ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16
ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Եվ այսպես, հանրաքվեի արդյունքներով կարելի է ասել, որ կատարել ենք անցում դեպի խորհրդարանական հանրապետություն: Այս հանրաքվեի տարբերությունը նախորդ երկուսից առավել քան էական է: Եթե 1995-ի հանրաքվեի պարագայում այն տեղի է ունեցել ԱԺ առաջին, եւ կոպտագույն ընտրահանցագործությունների պայմաններում, ապա 2005-ի հանրաքվեն անցել էր գործնականում աննկատ, առանց էական հանրային քննարկման ու հանրության փաստացի անտարբերության պայմաններում: Իսկ այս հանրաքվեին նախորդել էր լուրջ եւ բազմակողմանի քննարկում, ակտիվ քարոզարշավ, եւ քաղաքացիների մասնակցությունն էլ արձանագրեց բարձր ցուցանիշ` ընտրողների ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելին:
ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՎ ԼՈՒՍԱՆՑՔԱՅԻՆՆԵՐԻ «ԹՈՒՂԹՈՒԳԻՐԸ»
Ինչ են նշանակում «այո»-ի ու «ոչ»-ի ցուցանիշները: Այնպես չէ, որ բոլոր «այո» քվեարկողները իշխանամետներ են, իսկ «ոչ» քվեարկողները` ընդդիմադիր: «Այո» քվեարկողների մեջ կան եւ գործող իշխանությանը հույժ բացասաբար վերաբերվողներ, ովքեր, սակայն, այդ նախագծով փոփոխության շանս են տեսել: «Ոչ»-երի մեջ էլ կան այնպիսիք, ովքեր պարզապես թերահավատորեն են վերաբերվում կառավարման խորհրդարանական տարբերակին, կամ այս կամ այն ռիսկերն են տեսել նոր նախագծում:
Համենայնդեպս, թեեւ շատ ակտիվ քարոզչություն էր վարվում` «ոչ»-ը իշխանությանը հեռացնելու հետ նույնացնելու ուղղությամբ, որին լծված էր ոչ միայն «նարնջագույն» ընդդիմությունը, այլեւ գրանտակեր կառույցները, Արեւմուտքից սնվող քարոզչամիջոցները, այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ այդ նույնացումը ընդհանուր առմամբ չաշխատեց: Առավել քան 400 հազար «ոչ» քվեարկողների պարագայում մենք այդպես էլ չտեսանք լեփ-լեցուն հրապարակներ (իսկ, օրինակ, վերջին համապետական ընտրություններից հետո հրապարակները լեփ-լեցուն էին), ու առավել եւս հանրությունը չցանկացավ հետեւել դեպի քաղաքացիական առճակատում եւ արյունոտ խռովություն կանչող «Նոր Հայաստանի» «փրկիչներին»:
Իսկ քաղաքական լուսանցքում հայտնված ուժերն անցան արդեն այն գործողություններին, որոնք ավելի շուտ ոչ թե քաղաքական հարթությունում են, այլ` սեւ մոգության, «թուղթուգիր» անելու: Հատկապես ցայտուն դա երեւաց Զարուհի Փոստանջյանի պարագայում, երբ վերջինս խրտվիլակներ այրեց: Իսկ թե ինչի են վերածվել տիկնոջ խորհրդարանական ելույթները` մեկնաբանելն ավելորդ է, ու պարզապես մնում է նախանձել Գալուստ Սահակյանի նյարդերի ամրությանը: Բայց ոչ բոլորն ունեն այդքան պինդ նյարդեր, եւ, օրինակ, Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց Զարուհի Փոստանջյանին իր քայլերով չհավասարվել ուկրաինական «Ֆեմեն» շարժման աղջիկներին... Իսկ, ընդհանուր առմամբ, շատ տեղին էր նախարարի կոչը` երիտասարդության մի մասը չթշնամացնել մյուս մասի հետ, նորանոր խրամատավորումներ չստեղծել:
Սակայն տիկին Փոստանջյանի շամանիզմից ու սեւ մոգությունից շատ ավելի դատապարտելի էր Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը: Հրապարակավ քվեաթերթիկ պատռելը սոսկ անհավասարակշիռ քայլ չէ: Նա, փաստորեն, հրապարակավ պատռեց հանրության քվեն, ինչը քիչ է տարբերվում դրոշ պատռելուց, կամ զինանշան անարգելուց: Հանրության քվեն խորհրդանշող քվեաթերթիկի պարագայում քաղաքական վարքագծի ընդամենը հետեւյալ տարբերակները գոյություն ունեն` քվեարկել կողմ, քվեարկել դեմ, քվեարկել անվավեր, կամ ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Եվ պատահական չէ, որ բացարձակապես ոչ ոք չհետեւեց Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին, այդ թվում եւ այս պահին Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքացիները: Քանզի ամերիկացի Րաֆֆիի քայլը ոչ միայն բացարձակ անարգանք է պետության հանդեպ, այլեւ պարունակում է բռնության անցնելու ուղերձ:
Խոշոր հաշվով, ֆիասկո ապրեց եւ ՀԱԿ-ը, ու պատահական չէր նաեւ, որ ՀԱԿ-ի առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, քվեարկության օրը շրջահայեցորեն շատ զգույշ արտահայտվեց` ընդամենը կոչ անելով ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Սակայն ձախորդփանոսության կենդանի խորհրդանիշ դարձած Լյովիկ Զուրաբյանը դեռ գիշերվանից սկսեց թմբկահարել «ոչ»-ի հաղթանակի մասին, իսկ հաջորդ օրը անցավ փորձերի` «ոչ» քվեարկած 400 հազար քաղաքացիներին գրեթե ՀԱԿ-ի ընտրազանգված հռչակելով:
Անշուշտ, շատերը կփորձեն այդ 400 հազար քվեները վերագրել իրենց, դրանց վրա քաղաքական կապիտալ կառուցել, սակայն «ոչ» քվեարկած քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը, մեղմ ասած, դժվար թե ջերմ զգացմունքներ են տածում ԼՏՊ-ի ու առավել եւս Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Այդ քաղաքացիների համակրանքն ու 2017-ի խորհրդարանական ընտրություններին` նաեւ քվեները նվաճելու ավելի մեծ շանս ունեն առավել զուսպ վարքագիծ դրսեւորած ուժերը, զորօրինակ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», նոր ստեղծվելիք ընդդիմադիր նախագծերը, եւ միգուցե անգամ` ՕԵԿ-ը: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը» ու ՀԱԿ-ին, ապա այդ կուսակցություններին վստահաբար 2017-ին մենք չենք տեսնի խորհրդարանում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Պատահական չէ, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով` շեշտադրումներն անելով հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունների վրա: Մասնավորապես. «Այսօր արդեն մենք շատ ավելի պատրաստ ենք արդյունավետ պետության կայացման ճանապարհի հաջորդ քայլերն իրապես ամուր դնելու համար: Վստահ եմ, որ կարողանալու ենք արդեն քառորդդարյա պետականության փորձով իմաստնացած` տարբերակել մնայունը անցողիկից, կարեւորը` երկրորդականից: Եվ, ամենակարեւորը, վստահ եմ, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին անգամ կարողանալու ենք իշխանությունը դարձնել ոչ թե ունակ ուժերն իրարից բաժանելու, այլ դրանք իրար միացնելու գործոն: Պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Մենք գործուն եւ տրամաբանական համակարգի կայացման առաջին, բայց կարեւոր քայլն արդեն արեցինք: Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն»:
Ըստ երկրի ղեկավարի` «Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության եւ ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: Դա նշանակում է նաեւ զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն»:
Բայց միաժամանակ, ՀՀ նախագահն ընդգծեց այսօր առկա մտահոգիչ պահը եւ դրա հաղթահարման տարբերակը. «Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում: Ես փորձել եմ այս բառից որքան հնարավոր է խուսափել: Իմ խորին համոզմամբ, երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Ավելին, այս փոփոխությունների հիմնական նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ երկրի ներսում ճակատ ճակատի դուրս գալու ու կռիվ տալու կարիքը չլինի»: Եվ իրոք, անկախության քառորդ դարը բավականին մեծ ժամանակաշրջան է, որպեսզի գոնե սկսենք քայլ առ քայլ պատմության աղբանոց նետել ներքին առճակատումների անպտուղ եւ վնասաբեր տրամաբանությունը, որը եւ առկա մթնոլորտի փչացման կարեւոր բաղադրիչներից մեկն է: Հանրաքվեի նախապատրաստման փուլում իսկ հենց Սերժ Սարգսյանի ջանքերով ստեղծվեց հարմար միջավայր քննարկումների ու բանակցությունների համար, ու դրանց մասնակցեցին գործնականում բոլոր կուսակցությունները, որոնք ցանկություն հայտնեցին: Բայց միաժամանակ. «Այդ «Այո»-ն չէր նշանակում, որ մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր եւ սուր քննարկումներ չեն եղել: Թե որքան ենք ունեցել, միայն մենք գիտենք: Այնուամենայնիվ, մենք մշտապես ուժ էինք գտնում մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու: Վստահ եմ, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել` հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության»:
Այսինքն` սկիզբ է դրվում քաղաքական նոր մշակույթի, ուր առճակատմանը փոխարինելու է գալիս մրցակցությունը եւ փոխզիջումների հասնելու արվեստը: Ու նաեւ նոր պայմանները թելադրում են եւ այն, ինչը կարելի է պայմանականորեն կոչել «ընդդիմափոխություն»: Այսինքն, ընդդիմության հիմնական գործառույթը լինելու է ոչ թե հայհոյանքն ու թշնամանքը իշխանության նկատմամբ, այլ ռեալ քննդատությունը, վերահսկողական գործառույթը ու նաեւ այլընտրանքային լուծումների առաջարկումը: Որոշ կուսակցություններ դա ըմբռնեցին բավականին վաղ, եւ դրա շնորհիվ, լինելով հանդերձ ընդդիմադիր, այս հանրաքվեի նախապատրաստման ընթացքում, ի տարբերություն լուսանցքային արմատականների, վնաս չհասցրին սեփական վարկանիշին:
Իսկ 2016-ից, բնականաբար, քաղաքական ուժերի եւ գործիչների քայլերի տրամաբանությունն արդեն էականորեն պայմանավորված է լինելու 2017-ի ԱԺ ընտրություններին նախապատրաստվելով: Չէ՞ որ 2017-ից արդեն ԱԺ-ն է լինելու իշխանության հիմնական կրողը, ու 2017-ի պատգամավորի կարգավիճակը այսօրվա պատգամավորի կարգավիճակից էապես բարձր է լինելու:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162791&l=am/