ԱԲԽԱԶԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՏՎԱԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է C-400-ՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ
Արխիվ 12-16
ԱԲԽԱԶԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՍԻՐԻԱ ՀԱՏՎԱԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է C-400-ՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ
Ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռի ոչնչացումից հետո անցած երկու օրերին, թեեւ վերլուծական հանրությունը կենտրոնացած է մեկ հիմնական հարցի վրա, սակայն այդպես էլ դրա համընդհանուր ընդունելի պատասխանը չի տրվել: Այսինքն՝ Թուրքիայի եւ ավելի կոնկրետացնելով՝ Էրդողանի ինչին էր պետք ՍՈՒ-24-ի վրա հարձակվել:
ԷՐԴՈՂԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է
Անշուշտ՝ տարաբնույթ բացատրություններ հնչում են, թե՝ ռուսներն իրենց ավիահարվածներով ոչնչացնում են «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ ահաբեկիչների հետ Էրդողանի անձնական նավթային եւ այլ խոշոր բիզնեսները, կամ, որ ռուսները խախտեցին Սիրիայում թուրքական ծրագրերը: Այլ վարկածով, թե Էրդողանին ամերիկացիները պարտադրեցին այդ քայլը՝ սպառնալով «գունավոր հեղափոխությունով»: Թուրքերն էլ այն տափակ պատճառաբանությունն են բերում, թե չգիտեինք, որ ինքնաթիռը ռուսական է: Եվ այսպես շարունակ, տասնյակ վարկածներ, եւ բոլորն էլ մեկ գլխավոր թերություն ունեն. ներթուրքական բարդ-քաղաքական եւ՝ տարածաշրջանում ու աշխարհում գերբարդ աշխարհաքաղաքական այս մթնոլորտում երկար տարիներ իշխանությունը պահպանել կարողացած Էրդողանն այն միամիտ գործիչը չէ, որ ի սկզբանե չգիտակցեր, թե ՍՈՒ-24-ի ոչնչացումն անձամբ իրեն եւ Թուրքիային ինչ հեռանկարներ է խոստանում: Նախ՝ բավականին հին մոդել հանդիսացող մեկ ՍՈՒ-24-ի կորուստը ռուսների համար նույնիսկ անտեսանելի է: Այսինքն՝ Էրդողանը հաստատ չէր կարող մտքի ծայրով էլ անցկացնել, որ դա կստիպի ռուսներին Սիրիայում նահանջել: Ընդհակառակը՝ Էրդողանն իր հաշվարկներում կնախատեսեր, որ ՍՈՒ-24-ի վրա հարձակումը նախ՝ կբերի Սիրիայում, այդ թվում՝ ԻՊ-ի հետ համատեղ հիշատակված նավթային բիզնեսի ուղղությամբ ռուսների գործողությունների գերակտիվացման, եւ ոչ մի ՆԱՏՕ կամ Վաշինգտոն այդ ամենի դեմը չեն կարողանալու առնել:
Այսինքն՝ եթե նպատակը նավթային բիզնեսը կամ Դավութօղլուի «մտքի գոհարներ» հանդիսացող ժամանակակից օսմանիստական ծրագրերն էին, Էրդողանը հաստատ էն գլխից էլ կհաշվարկեր, որ ՍՈՒ-24-ի հաշվին այդ ուղղություններով միայն ավելի է վատացնելու իր գործերը: Եվ հազիվ թե նաեւ չհաշվարկեր Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման վտանգը եւ դրանից բխող նույնքան երկարաժամկետ տնտեսական հետեւանքները: Այսինքն, որ ՍՈՒ-24-ի կործանումից գործնականում ոչինչ չստանալով` Թուրքիան առնվազն տարեկան կորցնելու է ռուս 4 միլիոն զբոսաշրջիկ եւ այդ հաշվին՝ 20 միլիարդ դոլար: Իսկ թե քանի միլիարդ է կորցնելու այն բանի հաշվին, որ Ռուսաստանով մեկ սփռված եւ ուզածի պես փող աշխատող թուրք գործարարները հիմա ռուսների աչքին թշնամու կերպար են ստանալու, դժվար է նույնիսկ գնահատել:
