ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ ԿՈՒՇՏ Է ՀՐԻՑ, ՄԱՀԻՑ, ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ.ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՑԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ
Արխիվ 12-16
ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ ԿՈՒՇՏ Է ՀՐԻՑ, ՄԱՀԻՑ, ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ.ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՑԻԶՄԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՑՆԻ
Ահա արդեն տասն օր է` աշխարհի զանգվածային լրատվամիջոցների ամենաքննարկվող թեման այն հարցերն են, որոնք կապված են թուրքական ղեկավարության արկածախնդրության հետ, որն իր ՌՕՈւ-ին ս.թ. նոյեմբերի 24-ին հրամայել էր խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչը Սիրիայի օդային տարածքում: Եթե որեւէ մեկի համար դա անսպասելի էր, ապա, հավատացեք, բնավ ոչ հայ ժողովրդի, որը լսածով չէ, որ գիտի թուրք սուլթանների, նրանց փոխարինած երիտթուրքերի, նրանց հաջորդած` հայ ժողովրդի ոչ պակաս արհեստավարժ դահիճ Մուստաֆա Քեմալի նենգության եւ երկերեսանիության մասին... Էլ չեմ ասում արդի Թուրքիայի նեոօսմանական ղեկավարության մասին` հանձինս Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի: Որպեսզի պնդումներս սոսկ հույզերի դրսեւորում չլինեն` չամրագրված փաստերով, դիմեմ վերջին շրջանի պատմությանը:
Չեմ թաքցնի, որ այս հոդվածը գրելու շարժառիթը դարձան Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արտահայտած մտքերը` վերջերս Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին` Թուրքիայի վարչապետը դեկտեմբերի 4-ին Բաքվի դիվանագիտական համալսարանում (ADA համալսարան) ունեցած ելույթում ասել է. «Մինչեւ ադրբեջանական տարածքների լիակատար ազատագրումը Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին: Թանկ է Ադրբեջանի յուրաքանչուր թիզ հողը, եւ այդ հողերը պետք է ազատագրվեն»: Կարդալով արդի նեոօսմանիզմի գաղափարախոսի այս խոսքերը` ակամա հիշեցի ոչ վաղ անցյալի իրադարձությունները: 2011թ. մարտի 16-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին նվիրեց 1921թ. բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ «բարեկամության եւ եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի պատճենը: Հիշեցնենք, որ այդ պայմանագիրը կնքվել էր 1921թ. մարտի 16-ին Մոսկվա քաղաքում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի եւ ՌԽՖՍՀ Ժողկոմխորհի միջեւ: Նա նվիրել էր նաեւ հոբելյանական մի դրոշմանիշ, որը թողարկել էին թուրքական իշխանություններն այդ փաստաթղթի ստորագրման 90-ամյակի առիթով: Հիշեցի նաեւ հայտնի եւ գիտական շրջանակներում շատ հարգված քաղաքագետ Վլադիմիր Զախարովի «1921թ. Մոսկվայի պայմանագրին պետք է օբյեկտիվ գնահատական տրվի» հոդվածը (,ծՏպՉ ԽՏՉփպչե, N 5, 16-31 մարտի 2012թ.): Այստեղ հարգարժան քաղաքագետը, վկայակոչելով զուտ պաշտոնապես ճանաչված փաստաթղթերը, գալիս է հետեւյալ եզրահանգման. «Այսպիսով, այդ ամբողջ բոլշեւիկյան վերնախավը` Լենինի եւ նրա համախոհների գլխավորությամբ, դավաճանեց