի բան: Հարվածելու դեպքում, թե ուր կհասնի ռուս-թուրքական այդ բախումը, դժվար է ասել, թեեւ Անկարան կարող է նաեւ մի քիչ աղմկել եւ նահանջել: Եվ երրորդ տարբերակով՝ ՌԴ-ն պետք է փորձի էս գլխից կանխել նման զարգացումները, որն էլ փորձում է անել ԱԽ-ի միջոցով: Բայց լավագույն տարբերակը կլիներ Սիրիայում կայծակնային ցամաքային օպերացիայի միջոցով երկիրն ԻՊ-ից մաքրելը, իսկ Ասադը հաստատ նման օպերացիան սիրով կօրինականացնի միջազգային հարթակում: Հակառակ պարագայում՝ Էրդողանն արդեն իսկ ԱՄՆ-ի համար վերածվել է կրակից շագանակ հանողի, եւ եթե այս դեպքում էլ չհաջողվի ռուսներին ուղղակի բախման մեջ քաշել, նման ավանտյուրաներ առաջիկայում դեռ շատ կլինեն:
Չնայած նման հանդուգն գործողության` ռուսները եթե գնային այն պահին, երբ դեռ նոր էին մտնում Սիրիա եւ ներկայիս այս բոլոր բարդություններից, թերեւս, շատ ավելի հեշտ կխուսափեին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162820&l=am/