Մի խոսքով՝ այս բոլոր միանգամայն սպասելի հետեւանքներն աչքի առաջ ունենալով՝ Էրդողանն ինչո՞ւ պետք է այդ քայլին գնար: Դրան զուգահեռ՝ կա նաեւ այն վարկածը, թե միգուցե այս կերպ նաեւ Էրդողանի «գլխին սարքեցին»՝ նրան ներքաշելով ռուսների հետ հակամարտության մեջ: Չնայած՝ այս հարցադրումներն արդեն կորցնում են իրենց արդիականությունը, հաշվի առնելով, թե անկախ նրանից, թե իրականում ով է տվել ՍՈՒ-24-ի ոչնչացման հրամանը, առաջին պլանում մնալու է Էրդողանը: Առավել եւս, որ մի կողմից ՆԱՏՕ-ն Թուրքիային բավականին անհավես պաշտպանելով՝ միաժամանակ ի ցույց դրեց, որ այս թեման իր մոտ` ներքին ծանր հակասություններ է առաջ բերել: Իսկ դա հուշում է, որ Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք իրենք են ահաբեկիչների ձեռքը կրակն ընկել, Էրդողանին հասցեագրված «ահաբեկիչների հովանավոր» ռուսական մեղադրանքները չեն կարող աչքաթող անել: Առավել եւս, որ այդ իրավիճակը ծավալվում էր նախագահ Օլանդի վաշինգտոնյան այցի ժամանակ ¥առջեւում էլ երեկվա մոսկովյան այցն էր¤, եւ նա Օբամայից, բացի աջակցության խոստումներից, այլ ռեալ բան չստացավ: Չնայած՝ ԱՄՆ-ն էլ իր հերթին ամենեւին էլ իրեն չկոտորեց Էրդողանին պաշտպանելու համար: Թեեւ Վաշինգտոնը հայտարարեց, թե ռուսական ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, բայց նաեւ ընդգծելով՝ մի քանի վայրկյանով եւ ոչնչացվել է սիրիական երկնքում: Իսկ դա նշանակում է, որ կարող է մի կողմից՝ Էրդողանին արդարացնել՝ որպես իր սահմանը պաշտպանողի, բայց նաեւ ցանկացած պահի կարող է եւ նրան զոհաբերել՝ այլ երկրի սահմաններում ինքնաթիռի վրա գրոհելու մեղադրանքով: Եվ թե ինչ հունով կգնա Էրդողանի քաղաքական ճակատագիրը, հաստատ այս օրերին լուծվում է ռուս-ամերիկյան ստվերային քննարկումներում: Ընդ որում՝ ԱՄՆ-ը կարող է համարել, որ Թուրքիայի համար ռուսների հետ ճակատամարտը շահել է, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններն արդեն այնքան են փչացել, որ դեռ երկար ժամանակ շտկելու հույսեր չկան: Ուստիեւ՝ ռուսների հետ սեփական կամուրջները պահելու համար կարելի է եւ Էրդողանին «ժերտվա տալ». ի վերջո Օբաման էլ նրան տանել չի կարողանում: Իսկ Էրդողանից հետո կարելի է շատ ավելի հնազանդ «գունավոր» իշխանություններ ձեւավորել, քրդերի հարցով կողմնորոշվել:
ԱՄՆ-Ը ՆՈՐԻՑ ՍԽԱԼՎԵՑ
Այլ հարց է, թե իսկապե՞ս ԱՄՆ-ը շահեց այս «թուրքական պարտիան»: Ռուսները, ինչ խոսք, որոշակի հավակնություններ ունեին, բայց մեկ փաստ միշտ էլ աչքի առաջ էր. անկախ նրանից, թե ինչ հույսեր ու ծրագրեր կային ռուս-թուրքական հարաբերություններում, միայն այն, որ Թուրքիայում տեղակայված էին ամերիկյան ռազմաբազաներ եւ միջուկային զենքի պատկառելի քանակություն, արդեն իսկ հստակ մատնանշում էր Անկարայի ուղղվածությունը:
