ՕԵԿ. ԱՅՈ ԵՎ ՈՉ ՔՎԵՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՈ-Ն ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ ՄԵԾ Է
Արխիվ 12-16
ՕԵԿ. ԱՅՈ ԵՎ ՈՉ ՔՎԵՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՈ-Ն ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ ՄԵԾ Է
ՕԵԿ-ն այսօր սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է հանրաքվեի ընթացքում բազմաթիվ ընտրախախտումների մասին: Միաժամանակ կուսակցությունը հայտարարում է, որ ՕԵԿ-ը խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանում չի նախաձեռնի հանրաքվեի արդյունքների վիճարկման գործընթաց, քանի որ նախ խորհրդարանում չկան նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար և երկրորդ` ԱՅՈ և ՈՉ քվեների տարբերությունը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, շուրջ 2 անգամ մեծ է հօգուտ ԱՅՈ-ի և նման գործընթացը չի կարող փոխել հանրաքվեի վերջնական արդյունքները:
Կուսակցությունը նաեւ պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում իրավապահ մարմիններում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հեղեղված ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննության և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցերում:
Ըստ կուսակցության` համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017թ. համապետական ընտրությունները:
«Իրավունք»-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց` ՕԵԿ-ն ինչու ՀԱԿ-ի նման հստակ չի ասում` հանրաքվեն կեղծվել է, եթե բազմաթիվ խախտումների մասին է խոսում: «Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասել ենք: Ավելացնելու ոչինչ չունենք»,- Մհեր Շահգելդյանը:
Փաստորեն, ՕԵԿ-ն ու այլ կուսակցություններ եւս հիմիկվանից մտածում են հաջորդ ընտրությունների ու ապագա խորհրդարանում տեղ ունենալու ոչ թե մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդի մատից փուշ հանելու մասին: Իսկ թե որքանով կուսակցությունը հետեւողական կլինի իր պահանջի` ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քննելու եւ մեղավորներին արժանի պատժի ենթարկելու համար, ցույց կտա ժամանակը: Մի բան կարող ենք արձանագրել` հաջորդ ընտրությունների մրցավազքը սկսված է...
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162790&l=am/