Երբ նազելի հայուհիները, կապուտաչյա սլավոնուհիներն ու սեւամորթ կոկետուհիները նույն բեմահարթակում են
Արխիվ 12-16
ԵՐԲ ՆԱԶԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ, ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՍԼԱՎՈՆՈՒՀԻՆԵՐՆ ՈՒ ՍԵՎԱՄՈՐԹ ԿՈԿԵՏՈՒՀԻՆԵՐԸ ՆՈՒՅՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԵՆ
Օրերս Մոսկվայում կայացավ երկար սպասված «ArmFashionDay»-ը` հայկական նորաձեւության օրը, որի շրջանակներում ներկաների ուշադրությանը ներկայացվեց հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները եւ, իհարկե, իրենց կատարումներով օրն էլ ավելի տոնական դարձրեցին սիրված երգիչ-երգչուհիները: Նշենք, որ երեկոն վարեց ԳԱՅԱՆԵ ԲՐԵՈՎԱՆ, ով անմնացորդ աջակիցն է հայերի, հայկականի ու գեղեցիկ մտահաղացումների, ինչպիսին «ArmFashionDay»-ի կազմակերպիչ, ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԻ նախաձեռնած միջոցառումն էր: Եվ ամփոփելով տեղի ունեցած միջոցառումն` «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հենց Ն. Նիազյանի հետ:
-Նաիրա, որքանո՞վ արդարացվեցին Ձեր սպասումները:
- Մասնակից 7 դիզայներներն իրենց աշխատանքներով հիացրեցին ներկաներին` գեղարվեստի իրենց ընկալման առանձնահատկություններով, ոճային ու գունային բազմազանությամբ` հագեցած ազգային տարրերով պատրաստված զարդանախշերից մինչեւ բոհեմային շքեղ աքսեսուարներով: Հավաքածուները ներկայացնող մանեքենուհիներն էլ չէին զիջում իրենց էկզոտիկությամբ. Արտյոմ Սյունեցու հայկական հավաքածուն ներկայացնող նազելի հայուհիներին փոխարինելու էին գալիս երկարոտնյա կապուտաչյա սլավոնոհիններն ու մոդելավորող Արաքսյա Վիտայի կոկետ սեւամորթ գեղեցկուհիները:
- Իսկ ովքե՞ր էին հայկական նորաձեւության տոնի հյուրերը:
- Երեք ժամյա երեկոն անցավ մեկ ակնթարթի նման: Հյուրերը քաղաքական, մշակութային, շոուբիզնեսյան ներկայացուցիչներն էին, տնային տնտեսուհիներ, որոնց սպասումները` տեսնելու հարմարավետ հագուստից մինչեւ բեմական շիկ, կարծում եմ դիզայներներին հաջողվեց հրամցնել: Շոուն հատկանշական էր նաեւ խոստացված աստղաբույլի հիասքանչ կատարումներով, ինչն ավելի բովանդակալից ու հագեցած դարձրեց երեկոն: Ամեն հավաքածու ուղեկցվում էր հայտնի արտիստի կատարմամբ` Հայկ Էս, Էդգար, Դիանա Դիկովսկի,Նշան Հայրապետյան, Արտյոմ Հարությունյան, Մարիա Սիվցովա, Սեւակ Խանագյան, Ժաննա Խուդավերդյան, Օքսանա Կոզակովա, իսկ երեկոյի հատուկ հյուրը Արտեմ Վալտերն էր:
- Անդրադառնանք նաեւ ցուցադրված հավաքածուներից մի քանիսին առանձին-առանձին…
- Հայկական նորաձեւության տոնին մասնակցելու նպատակով Երեւանից Մոսկվա էր ժամանել դիզայներ Արտյոմ Սյունեցին, ով Վանի թագավորությանը նվիրված հայկական տարազների իր հավաքածուով գեղեցկուհի հայուհիներին ներկայացրեց շքեղ թագուհիների կերպարներով:
Դիզայներ Նարինե Հարությունյանը` նորաձեւության լայն շրջանկներին հայտնի իր կանացիության եւ նրբագեղության տեսականիներով, չնայած աշխատանքային խիտ գրաֆիկին, մեծ սիրով մասնակցություն ունեցավ սփյուռքում առաջին անգամ կազմակերպված հայկական նորաձեւության երեկոյին՝ մեկ անգամ եւս շլացնելով բոլորին:
Արմինա Գոմցյանի ներկայացրած հավաքածուն մեգապոլիսի խելահեղ ռիթմով ապրող աղջիկների ցանկությունների ճիչն էր` դասականի եւ ռոմանտիիկի համադրմամբ:
