5 ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ
Արխիվ 12-16
5 ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ
Եվ այսպես, ԱԱԾ-ն վնասազերծեց 21 հոգանոց լավ սպառազինված խումբ, ու դրանով իսկ մեր երկիրը մի մեծ փորձանքից պրծավ: ԱԱԾ-ի տվյալներով, եթե 3 օր էլ հապաղեին, ապա գրոհայինները սկսելու էին գործել, եւ շատ ծանր հետեւանքներ կլինեին, քանզի, ըստ ԱԱԾ քննչական վարչության պետի` ծրագրված էին հանցագործություններ` պետական եւ քաղաքական դեմքերի, քաղաքացիների նկատմամբ: Անշուշտ, թե ինչ էր նախապատրաստվում` ահաբեկչություննե՞ր, զինված հեղաշրջո՞ւմ, թե՞ այլ սցենար, վերջնական պատասխան կտա նախաքննությունը: Բայց որոշ բաներ արդեն պարզ է:
ՀԵՐԹԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵՑ
Մեր անհանգիստ տարածաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դիմակայության գիծն արդեն համընկնում է հայ-թուրքական սահմանի հետ, բնականաբար, շատ իրադարձություններ կապ ունեն այդ հակամարտության հետ: Պատահական չէ, որ հարեւան Ադրբեջանում էլ բռնկվել էր Շիրվանի բնիկների ապստամբություն, իսկ Ազգային անվտանգության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել էին պետական դավաճանության մեղադրանքով: Դա փաստորեն զուգահեռ էր մեզանում հայտնի զինված խմբի վնասազերծման հետ: «Քեռի Սեմը» պարապ չի մնում տարածաշրջանի եւ ոչ մի երկրում...
Կարելի է ենթադրել, որ զինված խումբն ու «Նոր Հայաստանի» ագրեսիվ ցուցարարները պետք է սկսեին գործել միաժամանակ` յուրաքանչյուրն իր դերակատարությամբ, եւ արդյունքում ստացվեր մոտավորապես նույն պատկերը, ինչ կար Կիեւի Մայդանում: Սակայն դրա մի բաղադրիչը կանխվեց (թեեւ չկան երաշխիքներ, որ այլ զինված խմբեր գոյություն չունեն), ու արդյունքում մարտավարությունը փոխեցին եւ այն ուժերը, որոնք պահանջում են միաժամանակ իշխանափոխություն եւ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելը:
Այսպես, եթե ի սկզբանե «Նոր Հայաստանը» պետք է մեկուսի սկսեր իր «Ազատության հրապարակ գալու եւ տուն չգնալու» հանրահավաքները, ապա ԱԱԾ-ի օպերացիայից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնությունում համախմբված գրանտակերները, այսինքն` «ոչ»-ի ամենակազմակերպված մասը, նույնպես որոշեցին միանալ «Նոր Հայաստանի» գործողություններին: Ըստ ամենայնի, ուժային բաղադրիչի չեզոքացումը որոշվեց փոխհատուցել` հնարավորինս շատ մարդ հավաքելով, եւ որոշ տեղեկություններով գրանտատուները նաեւ ՀԿ-ների առջեւ կոշտ պահանջ են դրել` անձնակազմը տաքուկ գրասենյակներից հանել-տանել հրապարակ: Ու, ի դեպ, «քաղաքացիական» «ոչ»-իստների հռետորաբանությունում հայտնվել է եւ իշխանափոխության պահանջը, որն ի սկզբանե չկար: Բայց, կարծես թե, այդքան էլ մեծ հույսեր չկան, որ փողոցային ակցիաները թույլ կտան կշեռքի նժարը թեքել դեպի «ոչ»-ը, կամ առնվազն անկայունություն առաջացնել:
ՆՈՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Աչքներս լույս, իր հայրենիքից` ԱՄՆ-ից վերջապես վերադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այդտեղ անթիվ-անհամար թաղումների, հարսանիքների, կնունքների եւ այլ միջոցառումների է մասնակցել: Դա նրա պաշտոնական բացատրությունն էր երկարատեւ բացակայության մասին, սակայն չար եւ քաջատեղյակ լեզուների խոսքով` նա այդտեղ բուժվում էր դեպրեսիայի դրսեւորումներից եւ ալկոհոլամոլությունից: Ինչեւէ, նրա հրապարակային ելույթներից ոչ ոք բան չհասկացավ, քանզի ոճը մնացել է նույնը` գեղեցիկ բառակույտեր: Նույնիսկ «Ֆեյսբուքում» նոր զվարճանք է ի հայտ եկել` օգտատերերը մրցում են, թե ով ավելի լավ կվերծանի Րաֆֆիի խուճուճաբանությունները: Ինչեւէ, ժպտերես, բարեհամբույր, բարեխառը խոսքը 2013-ի ազդեցությունը այլեւս ունենալ չի կարող, ուստի «Նոր Հայաստանի» փողոցային ակցիաներից առաջ Րաֆֆիի վարկանիշը բարձրացնելու գործին նետվեցին արեւմտյան դեսպանները` բավականին մեծ խմբով նրան այցի գալով:
Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա նոր երանգներ են ծլել: ԱԱԾ-ի գործողությունների առնչությամբ մի կողմից փորձ է արվում հանրությանը համոզել, թե այդ ամբողջը բեմադրություն էր, մյուս կողմից տեղի է ունենում զինված խմբի գովքի եւ հերոսացման քարոզչություն: Ու ցավոք, հանրության մի մասն այդ հերոսացման կուտն ուտում է, ինչը հուշում է, որ «գաղջ մթնոլորտի» հաղթահարման ուղղությամբ առավել գործուն քայլեր են պետք:
Ի դեպ, ավանդական «կեղծելու են ու վերջ» պնդումներին ավելացավ մի նոր հետաքրքիր երանգ: Մի շարք ՀԿ-ներ բացել են «Վերահսկիր հանրաքվեն» անունով կայք, ուր առաջարկում են հանրապետությունից բացակայող կամ քվեարկությանը մասնակցել չպատրաստվող քաղաքացիներին մուտքագրել սեփական տվյալները, ու կայքն այնպիսին է, որ ամեն ցանկացող կարող է այդտեղ մուտքագրել թեկուզ 10 հազար հոգու: Նույնիսկ որեւէ տեխնիկական դժվարություն չկա` ընտրողների ռեգիստրի առցանց բազայից համակարգչային ծրագրի միջոցով ավտոմատիկաբար հարյուրհազարներով ընտրողների տվյալներ լցնել այդտեղ... Դե պարզ է, հետո կհայտարարեն, որ այսքան մարդ հայտնել է քվեարկությանը չմասնակցելու մասին, հետեւաբար ահավոր կեղծիքներ են արել, ու «այո» քվեարկածներից թերեւս քչերը զահլա կունենան փորձել գտնել սեփական անուն-ազգանունն այդ կայքում (եթե, իհարկե, այդ ցուցակները հրապարակվեն):
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԸ
Ռոբերտ Սեդրակիչի վերջին հարցազրույցից հետո նրան սպասարկող քարոզչամիջոցների ագրեսիվության «գրադուսը» կտրուկ աճել է: Եվ նրանց նոր երանգն այն է, որ ավելացել են եւ Արա Աբրահամյանի «Ազգային միասնության» գովքը ու պնդումները, թե ինչպիսի համաշխարհային ընդգրկում դա ունի, եւ ինչքան են դրանից վախենում իշխանությունները: Սակայն, եթե այդ շարժումը փորձի կուսակցություն ձեւավորել եւ մուտք գործել քաղաքականություն, ապա դա ավելի շուտ վերաբերում է 2017-ի ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է այդ շարժման աջակցությանը «ոչ»-ին, ապա դրա մասշտաբների մասին կարելի է պատկերացում կազմել 2013-ի հոկտեմբերից գործող նույնանուն ֆեյսբուքյան խմբից: Այդտեղ գրանցված են շուրջ 14 հազար երիտասարդներ, կան նաեւ «ոչ»-ի ակցիաների լուսանկարներ, սակայն դրանք սակավամարդ են: Խոշոր հաշվով, արդյոք ինչքան համալրում կգա «ոչ»-ի ուղղությամբ այդ միավորումից, կախված է թերեւս Արա Արշավիրիչի առատաձեռնությունից, քանզի այդ կերպարին անվճար եւ անշահախնդիր սատարելը ցանկացած ողջամտության սահմաններից դուրս է... Ինչեւէ, մամուլում արդեն շրջանառվել են ապագա կուսակցության հիմնադիրների անունները` երկու հոգի թունդ քոչարյանապաշտ «վերլուծաբաններ», գումարած պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Այսինքն` Ռ. Քոչարյան-Ա. Աբրահամյան կապը, որի մասին գրում էինք, արդեն կամաց-կամաց բացահայտվում է: Իսկ թե երբ նույնքան բացահայտորեն դրանց կողքին կերեւա ՕԵԿ-ը, ցույց կտա ժամանակը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162606&l=am/