ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
Արխիվ 12-16
ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ
ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի 87-ամյա ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին երեկ առավոտյան կնքեց իր մահկանացուն` մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով հայ բեմի թագուհին, շուրջ վեց տասնամյակից ավելի` իր խոսքով ու խաղով շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:
Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տաղանդաշատ դերասանուհին երկրից դժգոհ ու նեղացած էր, եւ նույնիսկ մեզ հետ զրույցներից մեկում` մայիսի 1-ը տոնելու գաղափարից վրդովված, նշել էր, թե. «Ի՞նչ անենք, որ աշխատավորության տոնն է, հիմա ոչ մեկն էլ չի աշխատում: Ինձ չի հետաքրքրում», ապա կյանքի վերջին տարիներին նա երջանիկ էր ու գնահատված: Համենայնդեպս, երկու տարի առաջ, իր 85-ամյա հոբելյանական երեկոյին բեմից այդպես արտահայտվեց. «Երախտապարտ եմ Ձեզ, ես գուցե ունեմ այդ իրավունքն ասելու` իմ սիրելի՛ ժողովուրդ: Իմ սիրելի՛ հանդիսատես, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որովհետեւ նախեւառաջ 65 տարի բեմում եմ եղել: Դա շատ հազվադեպ բան է ու ոչ բոլորին է տրվում: Երջանիկ եմ, որովհետեւ ունեցել եմ լավ ամուսին, երջանիկ եմ, որովհետեւ ունեմ երեխաներ եւ նաեւ ունեմ ծոռներ, ուրեմն` դժգոհելու իրավունք չունեմ: Մանր-մունր բաներ կան, որոնց վրայով անցնում եմ, որովհետեւ գերիշխողը Ձեր սերն է: Ամեն րոպե ես դա զգում եմ: Մեր այս ժամանակներում, որտեղ արվեստն, անշուշտ, ստորադասված է ինչ-որ չափով, դուք ինձ չեք մոռանում, նշանակում է` սերը Ձեր մեջ դեպի իսկական արվեստը դեռ կա ու ոչ միայն ինձ, այլեւ անցյալի մեծ դերասաններին չեք մոռանում: Ես դրանով եւս երջանիկ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ խոնարհվում եմ ձեր առաջ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Իրավունք» թերթը ցավակցում է մեծն արտիստի խաղընկերներին, մտերիմներին, հարազատներին ու դերասանուհու արվեստը գնահատող հանրությանը: https://iravunk.com/sim/?p=162504&l=am/