ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԹԱՏԵՐԱԲԵՄԻ
Արխիվ 12-16
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՆՈՐԻՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԹԱՏԵՐԱԲԵՄԻ
Այն, որ թուրքական F-16 ինքնաթիռը, այսպես ասած, դարանից գրոհեց եւ ոչնչացրեց ռուսական ՍՈՒ-24-ը, գործնականում արդեն կասկածներ չկան: Այսինքն՝ թուրքական ինքնաթիռը վաղօրոք էր թռել, բավականին ժամանակ օդում պտտվում էր եւ ճիշտ պահին հայտնվեց այն համապատասխան կետում, որտեղից կարող էր հարձակվել նույն պահին գրոհի համար մատչելի հեռավորության վրա դուրս եկած ՍՈՒ-24-ի վրա: Այսինքն՝ վաղօրոք պետք է իմանար, որ ՍՈՒ-24-ը որ պահին, որ կետում է գտնվելու...
ՈՒՐԵՄՆ` ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ
Այսպիսով՝ թուրքերն ինչպե՞ս իմացան, թե կոնկրետ պահին որտեղ է լինելու ՍՈՒ-24-ը: Ֆրանսիայի նախագահի մոսկովյան այցի ընթացքում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվեց այդ հարցի պատասխանը. ռուսներն ամերիկացիների հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն՝ թռիչքների մասին ռազմական գաղտնիք համարվող տվյալները նրանց տրամադրում են ¥կամ՝ էին¤: Ընդգծենք՝ միայն ամերիկացիներին, եւ քանի որ թուրքերն էլ են դրա մասին տեղյակ եղել, դժվար չէ կռահել, թե՝ ումից:
Իսկ ահա Վաշինգտոնը միամտաբա՞ր, որպես կոալիցիոն գործընկերո՞ջ է այդ տվյալները տրամադրել Անկարային. դա էլ է տարբերակ, համենայնդեպս՝ Վ. Պուտինն ընդգծեց նաեւ, որ այս թեմայով դեռ ծանր կուլուարային վեճեր ԱՄՆ-ի հետ կունենան: Բայց եթե միամտաբար է տեղեկատվությունը տրամադրվել, ապա դա կնշանակեր, որ Էրդողանը, տալով ՍՈՒ-24-ի վրա գրոհելու հրամանը, մյուս կողմից էլ նաեւ Վաշինգտոնին է «խփել»՝ նրա գլխին Մոսկվայի հետ հակամարտության նոր պատմություն սարքելով: Եվ այնպիսի պատմություն, որի արդյունքում Մոսկվան կարողանում է Սիրիայում անարգել C-400-ներ տեղակայել, այն դեպքում, երբ Վաշինգտոնը երկար տարիներ առավել քան մտահոգված է Իրանին ավելի թույլ C-300-ներ տալու հեռանկարից: Կարճ ասած՝ Էրդողանը կա՛մ պետք է «առյուծի սիրտ ուտեր», կա՛մ լրիվ ցնդեր՝ միանգամից Մոսկվայի եւ Վաշինգտոնի դեմ ելնելով:
Բայց ահա նախօրեին Թուրքիան մասնակցեց Եվրամիության հետ գագաթաժողովին, նրան խոստացան դեպի Եվրոպա փախստականների ակնհայտորեն ուռճացված թեման կարգավորելու ուղղությամբ քայլերի համար 3 միլիարդ դոլար, գալիք տարվանից Եվրոպա` առանց վիզայի մուտքի իրավունք տալ եւ արագացնել ԵՄ-ին անդամակցության գործընթացը: Եվ հաշվի առնելով, որ Թուրքիայի այս եվրոպական ծրագրերի հիմքերը դրվել են ամերիկյան քավորությամբ, դժվար չէ կռահել, որ ՍՈՒ-24-ի պատմությունից հետո Սպիտակ տունը, մեղմ ասած, այնքան էլ չի բարկացել Էրդողանի վրա՝ ԱՄՆ-ից ստացած ռազմական գաղտնիքներն օգտագործելով՝ ՍՈՒ-24-ին խփելու պատճառով:
Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ն այդ ռազմական գաղտնիքը «միամտաբար» Թուրքիային տրամադրել է՝ առնվազն կռահելով, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ, կամ մյուս ծայրահեղությամբ, որ հենց ինքն է տվել գրոհի հրամանը, եւ այս դեպքում՝ Էրդողանը կարող էր եւ տեղյակ չլինել այդ մասին ու պարզապես փաստի առաջ կանգնել: Այս երկրորդ տարբերակը տրամաբանություն, անշուշտ, ունի. անկանխատեսելի Էրդողանը` Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ իր երկար տատանողական խաղերով, ցանկացած պահի կարող էր եւ կողմնորոշվել ռուսական ուղղությամբ՝ փորձելով ի թիվս մի շարք այլ կոնկրետ օգուտների, վերջապես լուծել նաեւ դեպի Եվրոպա ռուսական գազի ¥որին կարող էր գումարվել նաեւ իրանական եւ սիրիական գազը¤ տարանցման կենտրոն դառնալու երազանքը: Իսկ այսպես՝ ռուս-թուրքական հարաբերություններն այդ մի հարվածով այնքան փչացան, որ Օբաման գոնե մինչեւ իր պաշտոնավարման ավարտը կարող է Էրդողանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում վստահ լինել: Ճիշտ է, արդյունքում Էրդողանը, մասնավորապես՝ ռուսական C-400-ների պատճառով լուրջ հարվածի տակ դրեց սիրիական իր երկարամյա ռազմավարությունն ու Ռուսաստանում ունեցած տնտեսական շահերը, բայց «փոքրիկ» փոխհատուցում կարող է լինել այն, որ Եվրոպայի դռները մի քիչ բացվեցին իր առաջ:
Չնայած՝ Օբաման իրո՞ք կարող է հուսալ, որ Անկարան արդեն Վաշինգտոնից մեկ քայլ անգամ հեռու գնալու հնարավորություն չունի: Այդ դեպքում ինչո՞ւ այս օրերին Էրդողանը փորձում է համառորեն, նախ՝ Իլհամ Ալիեւի, ապա՝ Նուրսուլթան Նազարբաեւի միջոցով Վ. Պուտինի հետ կապեր հաստատել: Հասկանալի է՝ փորձում է հարթել տեղի ունեցածը: Բայց հազիվ թե չգիտակցի, որ ՌԴ նախագահը, մի քանի օր սպասելուց հետո միայն` տալով հակաթուրքական այս մասշտաբային հակահարձակման հրամանը, դրանից արդեն հետ չի կանգնի: Միայն մեկ տարբերակ ունի Էրդողանը, եթե պարզվի, որ հարձակման հրամանն ինքը չի տվել, ու կարողանա դա ՌԴ նախագահի մոտ հիմնավորել: Հակառակ դեպքում Էրդողանը, թերեւս, կռահում է, որ` զրկվելով ռուս-ամերիկյան հարաբերությունների միջեւ մանյովրելու հնարավորությունից եւ` ունենալով բացահայտ թշնամություն գրեթե բոլոր հարեւանների հետ, ներքին պատերազմ քրդերի դեմ, Վաշինգտոնի առաջինիսկ ցանկությամբ կզրկվի իշխանությունից: Իսկ նման ցանկություն վաղ թե ուշ Վաշինգտոնը կունենա. Թուրքիայի աշխարհաքաղաքական կողմնորոշման գերխնդիրը լուծելով՝ Սպիտակ տան ինչի՞ն է պետք կամակոր եւ մինչեւ ականջները կեղտի մեջ թաղված եւ ահաբեկիչների հետ կապի մեղադրանքն ուսերին ունեցող Էրդողանը:
ՎԵՐՋԻՆ ԲԱԽՈ՞ՒՄԸ
Ու վերջապես՝ Սպիտակ տանը հազիվ թե մոռացած լինեն, որ այսօր ԱՄՆ-ն այս տարածաշրջանում կարող էր ունենալ նկատելիորեն ավելի շահեկան դիրքեր, եթե ժամանակին Էրդողանը չտապալեր հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, որից հետո Հայաստանին ԵՏՄ-ից հեռու պահելու եւ ոչ մի շանս Վաշինգտոնին չմնաց:
Այսպիսով այն, որ Թուրքիայում դիրքերն ամրապնդելով՝ ԱՄՆ-ը սկսելու է կենտրոնանալ հարավկովկասյան ուղղության վրա, միանգամայն սպասելի է: Ավելին՝ դեռ շաբաթներ առաջ էր զգացվում, որ հենց հարավկովկասյան տարածաշրջանն է սկսում հերթական անգամ վերածվել ռուս-ամերիկյան հակամարտության կիզակետի: Ընդ որում, եթե այս վերջին փորձով էլ Վաշինգտոնին չհաջողվի ամբողջական վերահսկողություն հաստատել այս տարածաշրջանում, կտրել Իրանի հետ ռուսների ցամաքային կապի ուղիներն ու դրանով էլ՝ սիրիական ճակատում