ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Արխիվ 12-16
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Այսօր չկա մեկը, որն իր կյանքը պատկերացնի առանց համակարգչի: Ամբողջ օրն անցկացնում ենք ճառագայթ արտացոլող սարքի առջեւ, որը մեզ ծառայում է աշխատանքի եւ ժամանցի համար: 21-րդ դարի սերունդն առավել գերազանց է տիրապետում համակարգչային նույնիսկ ամենաբարդ ծրագրերին: Բայց չանտեսենք, որ երեխաները ճառագայթային այս չարիքի առջեւ շատ ժամանակ են անցկացնում` ամենատարբեր խաղեր խաղալով, որը գամում է երեխային աթոռին: Ծնողներն ուշադրություն չեն դարձնում ո՛չ երեխայի նստելաձեւին, ոչ էլ` խաղերի բնույթին:
ՄԵԾ ՄԱՍՆ ԱԶԴՈՒՄ Է ՀՈԳԵԿԱՆ ՆԵՐԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ
Համակարգչային խաղերը ոչ միայն ֆիզիկական վնաս են հասցնում, այլ հոգեկան խանգարումներ են առաջացնում երեխայի մոտ: Նախ երեխան համակարգչի առջեւ նստում է ծռմռված, ու սխալ նստած դիրքից ողնաշարը լարվում է: Լարվածությունն ավելի է մեծանում, հատկապես երբ երեխան խաղ է խաղում: Այդ ընթացքում էլ հենց խախտվում է դեռեւս ձեւավորման փուլում գտնվող երեխայի ողնաշարը եւ առաջացնում կուզ: Համակարգչային խաղերի հետեւանքով առողջական խնդիրներն իհարկե ի հայտ են գալիս ավելի ուշ: Բացի ողնաշարային մի շարք հիվադություններից, երեխայի մոտ աչքերի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջանում: Ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ համակարգչային խաղեր խաղալիս երեխաները հայացքը կենտրոնացնելով էկրանին` լույսի զգացողականությունն ու էլեկտրական գծերի արագությունը առաջացնում են անբուժելի էպիլեպսիա հիվանդությունը: Համակարգչային խաղերով տարված երեխաները երեք տարի հետո կարճատես են դառնում` ճառագայթի հետեւանքով ոչնչանում են տեսողության օպտիկական նյարդերը: Ըստ բժիշկ-գիտնականների` համակարգչային խաղերով տարված` թույլ դիմադրողականություն ունեցող երեխաների մոտ ութ տարի անց ուղեղի ձախ կողմում կառաջանա ուռուցք, սկզբում` բարորակ, իսկ հետո` չարորակ: Համակարգչային խաղերի մեծ մասն ազդում է հոգեկան ներաշխարհի վրա: 10-16 տարեկան պատանին, ում մոտ հոգեկան ներաշխարհը դեռ զարգացած չէ, ու նոր է ձեւավորվում բնավորություն ու վարք, խաղերի ազդեցության տակ փորձում են նմանվել խաղի հերոսներին` լինում են ագրեսիվ, նյարդային, անդադար ուզում են այնպիսի բաներ անել, ինչ անում է խաղի հերոսը: Չանտեսենք նաեւ խաղերի մեջ եղած արտահայտությունները, որոնք երեխաները օգտագործում են` չհասկանալով դրանց իմաստը: Հոգեբանները բացատրում են` դա նրանից է, որ խաղերում մի միտքը կրկնվում է մի քանի անգամ, օրինակ` մոտ 30 անգամ անգլերենով ասում են` սպանի՛ր, սպանի՛ր... Մի քանի վայրկյան լսելով` երեխայի մոտ տպավորվում է այդ արտահայտությունը` չհասկանալով դրանց իմաստը:
«Իրավունքը» սեփական հետաքննության համար փորձեց խաղալ ամենատարածված խաղերն ու սեփական մաշկի վրա զգաց այսօրվա առողջ սերնդի առողջության համար չարիք դարձած համակարգչային խաղերի թողած բացասական հետեւանքները:
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ՍԵՔՍ...
