ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ` դեկտեմբերի 3-ին տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ այցելեցին Երասխում գտնվող «Արմաշ» տերմինալը եւ ծանոթացան օբյեկտի տրանսպորտային եւ լոգիստիկ հնարավորություններին: Հյուրերին ուղեկցում էր «Մանանա գրեյն» եւ «Մանանա Սթոուն» ընկերությունների («Արմաշ» տերմինալի սեփականատերեր) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
Հյուրերին ներկայացվեց բեռնաթափման, բեռների պահեստավորման եւ մշակման տեխնոլոգիական ողջ գործընթացը, պահեստների հնարավորությունները եւ պահպանման պայմանները:
Իրանի սահմանից 300 կմ հեռավորության վրա գտնվող եւ մինչեւ 15 հազար տոննա հացահատիկային բեռներ ու 500 կոնտեյներ պահպանման հնարավորություններ ունեցող այս տերմինալը մեծ ծավալի բեռների սպասարկման էական ներուժ ունի:
«Արմաշ»-ի մասնագետների կողմից մշակված բեռների տարբեր տեսակների սպասարկման նախագիծն ուղղված է ՀԿԵ-ի երկաթուղային ենթակառուցվածքն օգտագործելով Հայաստանի Հանրապերության` որպես տարանցիկ երկրի ներուժի զարգացմանը: Անհրաժեշտ է նշել, որ տերմինալը կարող է աշխատել, ինչպես բեռնափոխադրումների ուղիղ տարբերակով (բեռնաթափումը վագոններից` ավտոտրանսպորտ), այնպես էլ օգտագործելով պահեստները: «Արմաշը» կարող է սպասարկել տարբեր տեսակի բեռներ` հացահատիկեղեն, շինանյութ, քիմիական եւ վերամշակող արդյունաբերության արտադրանք եւ այլն:
Տերմինալի օգտագործումը բեռնափոխադրումների գործընթացում թույլ կտա էապես կրճատել մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ ժամանակը: Բոլոր մաքսային գործընթացները կկատարվեն տերմինալում, բոլոր կազմակերպչական հարցերն արդեն լուծված են:
Անհրաժեշտ է նշել, որ ՀԿԵ-ն կուտակել է բեռնափոխադրումների հարուստ եւ հաջող փորձ: Այժմ ընկերությունը բեռնափոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ:
Ընկերությունը արդյունավետ համագործակցում է նաեւ Վրաստանի երկաթուղայինների հետ: 2009 թվականից, շաբաթական 2 անգամ, աշխատում է Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր արագացված կոնտեյներային գնացքը: 2008 թվականի հետ համեմատ` ՀԿԵ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալն աճեց 80%-ով:
Ընկերությունում համոզված են, որ «Արմաշ» տերմինալի հնարավորությունների օգտագործմամբ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների իրականացմանն ուղղված ներկայացվող նախագիծը կլինի արդյունավետ եւ թույլ կտա ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճն ու Հայաստանի տարանցիկ ներուժի զարգացումը: https://iravunk.com/sim/?p=162801&l=am/