ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ
ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Իտալացի դիրիժոր, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ, կարծես թե, սիրահարված է մեր երկրին: Դիրիժորն իսկապես բաց չի թողնում Հայաստան գալու յուրաքանչյուր առիթ: Նա մշտապես իր անձնական եւ արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման, համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: Գրեթե մեկ ամիս առաջ էր, երբ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, երկու ներկայացուման շրջանակներում սիրով աշխատեց թատրոնի կոլեկտիվի հետ եւ հանդես եկավ դիրիժորական վահանակի մոտ:
Ահա, դեկտեմբերի 8–ին, Մարչիանոն կրկին հանդես կգա գլխավոր թատրոնի բեմում` «Գալա համերգ»-ին` աշխարհահռչակ տենոր, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի եւ Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: «Գալա համերգ»-ին մասնակցելու է նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը:
Համերգին հանդես կգան Գեղամ Գրիգորյանը /տենոր/ ՀՀ եւ ԼՀ ժող. արտիստ, Գեւորգ Հակոբյանը /բարիտոն/ ՀՀ վաստ. արտիստ, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Սոֆիա Թումանյանը /մեցցո-սոպրանո/, Գոշ Սարգսյանը /բաս/, Սիրանույշ Գասպարյանը /սոպրանո/, Տաթեւ Աշուրյանը/սոպրանո/, բալետի առաջատար մենապարողներ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը եւ բալետի արտիստ Վահագն Մարգարյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162721&l=am/