Հայաստանին, հայ ժողովրդին... Պայմանագիրն ամփոփեց ՌԽՖՍՀ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի Հանրապետության նվաճման եւ բաժանման միջազգային-իրավական արդյունքը»: Եվ այսօր տխուր խորհրդածությունների են մղում պատմական շրջանակներին մոտ կանգնած առանձին անձանց փորձերը` «ռուսական պատվիրակության զիջողականությունը եւ վարքագիծը որակել»... այնպիսի պնդումներով, թե` «Հայաստանը պետք է իսկական պրոլետարական ինտերնացիոնալիզմ դրսեւորեր, որը պահանջում է գնալ մեծագույն ազգային զոհողության` հանուն միջազգային կապիտալի տապալման»: Այստեղ ավելորդ չէ հիշել, որ տասնամյակներ շարունակ, իսկ այսօր` էլ ավելի մեծ հետեւողականությամբ եւ ապացուցվածությամբ, 1921թ. Մոսկվայի պայմանագրի դեմ հանդես են գալիս հասարակական եւ քաղաքական հայտնի գործիչներ, անվանի գիտնականներ եւ մշակույթի գործիչներ: Սակայն, կարծում եմ, բավական հետաքրքիր կլինի ընթերցողներին ծանոթացնել գիտնական, հասարակական գործիչ Սուրեն Միխայիլի Այվազյանի բաց նամակին, որով նա 2002թ. կեսին դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Կես տարի անց` 2003թ. փետրվարի 7-ին, նա Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդականի միջոցով ստացավ իր նամակի պատասխանը: Որոշ մեջբերումներ կատարենք դրանից. «Ս. Մ. Այվազյանի բարձրացրած հարցը պարզ պատմություն չունի, բայց նամակի հեղինակը Թուրքիայի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջների խնդիրը պարզեցված ձեւով հանգեցնում է բացառապես 1920թ. Սեւրի եւ 1921թ. Մոսկվայի պայմանագրերի հակադրմանը: Նրա կարծիքով` վերջինի անվավեր ճանաչումն ինքնաբերաբար կհանգեցնի Կարսի նահանգի եւ Սուրմալուի գավառի հանդեպ Հայաստանի իրավունքների ճանաչմանը: Սակայն նման հարցադրումը չի կարող կայացած լինել պատմական եւ իրավական իմաստով»: Այնուհետեւ, այդ նույն ռեցենզիա-պատասխանում գրված է. «Ինչպես Սեւրի, այնպես էլ Մոսկվայի պայմանագրերն այս համատեքստում ունեն լոկ դրվագային նշանակություն: Առաջինն այդպես էլ ուժի մեջ չմտավ եւ շուտով չեղյալացվեց, իսկ երկրորդն այդ պահին էական քաղաքական դերակատարություն չունեցավ, քանի որ կնքվել էր երկու կառավարությունների (Մուստաֆա Քեմալ փաշայի եւ Խորհրդային Ռուսաստանի) կողմից, որոնք այդ ժամանակ ընդունված չէին համաշխարհային հանրության կողմից»: Միանգամայն անհասկանալի, եւ որ գլխավորն է` ավելորդ պոլիտկոռեկտություն, որը վնասում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ, առավել եւս` Ռուսաստանի Դաշնության շահերին: Այնուհետեւ ասվում է. «Ավելին, Սեւրի պայմանագիրը սկզբից եւեթ զուտ հռչակագրային բնույթ էր կրում, մտահղացվել էր հաղթող տերությունների կողմից` որպես սուլթանական Թուրքիայի ձեւական «պատիժ», ինչի մասին վկայում է, մասնավորապես, Ջ.Լլոյդ Ջորջն իր հուշերում (Լլոյդ Ջորջ Ջ., Ճշմարտությունը հաշտության պայմանագրերի մասին, հ. 2, Մ., 1957թ.)` նշելով, որ տերությունները «...