Տ. Տաթեւ քահանա Մարուքյան. «ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Արխիվ 12-16
Տ. Տաթեւ քահանա Մարուքյան. «ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ
ՂՈՂԱՆՋՈՒՄ ԻՐԵՆՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի «Տիկնանց միություն»-ը 1993 թ.-ից ստանձնել է Հայաստանի երեխաների հովանավորման ծրագիրը (ՀԵՀԾ/CASP), որը փորձում է հոգալ ծնողազուրկ երեխաների առաջնային կարիքները: Իսկ 2006 թ.-ից «Տիկնանց միություն»-ը ծրագրի իրականացման գործընկեր է ընտրել ՀՕՖ-ը, որն իր աշխատանքի ընթացքում հատկացվող օգնություններն ավելի հասցեական է դարձրել` տնայցերի եւ ընտանիքների հետ անմիջական շփումների միջոցով: Ընդորում` այս ծրագիրն իրականացվում է Հայաստանում եւ Ջավախքում: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 1260 ծնողազուրկ երեխա մինչեւ չափահաս դառնալը ամենամյա ֆինանսական օգնություն է ստանում ամերիկահայ բարերար ընտանիքներից: Եվ այս տարի ՀՕՖ-ի CASP ծրագրում Ջավախքից ընդգրկված էր թվով 49 միակողմանի ծնողազուրկ երեխա, որոնք իրենց հովանավորների կողմից ուղարկված գումարը ստացան նոյեմբերի 8-30-ն ընկած ժամանակահատվածում:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 8-ին` երեխաներն իրենց խնամակալների հետ եկել են Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, ստացել Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ ՏԵՐ ԲԱԲԳԷՆ վրդ. ՍԱԼԲԻՅԱՆԻ օրհնությունը, այնուհետեւ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. ՏԱԹԵՎ քահանա ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ միասին երեխաներն աղոթել են իրենց բարերարների համար:
«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել եւ վերոնշյալ ծրագրի մասին զրուցել Տ. Տաթեւ քահանա Մարուքյանի հետ, ով նախեւառաջ մանրամասնեց. «Այս ծրագիրն իր առջեւ նպատակ ունի բացի նյութական աջակցությունից, ծնողազուրկ երեխաներին մերձեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հաղորդ դարձնել հոգեւոր կյանքին: Սույն նպատակին հասնելու համար գումարը սովորաբար բաշխվում է Եկեղեցիներում` հոգեւորականների կողմից»: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ այսօր բարեգործությամբ ոչ բոլորն են զբաղվում կամ շատերը միայն իրենց անձն են փորձում գովազդել դրանով, Տեր հայրը համաձայնելով մեզ հետ` ընդգծեց. «Համամիտ եմ, որ մեր օրերում ոչ բոլորն են զբաղվում բարեգործությամբ` այն էլ ավետարանական ոգուն համահունչ` գաղտնի: Մինչդեռ այս ծրագիրն ունի հենց այդ յուրահատկությունը, որ բարերարները չեն ղողանջում իրենց բարեգործության մասին, նրանք այդպես էլ շատ անգամ անհայտ են մնում շահառուների համար», - եզրափակելով խոսքը ասաց Տեր Տաթեւը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162725&l=am/