ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԶԼՄ-Ն ԼՐԱԳՐՈՂԻՑ ՉԻ ՏԱՐԲԵՐՈՒՄ
Արխիվ 12-16
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԶԼՄ-Ն ԼՐԱԳՐՈՂԻՑ ՉԻ
ՏԱՐԲԵՐՈՒՄ
Սահմանադրական հանրաքվեն առավոտյան ժամը 08:00-ից մեկնարկել է: «Իրավունք»-ի թղթակիցն այցելեց 13/33 տեղամաս` պարզելու, թե ինչպես է անցնում ընտրական գործընթացը:
Հիշեցնենք` ՀՀ քաղաքացիները պետք է «այո» կամ «ոչ» քվեարկեն նոր սահմանադրության օգտին:
Հանձնաժողովի նախագահ, Պարույր Սեւակի անվան 123 դպրոցի տնօրեն Լարիսա Բագդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 11:00-ին`ընտրությանը մասնակցել է 170 ընտրող: Ընտրատեղամասը բացվել է ժամը 08:00-ին: Առաջին ընտրողը քվեարկել է 08:01-ին: «Արտառոց որեւէ դեպք չի գրանցվել, ամեն ինչ նորմալ է ընթանում»,- հավաստիացրեց հանձնաժողովի նախագահը:
Ժամը 11:00-ի դրությամբ 13/33 տեղամասում առավոտյան ութից սկսած ոչ մի կուսակցության վստահված անձ չի եղել ընտրատեղամասում:
Ի դեպ, հանձնաժողովի քարտուղարը բավական «դժվարությամբ» գրանցեց «Իրավունք»-ին որպես լրագրողի: Ավելին, տպավորությունն այնպիսինն էր, որ քարտուղարը շփոթված է ու երեւի այնքան շփոթված, որ քթի տակ ասաց. «Հիմա սա ԶԼՄ է, թե՞ չէ: Սա ԶԼՄ-ի տակ գրե՞մ»:
Հանձնաժողովի նախագահն էլ ասաց. «Այո, այո, ԶԼՄ է»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