նախապես չեն կարող եւ չեն պատրաստվում այն կյանքի կոչել» (էջ 432); «մեծ տերությունները, անշուշտ, չեն կարողանա Հայաստանին գործուն աջակցություն ցուցաբերել», «չեն կարող որեւէ զորք ուղարկել` հայերին օգնության» (էջեր 428, 429, 431 եւ այլն): Հայաստանի օգնության Ամերիկյան կոմիտեի անդամ Փաքսթոն Հիբենը գրում էր. «Այն օրերին խոսքը բացառապես վերաբերում էր թուրքերին պատժելուն... եւ ոչ ոք այն ժամանակ հայերին հասկանալ չտվեց, որ նրանց վճռական պահին կարող են դուրս նետել` որպես ավելորդ դիվանագիտական բեռ» (The Nation, 22 հունիսի 1922թ.): «Հետագայում, երբ քեմալականները ներխուժեցին հայկական տարածք, Սեւրի պայմանագիրը կնքած եւ ոչ մի պետություն օգնության չեկավ հայերին»:
Վստահ եմ, որ եթե ՌԴ ԱԳՆ-ը նման բովանդակությամբ նամակ ստանար մեր օրերում, նրա արձագանքը միանգամայն այլ կլիներ: Հիշենք, որ 2002թ. Ռուսաստանը նոր-նոր էր ուշքի գալիս լիբերալ ցնցակաթվածից հետո, որը մեկ տասնամյակից ավելի սասանել էր ռուսական պետականության հիմքերը: Այն ուշքի էր գալիս կեղծ, թվացյալ ժողովրդավարական կարգերի տիրապետությունից, երբ երկրի պետական շահերը ենթարկեցվել էին մի ինչ-որ առասպելական պատրանքի` մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման մասին, եւ տնաբույս ու դրսից պատվիրված լիբերալների այլ մանտրաների: Այդ կործանարար փոխակերպումների նպատակն այդ մեծ տերության վերածումն էր Արեւմուտքի հումքային կցորդի: Բարեբախտաբար, Ռուսաստանի, ինչպես եւ նրա մերձավոր դաշնակիցների ու ոչ վերջին հերթին` Հայաստանի ամայացման այդ հրեշավոր ծրագիրը ձախողվեց:
Վերադառնալով վերը նշված մեջբերմանը եւ վերընթերցելով այդ օրերի քաղաքական գործիչների դաժան, բայց, ավաղ, պատմությամբ հաստատված խոստովանությունները` ակամա մի ինչ-որ դեժավյուի վիճակում ես հայտնվում, մանավանդ Բաքվում Ահմեդ Դավութօղլուի` «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» վերաբերյալ լացուկոծի ֆոնին: Էլ չեմ ասում նրա համեմատաբար վերջերս` 2014թ. մարտի 3-ին արտահայտած մտքերին` Թուրքիայի թաթարական սփյուռքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ահա թե ինչ էր ասել այդ ժամանակ Ահմեդ Դավութօղլուն. «Մի մտածեք, թե մեր վարչապետն ու նախագահն անմասն կմնան Ղրիմում կամ աշխարհի ցանկացած այլ անկյունում մեզ ազգակից ժողովուրդներին վերաբերող հարցին» (նկատի ունի Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ Աբդուլա Գյուլին- Ա. Գ.): Նման բան լսելով` հաստատ հրճվանք ապրած կլինեն պանթյուրքիզմի հիմնադիրների արյունոտ հոգիները, որոնք դեռեւս անցած դարի 20-ական թթ. երազում էին մեկ պետության մեջ միավորել` Թուրքիայի գլխավորությամբ, թուրքական պետություններն ու ժողովուրդներին, այսպես կոչված «թուրքական աշխարհը», որն, իրենց պատկերացմամբ, սկիզբ կառներ Բալկանյան լեռներից ու կձգվեր մինչեւ Մանջուրիա` ներառելով Ղրիմը, Կովկասը, Դաղստանը, Աստրախանը, Սարատովը, Ուֆան, Կազանը եւ այսպես շարունակ, եւ, իհարկե, պատմական Ատրպատականը` «Հարավային Ադրբեջանը»: Էլ չեմ ասում Կոստանդնուպոլսի, Միջագետքի մասին` այդ նույն Մոսուլով հանդերձ: Այս առնչությամբ տեղին կլինի հիշել, որ երիտթուրքերի պարագլուխներից մեկը` Էնվեր փաշան, մտադիր էր ստեղծել Օսմանյան կայսրություն, որը կձգվեր Մարոկոյից մինչեւ Կորեա: Ահա թե ինչ է թաքնված Թուրքիայի վարչապետի խոսքերում այն հարցերի հանդեպ Թուրքիայի սրտակից վերաբերմունքի մասին, որոնք առնչվում են իրենց «ազգակից» «ժողովուրդներին Ղրիմում կամ աշխարհի ցանկացած այլ անկյունում»: Բայց, ինչպես ասում են, թուրքական մեծ նավին` մեծ նավարկություն, իհարկե` մինչեւ նավամբարի առաջին ճակատագրական ճեղքվածքը, ինչն անպայման լինելու է: Եվ այսպես, 2015թ. օգոստոսի 4-ին http://ru.tsn.ua/politika/erdogan-zayavil-chto-turciya-nikogda-ne-priznaet-anneksii-kryma-rossiey-461898.html պորտալում հրապարակվել են մեջբերումներ` Ղրիմի թաթարների Համաշխարհային կոնգրեսին Էրդողանի ուղերձից, որում, մասնավորապես, ասվում էր. «Ցավոք, պատմության ընթացքում Ղրիմի թաթարների` աշխարհում արժանապատիվ, ազատ կյանքի իրավունքն իրենց Հայրենիքում ընդհատվեց կոլեկտիվ տեղահանմամբ եւ բռնաճնշումներով: Եվ այսօր մենք վկաներն ենք Ղրիմի ապօրինի անեքսիայի»: Տեսեք, թե ով է խոսում տեղահանությունների եւ բռնաճնշումների մասին, մեկը, ով, չճանաչելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, ըստ էության ցինիկաբար բարոյականության մասին դասախոսություն է կարդում ուրիշներին: Արժե՞ արդյոք սրանից հետո զարմանալ, որ վերջին տարիների ընթացքում, անմիջապես այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները զավթեցին Իրաքի նավթաբեր շրջանը` Մոսուլը, նա իր ընտանեկան բիզնեսը կառուցեց Սիրիայի եւ Իրաքի հյուսիսի հարյուր եւ հազարավոր բնակիչների արյան վրա: Ի՞նչ է սա` ցինի՞զմ: Իհարկե` ոչ: Սա պանթյուրքիստ նեոօսմանների հստակ հաշվարկված քաղաքականություն է: Չէ՞ որ նման ուղերձի համար Էրդողան-Դավութօղլուն պարարտ հող նախապատրաստել էին նախօրոք, դեռ ս.թ. մայիսին: Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը, բացելով Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների նիստը, ասել էր. «Ուկրաինան պետք է աջակցություն ստանա, որպեսզի ամրապնդի իր անվտանգությունը եւ իր քաղաքացիների անվտանգությունը: Բայց օգնության ձեռք մեկնելով Ուկրաինային` մենք չպետք է մոռանանք Ղրիմի բնակիչների տառապանքների մասին: Ղրիմի ապօրինի անեքսիան ոչ մի պայմանով ընդունելի չէ»:
Կարծում եմ, ասվածը բավական է` հստակ պատկերացնելու համար ոչ միայն Ռուսաստանին, նրա դաշնակիցներին, այլեւ ամբողջ Եվրոպային թուրքական ղեկավարության արկածախնդրական քաղաքականության կողմից սպառնացող վտանգը: Վերջին ժամանակներս Եվրոպայի երկրները հեղեղած միլիոն փախստականներից շատերը, հատկապես երիտասարդները, վարակված են նեոօսմանականությամբ: Այո, այո, ես չսխալվեցի` նեոօսմանականությամբ, որովհետեւ իրենց «փրկությունը» նրանք ստացել են «հյուրընկալ» թուրքական ափին: Այսօր, իրենց նոր բնակության վայրերում բախվելով բնական դժվարությունների` նրանք մխիթարություն են փնտրելու ոչ թե եվրոպական երկրների քրիստոնեական ավանդույթներում, այլ «չափավոր» մուսուլմանական Թուրքիայում: Եվ մեծ կլինի վերահաս աղետը, եթե այդ արմատական իսլամիստական փորձանքի ամբողջ վտանգը չգիտակցեն մեր եվրոպացի բարեկամները: Բարեբախտաբար, արդի Ռուսաստանը` համախմբված իր առաջնորդի` Վլադիմիր