ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՋԱԶԱՅԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐՈՎ»
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՋԱԶԱՅԻՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐՈՎ»
Այսօր «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` ՀՀ մշակույթի նախարարության, Հովհ. Շարամբարյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ, կազմակերպել էր երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական ու միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «Առասպելներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվեց շուրջ 20 քանդակ եւ գրաֆիկական աշխատանք: Բացման արարողությունը ուղեկցվեց «Ջազային առասպելներ» խորագրով՝ Արմեն Հյուսնունցի եւ Վահագն Հայրապետյանի երաժշտական կատարումներով:
«Ինչո՞ւ առասպելներ, որովհետեւ ամեն մի երկիր իր պատմության մեջ առաջնորդվել է իր առասպելներով, երկերով, եւ դրանով դաստիրակվել են սերունդներ: Ինձ միշտ հետաքրքրություն է առաջացրել տարբեր հետնորդների հերոսները, դրանք խթան են հանդիսացել օգտագործել այդ բազան, եւ վստահ եմ` հետագայում երկար կապրեն»,- իր խոսքում հավելեց օրվա հերոսը:
Մտահղացումները նյութականի վերածելու համար Արմենը օգտագործում է տարբեր նյութեր՝ խեցի, բրոնզ, պղինձ, քար, եղջյուր:
«Նա այն եզակի արվեստագետներից է, որոնց համար առաջնահերթը միտքն է, հետո` ձեռքերի շարժումը: Այսինքն` արձակները ամբողջովին ճկուն մտքի մեջ ձեւավորված գաղափարներից, ազդեցություններից, պատմվածքներից են: Այստեղ դուք տեսնում եք ե՛ւ աշխատանքներ ընթերցված գրքերից, ե՛ւ տարբեր պատմություններից, որոնք հարազատներն են պատմել, ե՛ւ երեւույթներ, ե՛ւ դիցաբանություն, ե՛ւ առասպելներ… Կարծում եմ` սրանք լուրջ մտավորականի աշխատանքներ են, եւ այդ միտքն էլ առաջնահերթ արտացոլված է իր աշխատանքներում: Վերնագրերն էլ շատ արտացոլում են գաղափարը: Այս արվեստագետին մեծ ապագա է սպասում եւ կասկած չունեմ, որ ժամանակի մեջ նա հայտնի կդառնա նաեւ միջազգային ասպարեզում: Ավելի քան վստահ եմ` այսօրվա ցուցահանդեսը կաջակցի այդ գործընթացին», - իր խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