ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՍՏԻՊԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՂԱՅԻՆ ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16
ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՍՏԻՊԵԼ Է ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՂԱՅԻՆ ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Այն, որ ողջ աշխարհի օրինակով թրաֆիքինգը Հայաստանում եւս իր որոշակի դիրքերն ունի, նոր բան չէ: Եվ ահա մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այս կերպ ներկայացրեց տարվա ընթացքում այդ զազրելի երեւույթի դեմ պայքարը:
Վերջին ինը ամիսների ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 15 քրեական գործերով, որոնցից ինը հարուցվել են հենց այս տարի: Նշված ժամանակահատվածում Հայաստանում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հանցագործության տասը դեպք, որոնցից երկուսը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը Թուրքիայում, երեքը` ԱՄԷ-ում, երկուսը` ներքին թրաֆիքինգի դեպքեր են, հանցագործության մեկ դեպքը վերաբերել է ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը, մեկը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով անչափահաս երեխայի շահագործմանը, եւ մեկն էլ, երբ Չինաստանի քաղաքացիներին սեռական շահագործման են ենթարկել Հայաստանում:
Ընդհանուր առմամբ, հանցագործությունների դեպքերը, համեմատած նախորդ տարվա հետ, թվային քանակով գրեթե նույնն են: Պետք է նշեմ նաեւ, որ վերջին տարիներին ունենք թրաֆիքինգի զոհերի քանակի նվազում: Այսինքն, եթե նախորդ տարիներին մեկ քրեական գործով կարող էին տուժող ճանաչվել 10-15 զոհ, ապա հիմա նման քրեական գործով մեկ-երկու զոհ ունենք:
Նշեմ նաեւ, որ մարդկանց թրաֆիքինգ կատարելու գործերով վերջին 12 տարիներին քրեական պատասխանատվության է ենթարկվել մոտ 60 անձ:
- Փոխարենը՝ հաճախ կարծիքներ են հնչում, որ դեպքերը ոչ թե նվազել են, այլ զոհերը, վախենալով հանրային կարծիքից, թրաֆիքյորների հետ փոխշահավետ համաձայնության են գալիս եւ չեն դիմում իրավապահներին:
- Կարծում եմ՝ դեպքերի նվազման պատճառը հիմնականում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Թե՛ ՀԿ-ների, թե՛ պետական կառավարման մարմինների կողմից քիչ ջանքեր չեն գործադրվում, որպեսզի բարձրանա հասարակության իրազեկվածության աստիճանը: Պայմանավորված է նաեւ նրանով, որ հանցագործությունը կանխելու ուղղությամբ եւս կառավարության կողմից շատ աշխատանքներ են տարվում:
Ինչ վերաբերում է իրավապահներնին զոհերի չդիմելուն, ապա նշեմ, որ, ելնելով միգուցե որոշ սկզբունքներից կամ մենթալիտետից, իրավապահներին հիմնականում դժվարությամբ են դիմում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված անձինք, ովքեր հիմնականում տղամարդիկ են: Բայց կան նաեւ դեպքեր, երբ անձինք դիմում են եւ ասում, որ իրենք շահագործման զոհ են, բայց ոչ հաճախ է դա քննության ընթացքում ապացուցվում:
- Կա՞ն թրաֆիքյորներ, ովքեր մի անգամ պատիժը կրելուց հետո կրկին նույն հանցագործությունն են կատարում:
- Իմ նշած մոտ 60 դատապարտված անձանց 95 տոկոսը դեռ շարունակում է պատիժը կրել, եւ նրանք, հասկանալի է, ի վիճակի չեն նոր հանցանք գործել: Ուստիեւ՝ հիմնականում բացահայտվում են նախորդ տարիներին կատարված պոռնկության շահագործման դեպքերը: Բայց դա չի կարելի ասել ներքին թրաֆիքինգի եւ ՌԴ-ում աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվածների մասին. դրանք ավելի թարմ, վերջին ժամանակահատվածում կատարված դեպքեր են:
- Ունե՞ք վիճակագրություն, թե թրաֆիքինգի զոհերը ավելի շատ լինում են մարզերից, թե՞ մայրաքաղաքից:
- Կան զոհեր ե՛ւ մարզերից, ե՛ւ մայրաքաղաքից:
- Կխնդրեինք մի փոքր մանրամասն ներկայացնել վերջին բացահայտված դեպքերից:
- Վերջին բացահայտված դեպքերից մեկը անչափահաս 12-ամյա տղա երեխայի շահագործումն է Արմավիրի մարզում: Տղամարդը, հանդիսանալով երեխայի մոր փաստական ամուսինը, օգտագործելով իր հեղինակությունը եւ դիրքը՝ 2013-2014թթ. ընթացքում պարտադրել է, որպեսզի երեխան զբաղվի մուրացկանությամբ, իսկ հավաքված ողջ գումարը տնօրինել է տղամարդը:
Ունենք նաեւ երկու ներքին թրաֆիքինգի դեպքեր: Մեկը պոռնկության շահագործման է ենթարկվել՝ հաճախորդներին փողոցից գտնելով: Երկրորդ դեպքում տանը ամուսինը է սեռական շահագործման ենթարկել կնոջը:
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=162494&l=am/