«ՆՐԱՆՑ ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ»
Արխիվ 12-16
«ՆՐԱՆՑ ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ»
«Հայաստան-հակամայդան» համացանցային խումբը, որ ընդգրկում է շուրջ 12 հազար օգտատեր, տարածել է ուշագրավ հայտարարություն «ոչ»-իստների փողոցային ակցիաների ծավալման առնչությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
–Բարեկամներ, դեկտեմբերին մենք վճռելու ենք մեր երկրի ճակատագիրը: Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու մեզանից, եւ եկեք այնպես անենք, որ քվեարկությունը ճիշտ անցնի: Նայեք նրանց, ովքեր ներքաշում են ձեզ բողոքի մեջ, դրդում են հակամարտության` գործող իշխանության հետ: Արդյո՞ք արժանավոր մարդիկ են: Արդյո՞ք նրանք բարիք եւ միայն բարիք են կամենում մեր երկրին: Արդյո՞ք մաքուր են նրանց մտադրությունները: Արդյո՞ք նրանք օտար շահերի կատարածու չեն: Մենք պետք է հասկանանք, որ կարմիր գիծն անցնելը շատ հեշտ է, դժվար է ամեն ինչ վերադարձնել նորմալ հուն: Նրանք, ովքեր այսօր փորձում են քաղաքների փողոցներ հանել հազարավոր մարդկանց, դժվար թե հետապնդում են ողջ հայ ժողովրդի իրական շահերը: Նրանք, ովքեր փողոցներ են հանում հայկական քաղաքների բնակիչներին, օգտագործելով նրանց սեփական ամենեւին ոչ բարի նպատակների համար, հետապնդում են արեւմտյան տերերի եւ իրենց անձնական շահերը: Նրանք խաբում են, շահարկում են հրատապ խնդիրները, որոնք չեն էլ փորձում լուծել օրինական ճանապարհով: Նրանց պետք է զանգվածային բողոք, նրանք պատրաստ են ամեն ինչի` հանուն սեփական նպատակների: Նրանք օտարի օգնությամբ ուզում են գալ իշխանության, եւ նրանց չի վախեցնում անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը: Այսօր մենք կոչ ենք անում բոլոր հայերին` միավորել ջանքերը, որպեսզի այս բարեբեր երկիրը մնա այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք այն տեսնել: Մենք մեր մեջ ուժ կգտնենք չենթարկվելու ընդդիմության սադրանքներին: Եվ մենք` հայերս, լինելով հին եւ փառապանծ ժողովուրդ, մեր մեջ ուժ կգտնենք եւ կկարողանանք պաշտպանել մեր իրավունքը` ինքնուրույն վճռելու մեր երկրի ճակատագիրը: Ինքնուրույն եւ առանց ցնցումների: Մենք կոչ ենք անում մասնակցել հանրաքվեին եւ քվեարկել` բացառապես հենվելով սեփական համոզմունքների, հոգու եւ խղճի մաքրության վրա:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