Բայց ահա ՍՈՒ-24-ի պատմության արդյունքում մեկ կարեւորագույն գործոն ի հայտ եկավ. ռուսները Սիրիայում կունենան C-400 համակարգեր, ինչը շատ լուրջ ստրատեգիական հեռանկարներ է խոստանում: Սիրիայում C-400 նշանակում է ոչ միայն ողջ սիրիական երկինքը, այլեւ՝ Թուրքիայի կեսի նկատմամբ լիակատար վերահսկողություն: Մասնավորապես՝ երկրի հարավ-արեւելյան հատվածի, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ՆԱՏՕ-ական ռազմաբազաները՝ համալրված ոչ միայն ավիացիայով, այլ, ամենակարեւորը, միջուկային սպառազինությամբ: Արդյունքում, թե ներկայումս հայտնի ամեն մի թռչող օբյեկտ ոչնչացնելու ունակ C-400-ները Սիրիայից ինչ չափով կչեզոքացնեն ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան ավիացիայի գործողությունները, այլեւ՝ այդ միջուկային զինանոցն ու այս հատվածում կազդեն ռուս-ամերիկյան միջուկային բալանսի վրա, իհարկե՝ մասնագիտական հաշվարկների խնդիր է, բայց էֆեկտը հաստատ մեծ է լինելու: Եվ այս ամենից զատ էլ՝ հազիվ թե պատահական լիներ, որ այս պատմության նախօրեին հաստատվեց, թե C-300-ներն ամենամոտ ժամանակներս կհայտնվեն նաեւ Իրանում: Դրանք նաեւ Հայաստանում կան, եւ, միաժամանակ, իր հերթին հազիվ թե պատահական զուգադիպում լիներ, որ վերջերս ՌԴ նախագահը հաստատեց հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագիրը, որի գործունեության շրջանակներում ներգրավված է նաեւ ՌԴ հարավային ռազմական շրջանի զինուժը: Իսկ որ այդ ողջ համակարգը հենց թուրքական ուղղվածությամբ էր գործելու, ժամանակին ներկայացնելու առիթ ունեցել ենք: Վերջապես՝ Աբխազիայում եւս նույն համակարգն է, եւ, արդյունքում, օդային այդ չընդհատվող «վարագույրը» ՌԴ հարավային սահմաններից հասնում է Հայաստան, Իրան եւ Սիրիա ¥Իրաքը եւս այդ վարչահսկողության գոտում է¤:
Կարճ ասած՝ ՍՈՒ-24-ի այս պատմության արդյունքում Ռուսաստանը ¥Իրանի գործոնը չանտեսենք¤ հնարավորություն է ստանում փաստացի, անթափանց եւ, ամենակարեւորը, չընդհատվող վերահսկողության տակ առնել Սեւ ծովից մինչեւ Միջերկրական ծով եւ Պարսից ծոց հատվածը: Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ն ծանր է տանում Սիրիայում C-400-ների տեղակայման մասին լուրը, ու, թերեւս, ՍՈՒ-24-ի վրա գրոհի հետ կապված` աչքից հեռու դեռ շատ գլուխներ կթռնեն, անկախ նրանից, թե իրականում ովքեր էին այդ ամենը ծրագրել:
Ինչ վերաբերում է թուրքերին տրվելիք ռուսական պատասխանին, ապա դա, հասկանալի է, ամենեւին էլ լայնամասշտաբ հարձակման տեսքով չի լինելու: Այլ... Երեկ, օրինակ, թուրքերը լացուկոծ կապեցին, թե ոչնչացվել է Սիրիա «հումանիտար օգնություն» տանող բեռնատարների մի ամբողջ շարասյուն: Քիչ անց սկսեցին պնդել, թե ռուսական ավիացիան է գրոհել: Եվ եթե իրոք այդպես է, ապա ռուսների արձագանքն էս գլխից էլ պարզ է՝ առանց թույլտվության մտել էին ինքնիշխան Սիրիայի տարածք եւ ոչնչացվել են. ի վերջո ոչ միայն Էրդողանը, այլ Օբաման էլ է ՍՈՒ-24-ի օրինակով ասում՝ բոլորն էլ ունեն իրենց տարածքը պաշտպանելու իրավունք, իսկ ռուսական զինուժն ինքնիշխան, ՄԱԿ-ի անդամ Սիրիայի ղեկավարության խնդրանքով է այդ երկրի տարածքը պաշտպանում: Եվ դրանից զատ՝ սիրիական երկնքում մինչ այս անարգել թռչող եւ քրդերի վրա գրոհող թուրքական ինքնաթիռները եւս այսուհետեւ հաստատ կհամարվեն սահմանախախտ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162536&l=am/