ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»
Արխիվ 12-16
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ
ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐ»
Նոյեմբերի 19-26-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումին, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով, որտեղ Ջոի կերպարը մարմնավորած դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ «Լավագույն կին դերակատար» անվանակարգում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
Ութ օրերի ընթացքում ցուցադրվել է 14 բեմադրություն՝ ստեղծված 13 երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնների երիտասարդ բեմադրիչների կողմից. ներկայացումները ընտրել է փորձագետների խորհուրդը:
Ֆորումի շրջանակներում անցկացվել են վարպետության դասընթացներ երիտասարդ բեմադրիչների, բեմանկարիչների, դրամատուրգների և թատերական քննադատների համար՝ ռուսաստանյան հեղինակավոր մասնագետների կողմից:
Բեմանկարիչների լավագույն աշխատանքները ցուցադրվել են «Բեմանկարչական կոլաժ» (“Сценографический коллаж”) խորագիրը կրող ցուցահանդեսին: Իսկ երիտասարդ դրամատուրգների լավագույն պիեսները հրատարակվել են հատուկ ժողովածուում:
Ֆորումի փորձագետների խորհուրդը նախագահում էր հանրաճանաչ ռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մաստերսկայա» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գրիգորի Կոզլովը, խորհրդի կազմում էին ՌԴ ժող. Արտիստ Սերգեյ Վինոգրադովը, թատերագետ, «Նովայա Գազետա» (“Новая Газета”) թերթի մշակութային մեկնաբան Ելենա Դյակովան, դերասան Անդրեյ Կուզիչևը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Սմոլսկին, ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը:
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012թ.-ին Քիշնևում (Մոլդովա):
Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան Միջազգային թատերական փառատոնը` գլխավոր տնօրեն Վալերի Շադրինի գլխավորությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162563&l=am/