«ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՈՎ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ» ՆՈՒՅՆԻՍԿ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԴԵԶԸ ՉԻ ՕԳՆԻ
Արխիվ 12-16
«ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՈՎ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ» ՆՈՒՅՆԻՍԿ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԴԵԶԸ ՉԻ ՕԳՆԻ
Եվ այսպես, համացանցային ուղիղ հեռարձակմամբ հանրությունը հնարավորություն ունի դիտելու «Նոր Հայաստանի» «քաղաքացիական անհնազանդություն» կոչեցյալը, որը համացանցի որոշ օգտատերեր արդեն հասցրել են կոչել «տունտունիկային հեղափոխություն»: Ու իրոք այդ ամենը հիշեցնում է անիմաստ «տունտունիկ», թեեւ Ազատության հրապարակում Ժիրայր Սէֆիլյանը խրոխտ հռչակել էր «Մահ ռեժիմին» կարգախոսը:
ԾԱԽՍԱՏԱՐ ԿՐԿԵՍ
Ինչպես հայտնի է, նախօրեին արեւմտյան մի շարք դեսպաններ ցուցադրաբար այցելել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, դրանով իսկ դե ֆակտո հայտնելով իրենց կամքը, որ հենց Րաֆֆին պետք է համարվի շարժման առաջնորդ: «Ժառանգության» առաջնորդի վերաբերյալ բավականին դիպուկ արտահայտվել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` որակելով նրան «հովհարային անջատումով գործիչ», քանզի 2013-ից հետո բարեւասեր Րաֆֆին ասպարեզում գրեթե չէր երեւում, եւ ահա միայն օրեր առաջ հանկարծ «ռուբիլնիկը քաշեցին» ու «Ժառանգության» առաջնորդը միացավ:
Ինչեւէ, բավականին ակնհայտ է, որ «անհնազանդության» վրա «քեռի Սեմը» եւ Սորոս քեռին ամերիկյան հարկատուի կանաչ թղթադրամները չեն ափսոսում: Մասնավորապես, թեեւ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, որ մասնակիցները պետք է Ազատության հրապարակ գան` 4 օրվա սնունդ եւ համապատասխան հագուստ պարունակող ուսապարկով, սակայն նշել էր, թե ովքեր դա չեն ունենա, սնունդով եւ համապատասխան հագուստով կապահովվեն «Նոր Հայաստանի» շտաբի կողմից: Իսկ դա ահագին ծախս է, առավել եւս, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է: Ճիշտ է, բոլոր խողովակներով մարդ մոբիլիզացնելու շնորհիվ թեեւ հրապարակ ներկայացել էր շուրջ 2-3 հազար մարդ, բայց պարզ է, որ կազմակերպիչները ծրագրում էին ավելի շատ: Առավել եւս, որ գրանտակեր կոնտինգենտից բաղկացած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը ամեն ինչ արեց, որպեսզի տարատեսակ ՀԿ-ների աշխատակիցները հետույքները կտրեն հարմարավետ բազկաթոռներից, հայացքներն էլ` համակարգիչների էկրաններից եւ ներկայանան Ազատության հրապարակ: Սակայն, ինչպես հայտնի է, մեծամասնությունը գրանտակեր կառույցները նախընտրում են, որպեսզի առանց լարվելու եւ հարմարավետ պայմաններում փող աշխատեն, այլ ոչ թե մասնակցեն հեղափոխական գործողությունների, որոնք հղի են ծեծ ուտելու, ձերբակալվելու եւ այլ ռիսկերով: «Սորոսածիծներին» հետաքրքրողը Սորոս քեռու փողերն են, այլ ոչ թե նրա հետապնդած «հեղափոխական» նպատակները:
Բայց, անշուշտ, «Նոր Հայաստանի» «փրկչիստների» տունտունիկային հեղափոխությունը սորոսական փողերը ծախսելու միակ եւ հիմնական տեղը չէ: Հսկայական գումարներ ծախսվել են «ոչ»-ի քարոզչական` հաճախ ամերիկացու, այլ ոչ թե հայի համար նախատեսված նյութերի վրա, բավականին ճոխ սեմինարների եւ թրեյնինգների ժամանակ էլ նախապատրաստվել են բազմաթիվ «քաղաքացի դիտորդներ», ովքեր հանրաքվեի օրը իբր թե պետք է պայքարեին «ահավոր կեղծիքների» դեմ:
Սակայն մասնավորապես պարոն Րաֆֆիի պարագայում բավականին պարզ երեւում է, որ նա նույնիսկ մտքի ծայրով էլ չի անցկացնում ընտրատեղամասերում վերահսկել հանրաքվեի ընթացքը:
Օրաթերթից մեկի լրագրողները, երբ փորձեցին պարզել, թե Սյունիքի մարզում տեղամասային հանձնաժողովներում ովքեր են ընդգրկված` որպես «Ժառանգության» ներկայացուցիչներ, հայտնաբերեցին «Ժառանգության» զրո անդամ, իսկ քվոտաներով ընդգրկված էին մարդիկ, որոնց մի մասը նույնիսկ տեղյակ չէր, որ «Ժառանգություն» անունով կուսակցություն գոյություն ունի: Սույն, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակի բացատրության հարցն էլ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գցել էր Սյունիքի համար պատասխանատու Զարուհի Փոստանջյանի վրա: Դե, եթե հիշենք, որ «Ժառանգության» պատմությունից անպակաս են հանձնաժողովական քվոտաները վաճառելու հետ կապված սկանդալները, ապա ամեն ինչ պարզ է դառնում...
