«ԿԳՆԱՆՔ ՕՏԱՐԱՑՄԱՆ, ԵԹԵ ՉՓՈՐՁԵՆՔ ԱՊՐԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՊՐԱԾՈՎ»
Արխիվ 12-16
«ԿԳՆԱՆՔ ՕՏԱՐԱՑՄԱՆ, ԵԹԵ ՉՓՈՐՁԵՆՔ ԱՊՐԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՊՐԱԾՈՎ»
Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական երգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ողջ երեկոյի ընթացքում բեմում էին Հ. Բադալյանի սաները, որոնց մի մասն այսօր հայ երգարվեստում ունեն իրենց ուրույն տեղն ու երկրպագուների բանակը: Իսկ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ, ով ի դեպ, հոբելյանական համերգ անցկացնելու նախաձեռնողն է եղել, նվագակցում էր երեկոյի ընթացքում հանդես եկող արտիստներին, ովքեր Հ. Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը` «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե, մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երեւանի ջուրը» կատարելով` հանդիսականին գցեցին կարոտախտի գիրկը:
Կարոտախտի գիրկն էին ընկել նաեւ Հ. Բադալյանի սաները, ովքեր մեկը մյուսին հերթ չտալով` հիշում էին հին ու բարի օրերը եւ թե ինչպես էին դարձել իրենց ուսուցչի տան իսկական անդամը, իսկ նրա կինը` տիկին Մարգոն, իրենց համար եղել եւ մինչեւ այսօր էլ մնում է որպես մայր: Այն ապացուցվեց, երբ սաներից մեկն իր ելույթից հետո ստացած տասնյակի հասնող ծաղկեփնջերը չտարավ իր հետ տուն` իջավ դեպի դահլիճ ու ամբողջը նվիրելով տիկին Մարգոյին ասաց. «Այս ծաղիկները Ձերն են, ես չեմ կարող այն ինձ հետ տուն տանել»:
«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԸ ԿՄՆԱ ՀԱՎԵՐԺ»
Իսկ ակամայից երեկոյի հանդիսավար դարձած ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրրոն, դիմելով տիկին Մարգոյին` ծափերի ուղեկցությամբ ծաղկեփունջ նվիրելով. «Մարգո մաման մեզ համար մայր է եղել, մենք այդպես էինք դիմում իրեն»,- ասաց Ա. Գրիգորյանն ու համբուրելով տիկին Մարգոյի ձեռքը` վերադարձավ բեմ. «Նա իսկապես նժդեհյան գաղափարախոսությամբ էր ապրում, իր անձն իր համար երբեք կարեւոր չէր, նա իր անձը դարձրել էր միջոց` ծառայելու մեր ժողովրդին, մեր պետությանը եւ հայ մշակույթին: Մեզ` սաներիս մնում է միայն մի բան, որ բոլորս կարողանանք մեր վարպետի պատգամը սրբորեն պահել եւ փոխանցել գալիք սերունդներին, որովհետեւ սրա մեջ է ճշմարտությունը, այս ամենը կարեւոր է մեր տեսակի հարատեւման համար: Առանց այս սկզբունքի, մենք կգնանք օտարացման, ինչու չէ նաեւ կոչնչանանք, եթե չփորձենք ապրել Հովհաննես Բադալյանի ապրածով: Մենք կանցնենք կգնանք, բայց Հովհաննես Բադալյանը կմնա հավերժ»,- իր խոսքը եզրափակեց Ա. Գրիգորյանը: Վարպետի սաներից ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հիշեց. «Երբ առաջին անգամ գնացի Հ. Բադալյանի մոտ, նա լսեց ինձ ու ասաց, լավ տղա ես, բայց բալես, մի բան հիշիր ընդմիշտ, երբեք չվազես փառքի հետեւից, թող փառքն ընկնի քո հետեւից: 18 տարին նոր բոլորածիս համար դա սուրբ պատգամ է, որը մինչեւ այսօր պահպանում եմ ու առաջնորդվում դրանով»:
Սաների կատարումներն ու հուշերը ընդմիջվում էին արվեստագետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմով, որի ընթացքում հնչեցին նաեւ Հ. Բադալյանի կատարումներից: Ֆիլմում վարպետի ընկերներն ու գործընկերները պատմում էին հետաքրքիր դրվագներ ու բնութագրում Բադալյան մարդ տեսակին:
