5/4 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ. ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑՍ ԱՎԵԼԻՆ ԷՐ, ԿԱՆԽԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ. ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Արխիվ 12-16
5/4 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ. ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻՑՍ ԱՎԵԼԻՆ ԷՐ, ԿԱՆԽԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ. ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Ավարտվեց Սահմանադրական հանրաքվեն: Ուղիղ 20:00-ին փակվեցին տեղամասերը, որպեսզի ամփոփվի տվյալները: 19:00-ին թիվ 5/4 ընտրատեղամասում տողերիս հեղինակը քվեարկություն կատարելուց հետո զրուցեց տեղամասի պատասխանատուների հետ: Մինչ զրույցը ՀԱԿ ներկայացուցիչը տեղեկանալով լրագրողի ներկայության մասին միանգամից առաջ անցնելով բոլորից ասաց, որ նա ՀԱԿ-ից է եւ իր հետ պետք է զրուցել: Մենք չառարկեցինք նշելով, որ պետք է հանձնաժողովի նախագահից սկսել, ներկայանալ, հետո անցնել աշխատանքի: Պարզվեց վերոնշյալ ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ԲՀԿ անդամ էր եւ նրա խոսքով առավոտվանից մինչ 19:00-ն որեւէ արտառոց դեպք չի գրանցվել. «Գեվորգյան Սուսաննա, տպավորությունս բավականին լավ է, նկատվում է ակտիվ մասնակցություն, որը իհարկե չէինք սպասում: Ունեցել ենք արտասահմանից դիտորդներ: Մեր տեղամասում ունենք մոտ 1800 ընտրող, այս պահի դրությամբ մասնակցել են 1200-ը: Ամենասկզբից կուսակցականներով պայմանավորվել ենք, որ մենք բոլորս էլ ներկայացնում ենք ժողովրդի շահերը եւ կուսակցականությունը դնում ենք մի կողմ»:
ՀԱԿ ներկայացուցիչ Բաղդասարյան Ամալյան ամենայն ոգեւորությամբ մեզ փոխանցեց, որ առ այդ պահը որեւէ միջադեպ չի գրանցվել. «Շատ զարմանալի է, որ այցելությունը մեծ է, իսկ ամենազարմանալին, որ ավտոբուսներ եւ ճնշումներ չկային, ինչը ինձ համար անակնկալ էր: Կարծում էի ավելի անտարբեր վերաբերմունք կլինի ժողովրդի կողմից, բայց առանց ավելորդությունների մարդիկ ինքնակամ այցելում են մեզ մոտ: Սկսած երեկվանից մոռացել ենք կուսակցական պատկանելությունը եւ առանց ավելորդությունների աշխատում ենք: Սպասումներիցս ավելին էր, ես մարտական էի եկել, բայց հաճելի անակնկալ էր ինձ համար: Մի քիչ լավ չէր, որ կանխելու բան չկար, կամ միգուցե ես չեմ նկատել»: Հստակեցրինք, եթե նման բան լիներ եթե դուք չէ, ապա մնացածները կնկատեին, ինչին մեր զրուցակիցը դրականորեն արձագանքեց:
ՕԵԿ-ը ներկայացնում էր Ալեքսանյան Լուսինեն, ով եւս ընդդիմադիր լինելով գերազանց գնահատական տվեց ընթացիքն:
«Ժառանգությունը» ներկայացնող Կարինե Ղազարյանը չնայած վերոնշյալ կուսակցությունից չէր, սակայն կիսեց իր գործընկերների կարծիքն ամբողջությամբ ասելով, որ որեւէ խախտում, արտառոց դեպք, խոչընդոտ չի նկատվել եւ նա եւս զարմացած էր ընտրողների ակտիվությամբ. «Ես չորրորդ անգամ եմ այս կարգավիճակում եւ պետք է արձանագրեմ, որ սրա նման դրական ընտրություն չի եղել»:
Վերջում զրուցեցինք ՀՀԿ ներկայացուցիչ Գրիգորյան Անահիտի հետ, ով եւս հաստատեց այն բոլորի խոսքերը, որը մինչ այդ ասել էին ընդդիմադիր գործընկերները. «Բողոքներ չեն եղել, հանգիստ մթնոլորտ էր, ընդդիմադիրները շատ գոհ են»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162761&l=am/