G.T.A.` գրեթե ամբողջ աշխարհում տարածված, բոլորին քաջ հայտնի այս խաղն արտադրված է ԱՄՆ-ում` 1997 թվականին, բայց տարիների ընթացքում զարգացում է ապրել: Այս խաղից արտադրվել է տարբեր տեսակի եւ բնույթի, որտեղ կան սպանություն, բռնաբարություն, ազատ սեքս, գողություն եւ փախուստ ոստիկաններից: Խաղն ունի առաքելություն. բանտից նոր դուրս եկած տղան կատարում է «մաֆյոզներից» ստացած հանձնարարություններ: Իսկ նպատակին հասնելու համար նա սպանում է մի քանի մարդկանց եւ դրա դիմաց վաստակում գումար, որպեսզի կարողանա գնումներ անել: Խաղում կան կյանքի բոլոր հաճույքները` թմրանյութից մինչեւ սեռական հարաբերություններ: Ի դեպ, այս խաղում անընդհատ կրկնվում է «դու կարող ես սպանել» արտահայտությունը: Իսկ այն խաղում են 10-16 տարեկան երեխաները, չնայած, որ նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:
ԽԱՂՈՒՄ ԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ
SIMS-ը խաղում են գրեթե բոլորը` առանց տարիքային սահմանափակման: Այն ներկայացնում է մարդկանց ապրելակերպը` ստեղծել ամեն ինչ` սկսած ընտանիքից: Այս խաղում եւս կան երեխայի հոգեկան ներաշխարհի վրա բացասական ազդեցություն ունեցող տեսարաններ` ներկայացվում են սիրային պատմություններ, որոնք կա՛մ ավարտվում են ամուսնությամբ, կա՛մ` ըստ խաղացողի ցանկության: Շեշտենք, որ այստեղ եւս ներկայացվում են ազատ սեքսի, նույնիսկ` ամուսնական առաջին գիշերվա տեսարաններ: Բացի աշխատանքից ու ընտանիքից, այստեղ հերոսը կարող է ունենալ մի քանի սիրուհիներ:
ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ՍՊԱՆԵԼ` ԱՌԱՆՑ ՄՏԱԾԵԼՈՒ
Ոչ պակաս վտանգավոր հետեւանքներ է ունենում SNAIPER խաղը, այն ներկայացնում է պատերազմներ, որտեղ կա սպանություն, գնդակահարություն: Այն ոչնչով չի տարբերվում իրական պատերազմներից, որտեղ երեխաները հնարավորություն են ունենում ընտրելու զենք ու զինամթերք: Այս խաղում էլ անդադար կրկնվում է` զինվորներ, անխնա սպանե՛լ հակառակորդին, չխնայելով անգամ երեխաներին ու կանանց, սպանե՛լ` առանց մտածելու: Խաղալու ընթացքում, երբ երեխան դիպուկ կրակում է, մանրամասնորեն ցուցադրվում է, թե ինչպես է փամփուշտն արագ սլանալով` մխրճվում հակառակորդի օրգանիզմում: Երբ խաղացողն է վիրավորվում, նրա մոտ կա կոկաինով հարուստ մի սրվակ, այն խաղի ընթացքում ներարկում է երակից` որպեսզի դիմադրի վնասվածքներին: Այս խաղը եւս մեծ ուշադրություն է պահանջում եւ խաղացողին անընդհատ պահում լարվածության մեջ:
ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀՈՒՄ Է ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Ամենադաժան խաղերի ցուցակում է RESIDENG EVIL2-ը, որը կախվածության մեջ է գցում խաղացողին, թմրանյութի պես մտնում է մարդու ուղեղն ու անընդհատ ստիպում, որ խաղան: Այն հոգեկան մեծ ազդեցություն է ունենում երեխայի վրա, քանի որ խաղն ընթանում է մութ վայրում, որտեղ կան ամենասարսափելի գազաններ ու զզվելի էակներ: Օրինակ` խաղի ժամանակ կարող է գազանն անսպասելի հարձակվել խաղացողի վրա, ինչը երեխայի մոտ առաջացնում է վախի հորմոններ: Դրանից երեխան սկսում է հանկարծակիի գալ, վախեցած կրակել գազանի վրա, բայց այս անգամ, էլ ավելի է կրկնապատկվում խաղացողի վախը, երբ կրակելուց գազանը սկսում է բարձր ձայներ հանել: Անճոռնի գազանին սպանելուց հետո խաղացողը կարծես հանգստանում է, բայց սիրտը դեռ արագ է աշխատում: Սիրտը դեռ չհանգստացած` նորից վրա է հասնում նույն գազանը... Մի քանի այսպիսի դրվագներ եւ երեխայի մոտ սկսվում են սրտի անբավարարվածություն կամ նոպաներ, ամեն չնչին բանից երեխան ընկնում է վախի նոպաների մեջ ու պատկերացնում է, որ խաղի գազանն իրեն հետեւում է, բայց շարունակում է կլանված խաղալ, որպեսզի բացահայտի գաղտնիքը:
Այսպիսով, սիրելի ծնողներ, ձեր անուշադրության պաճառով երեխաները համակարգչային խաղերից ձեռք են բերում տարբեր հիվանդություններ, որոնք երբեմն ավարտվում են անդառնալի կորուստով` մահվան ելքով: Ուստի` ուշադիր եղե՛ք ու մի՛ կործանեք ձեր երեխաներին, որպեսզի ոչ թե մեծացնենք ահաբեկիչներ, այլ վաղն ունենանք առողջ ու բանական սերունդ:
ԱՆԺԵԼԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162500&l=am/