ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԱՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐԸ ԿԱ ԱՅՍ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ»
Արխիվ 12-16
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԱՎ
ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ, ՈՐԸ ԿԱ ԱՅՍ
ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ»
ՀՀԿ պատգամավոր, Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանից «Իրավունք»-ը պարզեց` «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքները ինչ հանգրվանի կհասնեն: Ակնհայտ է, որ «Նոր Հայաստան»-ը վճռական է տրամադրված իշխանափոխություն կատարելու հարցում: Դեկտեմբերի մեկին մեկնարկած հանրահավաքը բացառապես կապ չուներ սահմանադրական բարեփոխումների հետ:
«Տպավորությունն այնպիսին էր, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն առիթ էր նրանց համար: Ես չգիտեմ` ինչքան է մարդկանց թվաքանակը, բայց եթե ամբողջ հրապարակը լեփ-լեցուն լիներ հեղաշրջման կոչեր հնչեցնելու ու հեղաշրջում անելու համար այդ մարդկանց քանակը բավարար չէ, որ ասեն` խոսում ենք ժողովրդի անունից»,- ասաց պրն Հարությունյանը:
ՀՀԿ պատգամավորի համար անհասկանալի էր նաեւ «մահ ռեժիմին» կարգախոսը, որն ամենեւին էլ խաղաղ ցույցի կոչ չէ:
- Բայց կային այլ կարգախոսներ եւս`օրինակ, «ազգը կամ տականքը» :
- Չեմ ուզում մեկնաբանել: Այս շարժումը նպատակ ունի, հանրային կյանքը քաոսի վերածելով, հասնել իշխանության: Ավելին` իմ տպավորությամբ (իրենք էլ կարծես դա չեն հերքում), որ պատրաստ են մարտի մեկի գնով իշխանություն վերցնել, որը հեռանկար չի խոստանում ոչ մի ժողովրդի համար: Եթե այնտեղ կանգնածներին իշխանութունը սկուտեղ վրա մատոուցես, նա չի իմանալու` ինչ անել իշխանության հետ: Սրանք նաեւ այն մարդիկ են, որոնք ապրիլի 24-ը ցանկանում էին վերածել քաոսի: Կամ ինչ երաշխիք, որ այս շարժումը թափ հավաքելուց հետո Արցախ չի մտնի: Կարծում եմ` նպատակը ոչ թե իշխանություն վերցնել է, այլ մեր երկրում անկառավարելի իրավիճակ ստեղծելը: Իսկ դա ո՞ւմ է ձեռնտու: Հարցրեք ցանկացած քաղաքացու, ով գուցե արդարացիորեն դժգոհ է այս վիճակից` կցանկանա՞ք այդ ճանապարհով իշխանափոխություն լինի, կամ մարտի մեկ: Կասեն` ոչ: Պատահական չէ, որ օրինակ, ՀԱԿ-ը, եւս այդ քաղաքական ուժի կողքին չէ:
- ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը մասնակցում էր դեկտեմբերի մեկի հանրահավաքին...
- Դե Վլադիմիր Կարապետյանը մասնակցում էր այնքանով, որքանով, այսինքն` եթե ձեզ հաջողվի իշխանափոխություն, մենք էլ ձեզ հետ: Բայց Տեր-Պետոսյանը լավ հասկանում է այն սպառնալիքը, արկածախնդրությունը, որը կա այս շարժման մեջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162681&l=am/