Պուտինի շուրջ, հասկացել է այդ սպառնալիքը: Եվ չարժե կասկածել, որ թշնամին կվնասազերծվի Ռուսաստանի հեռավոր մատույցներում, որքան էլ որ ջանա թուրքական ղեկավարությունը ռազմական գործողություններ սանձազերծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքներում: Մեր օրերում ինչպես Եվրոպային, այնպես էլ Եվրասիային սպառնացող ընդհանուր աղետի ընկալումը թելադրում է այն կանխելու համատեղ, կոորդինացված ջանքերի ընդունում: Սա էլ հենց ԵԱՀԿ բոլոր երկրների առջեւ կանգնած ամենահրատապ խնդիրն է: Ավաղ, այս խնդրի բացառիկ կարեւորության ընկալումը մենք չզգացինք ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովի օրերին, որն օրերս ավարտեց աշխատանքը Բելգրադում: Անգործությունն այս հարցում հղի է պատերազմի սանձազերծմամբ` Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ամբողջ տարածքում: Եվ դա, ցավոք, չափազանցություն չէ: Այս սպառնալիքի կանխմանն ուղղված պատշաճ միջոցներ չձեռնարկելով` մենք դատապարտված կլինենք այն բանին, որ գալիք սերունդներն արդարացիորեն կկշտամբեն աշխարհի առաջատար երկրների այսօրվա առաջնորդներին` մեծն Վիկտոր Հյուգոյի նախազգուշացումը հավուր պատշաճի չիմաստավորելու համար, որը դեռեւս 1827թ., իր հայտնի «Կրոմվել» դրամայի նախաբանում գրում էր. «Ամենուր հրդեհ է, մահ ու ավերածություն. այստեղով թուրքերն են անցել»:
Հ.Գ.- Ուշադիր վերլուծելով թուրքական ղեկավարության վերջին տասնամյակների գործողությունները` ինձ չէր լքում տագնապը, վտանգի գուցե փոքր-ինչ չափազանցված զգացողությունը, ինչը բխում էր Էրդողանի եւ նրա զինակիցների մանրակրկտորեն քողարկված, բայց հրեշավոր արարքներից: Հիշողությանս մեջ արթնանում էին Գերմանիայում նացիզմի ամենահայտնի հակառակորդներից մեկի` Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Նիմյոլերի` ափսոսանքով եւ սեփական մեղքի գիտակցությամբ լի խոսքերը: Իր հայտնի «Երբ նրանք եկան...» էսսեում, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով, այդ մեծ բողոքական աստվածաբանը գրել է. «Երբ նացիստները եկան կոմունիստների հետեւից, ես լռում էի, ես հո կոմունիստ չեմ: Հետո նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետեւից, ես լռում էի, ես հո սոցիալ-դեմոկրատ չեմ: Հետո նրանք եկան արհմիութենական գործիչների հետեւից, ես լռում էի, ես հո արհմիության անդամ չեմ: Հետո նրանք եկան հրեաների հետեւից, ես լռում էի, ես հո հրեա չեմ: Իսկ հետո նրանք եկան իմ հետեւից, եւ արդեն մեկը չկար, որ կարողանար ընդվզել»: Աստված մի արասցե, որ քաղաքակիրթ Եվրոպայի բարեհոգությունն իր ժողովուրդներին կանգնեցնի այնպիսի դրության մեջ, երբ արդեն մեկը չի լինի, որ դիմակայի վերածնված եւ ամրացող նեոօսմանականությանը եւ պանթյուրքիզմին` թուրքական ժամանակակից նացիզմին: Աշխարհը վաղուց կուշտ է հրից, մահից, ավերածությունից. թուրքական նացիզմը չպետք է անցնի:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի
պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի Ազգային ժողովի
պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ https://iravunk.com/sim/?p=162799&l=am/