Ինչեւէ, Րաֆֆի Հովհաննիսյանի պես «հովհարային անջատումներով» գործչի վրա ինչքան էլ նյութական միջոցներ ծախսես, նա ի զորու չէ ռեալ գործ անել եւ ի կատար ածել իր հայրենիք Ամերիկայի նպատակներին համահունչ հեղափոխական կամ ոչ հեղափոխական ծրագրերը: Եթե այդ անողնաշարի` 2013-ին քվեների գրեթե 40 տոկոս հավաքելու շարունակությունը եղավ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթքի գնալը, ապա էլ ինչ սպասես այդպիսի գործչից: Սակայն նման է, որ «քեռի Սեմի» մոտ ընտրությունն առանձնապես մեծ չէ: Պետք է կամ այդ թույլիկ գործչին ընտրեին, կամ Զարուհի Փոստանջյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի պես անհավասարակշիռ կերպարներին, կամ էլ խաղագումարը դնեին ծերուկ ԼՏՊ-ի վրա, ով ինքը վարպետորեն կարող է ցանկացած ամերիկյան չինովնիկի «քցել»: Դե, ստացվեց այն, ինչ ստացվեց:
ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ` ՖԻԱՍԿՈՅԻ ԱՌԱՋ
Սէֆիլյանական հեղափոխությունը ունեցավ այնպիսի շարունակություն, ինչպիսին էր Մելիք-Ադամյան փողոց գնալը, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը կրակոտ ճառերից հետո ծաղկեփունջ դներ ՀՀԿ գրասենյակի դռան մոտ: Դրա շուրջ ծավալվեց ահագին երկար «պայքար», լեզվակռիվներ ոստիկանության հետ, եւ շուրջ 12 հազար մարդ համացանցում ուղիղ հեռարձակմամբ նայում էին, թե ինչպես շուրջ 1000 հոգի գերնպատակ են սարքել ինչ-որ մեկ շինության դռան մոտ մեկ ծաղկեփունջ դնելը:
Իսկ ոստիկանական չոր լեզվով` այդ ամբողջ տունտունիկը հնչեց այսպես. «ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով: Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված եւ ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով` «մեր քաղաքում ազատ քայլելու» եւ համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց եւ արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթեւեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետեւել իրազեկմամբ նախանշված երթուղուն:ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության եւ օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն եւ ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում եւ պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները»:
Ինչեւէ, տոտալ քարոզչությունը սահմանադրական բարեփոխումների դեմ ռեալ արդյունք չտվեց, քանզի քաղաքացիները մի կողմից չեն հավատում, որ «ոչ» քվեարկելով` կարող են իշխանություն փոխել («ոչ»-իստների թիվ մեկ թեզին), մյուս կողմից «ոչ»-իստների թիվ երկու թեզը` իբր կանխավ հայտնի է, որ համատարած կեղծվելու է, բերեց այնպիսի տրամադրությունների տարածմանը, որ «ոչ» ասողների մեծ մասը անիմաստ են համարում հասնել տեղամաս եւ այդտեղ ասել իրենց «ոչ»-ը: Թեեւ «այո»-ի քարոզչությունը իդելականից հեռու է, սակայն այն կրում է կազմակերպված եւ համակարգված բնույթ, ու վստահաբար կարելի է ասել, որ «այո»-ի տրամադրություն ունեցող գրեթե ցանկացած ոք գնալու է իր այդ «այո»-ն տեղամասում ասելու:
Դե ինչ, ընդդիմադիր կրքերով անկայունության ալիք ստեղծել չստացվեց: Չստացվեց նաեւ կոնկրետ սոցիալական պահանջներով շարժումները վերածել ընդհանուր հակաիշխանական շարժումների: ԱԱԾ-ն էլ վնասազերծեց եւ զինաթափեց երկու տասնյակ մարդուց բաղկացած զինված կազմավորումը... Ի դեպ, ԱՄՆ դեսպան Միլսը սեւեռելով իր ուշադրությունը հանցավոր խմբի ձերբակալված անդամների ճակատագրի վրա, կամա թե ակամա նաեւ մատնեց, թե այդ խմբի պատվիրատուն ու ֆինանսավորողն ով է...
Կարճ ասած` «քեռի Սեմի» մոտ չստացվեց ապակայունացնել Հայաստանը: Սակայն դա չի նշանակում, որ զգոնությունը կարելի է կորցնել: Ու ամենեւին էլ ավելորդ չէր, որ ձմռան առաջին օրը ոստիկանները զննում էին ցանկացածի պայուսակը, ով մուտք էր գործում Ազատության հրապարակ: Ինչպես ասվում է` զգուշավորին Աստված է պահպանում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