Դիզայներ Արաքսյա Վիտան իր հավաքածուն ստեղծել էր հարմարավետության սկզբունքով, ինչն, ըստ դիզայների, հնարավորութուն է տալիս գեղեցկուհիներին իր ստեղծած հագուստները կրել ողջ օրվա, աշխատանքի ընթացքում եւ երեկոյան` հարստացնելով զարդերով:
Աննա Մուրադյանը մանկուց է ստեղծում գլխարկներ եւ ցուցադրության շրջանակներում էլ ներկայացավ գլխարկների «ԱնդրիԵլա» հավաքածուով (ի դեպ, «Armfashionday»-ը Աննայի առաջին մեծ հարթակն էր):
Ռեգինա Ակոպովան իր հավաքածուն անվանակոչել էր «Ջազի երանգներ», եւ նվիրել հանգուցյալ հայրիկի՝ ջազ երաժշտի վառ հիշատակին:
Այնպես որ, բոլոր դիզայներների դեֆիլեներն կամ ցուցադրումներն էլ յուրօրինակ էին եւ հագեցած:
- «Իրավունքի» հետ զրույցում մոդելավորող Անի Մանուկյանը նշել էր, թե քանի որ փակումն իրեն է վերապահված, հանդիսատեսին անակնկալ է սպասվում: Կպատմե՞ք անակնկալի մասին:
- Այո, իսկապես Անի Մանուկյանը ներկայացավ մեզ խոստացած անակնկալներով. Կինոյի եւ թատրոնի դերասանուհի Յանա Կրայնովան հանդես եկավ որպես մանեքենուհի եւ ցուցադրումն էլ անցավ Օքսանա Կոզավոկայի կենդանի կատարումների ներքո:
- Ինչպիսի՞ արձագանքներ կան միջոցառումից հետո:
- «Armfashionday»-ի շուրջ արձագանքներն անթիվ են`ամենաբարձր գնահատականներից՝ նոր տաղանդավոր հայերի հանդիսատեսի դատին ներկայացնելու եւ ավելի մեծ մասշտաբների ներկայացում կազմակերպելուց, որը շատերին հնարավորություն կտա ներկա գտնվելու, մինչեւ դիտողական կարծիքներ: Որպես երեկոյի կազմակերպիչ` պետք է նշեմ, որ գնահատում եմ հնչող բոլոր կարծիքներն ու վերանայում կատարած աշխատանքը: Եվ ցանկանում եմ նշել, որ հայկական նորաձության օր անվանումը չի պարտադրում կամ սահմանափակում ներկայացող դիզայներների հավաքածուների տեսակները (ներկայանալու միայն հայկական էլեմենտներով կարված տեսականիով): Մենք բոլորս ապրում եւ ստեղծագործում ենք հայրենիքից դուրս, եւ այս երկրի «ֆեշն» ոլորտին մոտ քայլելու համար պետք է ստեղծագործել համապատասխան ձեւաչափերով, եթե նաեւ նկատի ունենանք, որ ներկայացող բոլոր դիզայները ցանկություն ունեն դուրս գալու մեծ շուկա:
- Այսինքն` կարելի՞ է ասել, որ այսպիսի նորաձեւության օրերը շարունակական կլինեն:
- «Armfashionday»-ը կլինի շարունակական. հաջորդը տեղի կունենա 2016 թ. գարնանը: Այնպես որ, սիրով հրավիրում ենք հագուստի, աքսեսուարների ոլորտում ստեղծագործող մեր տաղանդավոր հայրենակիցներին իրենց կատարած աշխատանքները հանդիսատեսին` ռուսաստանյան լայն շրջանակների դատին ներկայացնելու համար:
- Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, որովհետեւ ինչպես նախորդ անգամ հաջողվեց Ձեզ Ռուսաստանում համախմբել հայ երգիչներին, հիմա էլ մեկ հարկի տակ կարողացաք համախմբել հայ մոդելավորողներին:
- Շնորհակալ եմ` իմ կատարած աշխատանքը գնահատելու համար. այն հայեցի է եւ համախմբող, երբեմն շատ լայնամասշտաբ իմ ունեցած հնարավորություններից, բայց շատ փոքր իմ ցանկություններից: Ես շարունակելու եմ իմ հայրենանվեր գործունեությունը` սպասումով, որ մի օր մեծարգո հայրենակիցներից կարձագանքեն`աջակցելու ցանկությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162743&l=am/