«ՈՉԻՆՉ, ԹՈՂ ԻՄԸ ԹԱԼԱՆԵՆ»
Հ. Բադալյանի մարդ տեսակի մասին խոսելիս` նրա սաներից մեկը նույնիսկ դրվագ հիշեց, որը պատմել են նրա հարեւանները, թե ինչպես մի անգամ ավազակները թալանել են վարպետի ավտոմեքենան` ամբողջովին քանդել այնպես, որ մնացել է միայն մեքենայի կմախքը: Երբ հարեւանները նկատել են ու ասել, թե այս ինչ եք անում, դուք գիտեք, թե ում մեքենան է: Իմանալով, որ Հ. Բադալյանի ավտոմեքենան է, վերջիններս ինչպես քանդել, այնպես էլ` նույնությամբ հավաքում են մեքենան: Այդ ընթացքում աղմուկից վարպետը դուրս է գալիս պատշգամբ ու բղավում` չթողնեք գնան, մինչեւ իջնեմ: Երբ նա իջնում է, բնականաբար, արդեն ավազակները փախած են լինում, կարծելով, թե իրենց սպառնալիք է սպասվում, նա բարկացած ասում է. «Ես չասեցի` չթողնեք գնան, մինչեւ գամ, ոչինչ, թող իմը թալանեին, ախր, եթե իմը չէ, ուրեմն կգնան մի ուրիշ խեղճից կգողանան»:
«ԵՐԲ ՇՈՒՇԻՆ ԱԶԱՏԱԳՐԵՑԻՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ»
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆՆ էլ բեմ բարձրանալով` հիշեց Հ. Բադալյանի հետ իրենց առաջին, երկրորդ եւ երրորդ հանդիպումները, որոնք մինչեւ այսօր հիշարժան են իր համար, ապա շրջվելով բեմում նստած վարպետի սաներին` ասաց. «Այս հրաշալի երիտասարդութունը, որոնք այդքան էլ տակավին երիտասարդ չեն, այդ մենք ենք ծեր, իմ աչքի առջեւ անցան Հ. Բադալյանի ուսման բոլոր ընթացքը, ստացան նրա մարդկային, մեծ ընկերոջ, մեծ արվեստագետի հորդորները, խրատները: Ուսուցիչ էր բոլոր կողմերով, հայրենասիրության մասին խոսք չկա»,- ասաց կոմպոզիտորն ու շրջվելով դեպի Նորայր Դավթյանը` շարունակեց. «Երբ Շուշին ազատագրեցին, մենք վարպետի հետ Հոլանդիայում էինք, առավոտյան, երբ իջանք նախաճաշելու, պետք է տեսնեիք` Հովհաննես Բադալյանին ճանաչել հնարավոր չէր, այդ ինչ էր կատարվում նրա հետ, դա միայն ես ու Նորայր Դավթյանը գիտենք»:
«Հ. ԲԱԴԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
Ա. Ոսկանյանը նաեւ ցավով արձանագրեց. «Նրա «Ես իմ անուշ Հայաստանի» երգը մեր սերունդը լավ է հիշում, թե այն ինչպես էր հնչում»,- ապա դիմելով դահլիճում ներկա Արմեն Ամիրյանին` ասաց. «Ի սեր Աստծո, փրկեք այդ երգը, բզկտում են, 3-4 տեսակ փորձությունների են ենթարկել, մեր աչքի առաջ կատարվում է հանցանք` բառիս բուն իմաստով: Բա կարելի՞ է, մենք չպետք է թույլ տանք, չի կարելի: Նույնկերպ վարվում են նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» երգի հետ, Կոմիտասից «Կ» տառն է մնացել...»,- ապա բարկությունը զսպելով` ասաց. «Կներե՛ք»,- ու շարունակեց,- «Ա՛յ, Հովհաննես Բադալյանի հիշատակի առաջ խոնարհում կլինի, եթե մենք կարողանանք անաղարտ պահել մեր երաժշտությունը»:
«ԴԱՐԵԴԱՐ ԴԵՌ ԿԱՆԳՈՒՆ ԿՄՆԱ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Այնուամենայնիվ, տեսաֆիլմում Հ. Բադալյանը լավատեսորեն է արտահայտվում այսօրվա սերնդի մասին ու հույս հայտնում. «Կպատգամեմ հայ երիտասարդությանը, որ լինի առողջ, որովհետեւ ինչպես ժողովուրդն է ասում` առողջ մարմնի մեջ է առողջ հոգի: Կուզեմ, որ ամուր պահեն, պահպանեն իրենց անկախությունը, ազգային սովորությունները, եւ այդ դեպքում դարեդար դեռ կանգուն կմնա հայ ժողովուրդն ու հայրենիքը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162802&l=am/