Մոսկվայի թիկունքը, ապա արդեն կանգնելու է Մերձավոր Արեւելքից դուրս մղվելու ռեալ հեռանկարի առաջ: Ընդ որում՝ «հեղափոխական» գրոհի փորձեր այս պահին զգացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում: Դրանից զատ՝ օրերս Թուրքիայից հնչած այն պաշտոնական հայտարարությունները, թե՝ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների գրավմանը վերջ տալու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության թոթափման ուղղությամբ: Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը...», հուշում է, որ նորից Ղարաբաղի շուրջ բազմակողմ խաղի փորձեր լինելու են: Այսինքն՝ նախ Թուրքիան է Ղարաբաղի հաշվին ցանկանում Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում: Իսկ այս դեպքում այն, որ Ադրբեջանի նախագահի հետ դեկտեմբերին կանխատեսվող հանդիպումը դառնում է Հայաստանի համար անիմաստ, ենթադրելի է: Առավել եւս, որ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտություն ասվածը, ըստ էության, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան առանցքը, այսինքն՝ ռուսներին Իրանից կտրելու ամերիկյան հին ծրագիրն է:
Եվ մյուս կողմից էլ՝ դժվար չէ նկատել, որ ռուսները եւս ակտիվորեն ամրապնդում են իրենց դիրքերը: Նախ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ամրապնդմամբ, եւ հաշվի առնելով այն ոչ ադեկտվատ հոգեվիճակը, որում ներկայումս հայտնվել է Էրդողանը, սա մեզ համար եւս միանշանակ գերհրատապ խնդիր է: Հայկական ուղղությունն ամրացնելուց զատ՝ կան տվյալներ, որ ՌԴ-ն Ադրբեջանին առնվազն չեզոք մնալու կոշտ պահանջ է ներկայացրել: Բաքուն, իհարկե, գիտակցում է, որ հայտնվել է երկու, նույնիսկ՝ երեք քարերի արանքում՝ ՌԴ-ի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի: Գումարած դրան՝ Ղարաբաղն էլ կարող է ամենաիսկական փորձաքարը դառնալ, եթե հանկարծ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, իսկ Հայաստանը թիկունքը՝ թուրքական ուղղությունը ռուսների հույսին թողնի ու ողջ ջանքերը կենտրոնացնի ղարաբաղյան ուղղությամբ: Էլ չասած, որ այս օրերին «պատահաբար» Ադրբեջանի հարավային հատվածում՝ Շիրվանում ծայրահեղ բարդ իրավիճակ է, որը օրերս 7 զոհերով «պայթյուն» ունեցավ Բաքվից 25-30 կմ հեռավորությամբ Նարդարան քաղաքում: Դա հուշում է, որ 1990-ականների օրինակով թաթերը, ղաղլիները նորից Շիրվանի պարսերի հանրապետություն ստեղծելու թեման են փորձում օրակարգ բերել: Իսկ նման դեպքերում հաճախ Ադրբեջանի հյուսիսային հատվածում էլ լեզգիներն են սկսում ոտքի կանգնել: Այսինքն, եթե ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին մի կերպ հաջողվեց Ելցինի շնորհիվ տարածքային ամբողջականությունը պահպանել, երկրորդ պատերազմի դեպքում կարող է եւ չհաջողվել: Արդյունքում՝ Բաքուն փորձում է այս խառը օրերին հնարավորինս ջրի խորքերը մտնել, բայց երկա՞ր կհաջողվի, երբ բոլոր կողմերն էլ նրա առաջ «կա՛մ-կա՛մ» պահանջն են դրել:
Մի խոսքով՝ ակնհայտորեն բավականին բարդ փուլ ենք մտնում, որից հետո, թերեւս, տարիների պատմություն ունեցող շատ հարցերի պատասխանները կսկսեն արագորեն տեսանելի դառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162605&l=am/