ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ
Արխիվ 12-16
ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը այս օրերին Լոնդոնում մասնակցում է London Chess Classic մրցաշարին, որտեղ հայ գրոսմայստերի 9 մրցակիցներն էլ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է առաջնության փոխչեմպիոն, ուստի հայ շախմատիստի լավ մարզավիճակի հետ կապված հարցեր առաջանալ չեն կարող:
Այսպես, Լոնդոնի մրցաշարի անցած երեք տուրերում հայ գորսմայստերը երեք ոչ-ոքի է գրանցել իր հաշվին: Առաջին տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանայի, երկրորդում` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ երրորդում հայ գրոսմայստերը միավորը կիսեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Թեեւ նման մրցակիցների հետ հավասար արդյունքն էլ կարող է նորմալ համարվել, բայց նկատենք, որ ոչ-ոքիների շարանը վերջին ժամանակներս Արոնյանի համար կարծես դառնում է վիճակագրություն: Ամեն դեպքում, եթե նախկինում միայն հաղթանակն էր բավարար, ապա արդեն իսկ ոչ-ոքի արդյունքները մարզասերների կողմից ընկալվում են որպես հաղթական արդյունք, ինչն անշուշտ Հայաստանի առաջատար շախմատիստին մտածելու տեղիք պետք է տա:
Ի դեպ՝ վարկանիշային աղյուսակի տվյալներով, որոնք օրեր առաջ հրապարակել է ՖԻԴԵ-ն, մրցաշարային աղյուսակի առաջատարը Անիշ Գիրինի վարկանիշը 2784 է, իսկ Արոնյանինը՝ 2788. Լեւոնն առաջադիմել է մեկ աստիճանով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի կազմում փոխչեմպիոն դառնալու փաստի հաշվին:
Շարունակելով Լեւոն Արոնյանի մրցաշարային ակտիվության թեման` նշենք, որ 2016 թվականը Արոնյանը կմեկնարկի «կորուստով»: Հայ գրոսմայստերը չի մասնակցի Վեյկ Ան Զեե քաղաքում հունվարի 15-ից 31-ը կայանալիք Tata Steel Chess 2016-ի 78-րդ սուպերմրցաշարին, որի քառակի չեմպիոն է: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցությունը եւս գրեթե անհասանելի էր դարձել Արոնյանի համար, եւ դա թերեւս կլիներ ամենամեծ կորուստը 2016 թվականի համար: Փրկեց միայն այն, որ հավակնորդների մրցաշարի վերջին 8-րդ մասնակցին առաջարկում է կազմակերպիչ երկիրը, եւ քանի որ մրցաշարն անցկացվելու է Մոսկվայում՝ «Տաշիր» ընկերության հովանավորությամբ, մրցաշարի 8-րդ մասնակիցը դարձավ հենց Լեւոն Արոնյանը: Մնում է սպասել, թե ինչպես վերջինս կօգտագործի իր հնարավորությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162805&l=am/