«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՄԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ՏՎԵԼ»
Արխիվ 12-16
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՄԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ՏՎԵԼ»
Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասողները «Նոր Հայաստան» ճակատի գլխավոր դերակատարների մասնակցությամբ` երեկ Ազատության հրապարակում անցկացրեցին հանրահավաք: Սակայն «ոչ»-ի քարոզարշավը վերածվեց մեղադրանքներ հնչեցնելու թատերաբեմի, որի թիրախում հայտնվեցին նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մասնավորապես ՀԱԿԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը, որն ի դեպ հանրահավաքին մասնակցող միակ ՀԱԿ-իստն էր, սկսեց անարգանքի սյունին գամել «այո» ասող ընդդիմադիր խմբակցություններին: Թե ինչպես են ԲՀԿ-ում վերաբերում նրան, որ ՀԱԿԿ անդամները, որոնք ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ի շողքի տակ էին ապրում, իսկ այսօր երախտամոռի պես քննադատում են իրենց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ.
-Չեմ ցանկանում այս պահին մեկնաբանություններ անել, որովհետեւ իրենց պահվածքով եւ իրենց արտահայտություններով իրենք իրենց մասին ամեն ինչ արդեն ասել են: Մեր հասարակությունն ու ժողովուրդը շատ իմաստուն է եւ նման արկածախնդիրներին իր գնահատականը վաղուց է տվել ու ամեն օր տալիս է: Դրա համար լուրջ չեմ վերաբերվում արված արտահայտություններին, իրենց էլ մաղթում եմ մի քիչ սթափություն ունենան եւ կարողանան ճիշտ դատել: Մնացածն արդեն ժամանակի խնդիր է:
- Ի դեպ, Վ. Կարապետյանը Ազատության հրապարակից նաեւ հետեւյալ հարցադրումն է հնչեցրել, թե ինչու ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն արձագանքում ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումների մասին: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:
- ԲՀԿ-ն հայտարարել է, որ պայքարելու է հանրաքվեի ազատ եւ անկախ մթնոլորտում անցկացման համար, այդ թվում` դեկտեմբերի 6-ին տեղամասերում պայքարելու ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ եւ թափանցիկ: Եվ որեւէ մեկի ցանկությունը կամ որեւէ մեկի ոչ իրական արտահայտությունը չի կարող լրջություն փոխանցել իրավիճակին, առավել եւս ԲՀԿ-ի արած գործի վերաբերյալ գնահատականներ փոխել: Իսկ եթե իրենք այդքան վստահ եւ ուժեղ են զգում իրենց, թող կարողանան նախ ամբողջ հանրապետության տարածքում ունենալ իրենց վստահված անձերը եւ հանձնաժողովի անդամները, հետո նոր գնահատականներ տան այն կուսակցություններին, որոնք այդ խնդիրը չունեն: Մենք այդ խնդիրը չունենք եւ բազմիցս նույնիսկ հայտարարել ենք, որ պատրաստ ենք իրենց տեղերն էլ, ովքեր նեղվում են եւ մարդ չունեն, մեր ներկայացուցիչներին ուղարկել, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, արդար եւ թափանցիկ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162633&l=am/