ԱԱԾ-ՈՒՄ ԴՈՒՍՏՐ ՈՒ ՓԵՍԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՍՂԵԿԸ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Արխիվ 12-16
ԱԱԾ-ՈՒՄ ԴՈՒՍՏՐ ՈՒ ՓԵՍԱ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՍՂԵԿԸ
ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ
«Իրավունք»-ի խմբագրությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի 119 ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկ, ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանը գրեթե ամեն ամիս 5000 դրամ գումար է հավաքում աշակերտներից այսպես ասած գալիք տոների` մարտի 8-ի, փետրվարի 23-ի համար եւ այլ առիթների համար: Ահազանգողը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի իրենք դիմել են ԿԳ նախարարության թեժ գիծ, սակայն նրա հավաստմամբ դրամահավաքությունը դասարանում չի դադարել: Պարզաբանում ստանալու համար «Իրավունք»-ը կապ հաստատեց Գոհար Մելիք-Ստեփանյանի հետ, ով, նախ հերքեց այդ տեղեկությունները եւ հունից դուրս գալով ասաց. «Չկա նման բան: Ով ահազանգը ներկայացրել է, իր հետ եկեք դպրոց: Տեսնենք` երբ եմ ես 5000 դրամ գումար հավաքել»:
Երբ հիշեցրինք, որ նախորդ տարի ԿԳ նախարարության թեժ գիծն ահազանգ է ստացել նույն խնդրի առնչությամբ, ուսուցչուհին սկսեց գոռգոռալ. «Կարող է ինչ-որ մեկն ինձ հետ անձնական խնդիր ունի, դրա համար էլ նման բան է արել: Ես չեմ հասկանում` ես եմ արդեն պատիվ պահանջում: Զզվացրին արդեն: Ես խնդրում եմ այս հարցին ընթացք տալ: Զանգողը պետք է գա պատասխան տա` ինչի հիման վրա է նման բան ասում: Ես անցած տարի` հունվար- փետրվարին, ներվատրոփկի մեջ եղա, հիմա` նույնը: Նենց չլինի, որ ես էդ մարդուն դատի տամ, որ փակ համարից զանգում, չգիտեմ` ինչ է ասում: Դուք էլ գալիս, նյարդեր եք քայքայում, իմ 25 տարվա աշխատանքը գցում եք ջուրը»:
Դասղեկի պարզաբանմամբ անցյալ տարի ծնողները եկան, դիմումները գրեցին, ստորագրեցին, ներողություն խնդրեցին` իրեն նման հիմար վիճակի մեջ գցելու համար: «Անցյալ անգամ ասացինք` գուցե մեկն ինչ-որ հիմար կատակ է արել: Էս տարի էլ նույնը»,- բղավում էր տիկին Մելիք- Ստեփանյանը:
Եթե դասղեկը դրամահավաքությամբ չի զբաղվում, ինչո՞ւ պետք է նման ստահոդ լուրեր տարածեն հենց նրա, ոչ թե մեկ այլ ուսուցչի մասին: «Ես չգիտեմ` ես էլ եմ ցանկանում դա պարզել: Եկեք դպրոց, կոլեկտիվից հարցրեք: Ես 25 տարի աշխատում եմ այս դպրոցում: Ուզում էի այդ դասարանի դասղեկությունը թողնել, իրենք եկան համոզեցին` նման բան չանեմ: Ծնողները գալիս են «ձեռքերս համբուրում» գնում են »,-վրդովված ասաց նա:
«Իրավունք»-ին հասած տեղեկատվության համաձայն` տիկին Ստեփանյանի դուստրն ու ամուսինը պետական կառույցում են աշխատում, որոնց, այսպես ասած, հովանավորչությունն էլ հավանաբար նա վայելում է: «Եթե ազգային անվտանգության ծառայողները մեծ պաշտոնյաներ են, որոնք ինձ շատ մեծ թիկունք են, ուրեմն այդպես է: Եթե էդքան տեղեկացված են իմ մասին, որ ձեզ ասել են` իմ աղջիկն ու փեսան շատ բարձր պաշտոնների են, հովանավորում են ինձ, շատ լավ են անում: Ինձ համար վիրավորական է, որ իմ երեխան ինձ պետք է հովանավորի, ոչ թե ես նրան: Ինչ է, մայրը (նկատի ունի իրեն-խմբ.), աննորմալ է, գիժ է, երեխան էլ հովանավորում է, որ ինձ պահե՞ն»,- զայրացած ասաց ուսուցչուհին:
Կապ հաստատեցինք նաեւ փոխտնօրեն Շողեր Վերդյանի հետ, ով եւս հերքեց այդ տեղեկությունները: Ավելին` տիկին Վերդյանը չի բացառում, որ այդ անանուն զանգերի հեղինակը ոչ թե ծնող լինի, այլ ուսուցիչ: «Մենք պատրաստվում ենք նորից ծնողական ժողով հրավիրել, որին կխնդրեի դուք էլ ներկա լինեք: Ով զանգել է, գոնե բերեք ձեր հետ, տեսնենք` ինչ գույնի է, ամոթից չի վառվում: Էդ դասարանում առհասարակ դրամահավաք չկա»,- հավաստիացրեց փոխտնօրենը: Այսինքն ստացվում է, որ մյուս դասարաններում կա՞ն, ինչեւէ:
Մեր դիտարկմանը, թե միգուցե ծնողները մտավախություն ունեն, որ բողոքը բարձրաձայնելուց հետո երեխային տարբեր վատ որակումներ կտան, կենթարկեն հոգեբանական ճնշման, տիկին Վերդյանը չհամաձայնեց. «Բայց էդ դասարանում ընդհանրապես դրամահավաք չկա, ավելին` դասղեկն է անգամ իր գրպանից գումար տալիս, երբ երեխաները տեղ են գնում նրա հետ»:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ սպասում են դպրոցի տնօրենի` Հովհաննես Կարապետյանի պարզաբանումը. «Նա այսօր մասնակցում է հավաստագրման քննությանը: Վաղը դպրոցում ժողով կլինի, կհրավիրեն բոլորին` ծնողխորհրդին, հասկանան` նման բան եղել է, թե ոչ: Բայց նախնական վստահ են` սա հերյուրանք է: Դասղեկն էլ ասել է` եթե դա ապացուցվի, ապա կհրաժարվի այդ դասարանի դասղեկությունից»:
Նարինե Հովհաննիսյանը հորդորում է ծնողներին համարձակ դիմեն տնօրենին, քանի որ ոչ մի տնօրեն չի կարող որեւէ բան անել ոչ մի երեխայի հանդեպ: «Հնարավոր է ծնողկոմիտեն որեւէ նախաձեռնություն իրականացնի դասարանում, ուսուցչի համար»,- ասաց նախարարության հանրակրթության վարչության պետը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԿԳ պաշտոնյան, եթե ապացուցվի, որ ուսուցիչը դրամահավաքությամբ է զբաղվում, նրան կարող են կարգապահական տարբեր տույժերի ենթարկել` նկատողություն տրվի վերջին զգուշացմամբ, ինչու չէ` նաեւ հեռացնել աշխատանքից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