ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՉ»-Ը ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՃՆՇՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Արխիվ 12-16
ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՉ»-Ը ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՃՆՇՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը շարունակվում է: «Ոչ»-ի եւ «Այո»-ի կողմնակիցները ռեալիթի շոուի միջոցով շարունակում են հանդիպել քաղաքացիների հետ: Գյումրին այս առումով եւս բացառություն չէ, որտեղ ակտիվ աշխատում են ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Իրավունք»-ը սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի եւ այլ հարցերի մասին զրուցեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
– Ինչքան հոգեբանական մեթոդ կիրառվում է «այո»-ի կողմից, այդքան էլ կիրառվում է «ոչ»-ի կողմից: Եթե այսօր դու քո «այո»-ն ես փաթաթում մարդկանց վզին, դա համարում ճնշում, ապա լրատվամիջոցներով տարածվող «ոչ»-ն էլ հոգեբանական ճնշում է: Այսինքն` հավասարաչափ ճնշում են ժողովրդին:
– Փաստորեն, «այո»-ն եւ «ոչ»-ը հավասարաչափ ճնշում են ժողովրդին:
– Եթե այսօր «այո» քարոզելը ճնշում է համարվում ժողովրդի հանդեպ, ուրեմն հավասարաչափ ճնշում են մեր գյումրեցիներին ե՛ւ «ոչ»-ը, ե՛ւ «այո»-ն: Ես կասեի` «ոչ»-ը մի փոքր ավելի շատ է ճնշում:
– Խոսվում է նաեւ այն մասին, որ Գյումրու որոշ թաղամասեր կգազաֆիկացնեն, եթե գյումրեցիներն «այո» ասեն հանրությանը:
– Ես տեղյակ չեմ դրանից:
– Ինչո՞ւ է մոտ երեսուն ընտրատեղամաս իշխանությունը հանձնել է Ձեզ, ինչո՞վ եք արժանացել իշխանության վստահությանը:
– Ես նման հստակ տեղեկատվություն չունեմ` ինչքան տարածք են ինձ վստահել: Ես 34 ընտրատարածքի պատգամավորն եմ, զբաղվում եմ իմ աշխատանքով: Թե արդյունքը ինչ կլինի, վերջում կերեւա:
«ՈՉ»-Ը ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ «ԱՅՈ»-Ի ՎՐԱ, ԱՆԳԱՄ` ՀԱՅՀՈՅՈՒՄ»
–Ըստ շրջանառվող լուրերի` իշխանությունն ավելի շատ Ձեզ է վստահում:
– Հարցը տվեք իշխանությանը, բայց սա այն գործն է, որի համար բոլորս ենք աշխատում` կազմակերպել նորմալ ընտրություններ: Ինչպես «ոչ»-ն ուզում է իր «ոչ»-ը առաջ է տանում, այնպես էլ մենք` մեր «այո»-ն: Թե ինչ արդյունք կլինի, որոշողը ժողովուրդն է: Թե չէ ասել` ճնշում, լարվածություն, նման բան չկա: Գոնե այս ընտրություններն ամենահանգիստ ընտրություններն են: Ժողովուրդը մտածելու ու կողմնորոշվելու տեղ ունի: Իսկ եթե բռնությունը մարդու մտքի ու հոգու նկատմամբ գալիս է «ոչ»-ից, քանի որ հենց նա է տարբեր ձեւերով` «ֆեյսբուք»-ով, կայքերով, հարձակումներ գործում «այո»-ի կողմնակիցների վրա, անգամ հայհոյանքներ հնչեցնում: Իսկ «այո»-ն նման բան չի անում:
– Գյումրիում, փաստորեն, «ոչ»-ի ճակատն ավելի ակտիվ է, քան «այո»-ի:
– Ոչ, Գյումրիում «ոչ»-ը ակտիվ չէ: Հավասարաչափ աշխատում են «այո»-ն ու «ոչ»-ը: Կարեւորը լարվածություն չկա, չկա թշնամություն` «այո» եւ «ոչ»-ի միջեւ: Ինձ համար կարեւորը դա է: Ո՛չ Բարսեղյան Լեւոնի, ո՛չ էլ մյուսի հետ չկա թշնամություն: Իրենք իրենց քաղաքական գիծն են առաջ տանում, մենք` մերը:
– Տեղեկություններ կան, որ իշխանության ներքին խողովակներով ձեզ հանձնարարվել է, պայման է դրվել. եթե լավ աշխատեք, շատ ձայն բերեք «այո»-ի համար, դուք կլինեք Գյումրու քաղաքապետը:
– Էսքան ժամանակ որեւէ հանձնարարություն չեմ արել, որի մասին լավ գիտեն գյումրեցիները: Եթե մի բան ուզենամ կամովին անեմ, կանեմ, եթե չէ, չէ: Ես էդքան պրինցիպ ու սկզբունք ունեմ, որ իմ ուզածն անեմ: Դա ես բազմիցս ապացուցել եմ: Սահմանադրության հետ կապված ասեմ` համոզված եմ մտել էս դաշտ: Անգամ ԲՀԿ-ում եղած ժամանակ, եթե զգացել եմ, որ որեւէ որոշում իմ մարզին ու իմ քաղաքին վնաս է, ասել եմ այն, ինչ մտածել եմ:
– Ձեր ազգականը` Ավետիք Գեւորգյանը, վերջերս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում…
– Նախ ասեմ, որ Գյումրիի 80%-ը, 100%-ն իմ բարեկամներն են, ընկերները: Ամեն վայրկյան մարդը կարող է փորձանքի մեջ ընկնել: Ի՞նչ կապ ունի Գրիգորյան Մարտունը: Ով ով, գոնե իմ հարազատները գիտեն` եթե որեւէ մեկն ինչ-որ տեղ անօրինական քայլ է անում, առավել եւս հանցանք է գործում, պետք է գիտենան` կրելու է իր պատիժը: Ինչ վերաբերում է Ավետիք Գեւորգյանին, նա իմ քեռու տղան է:
– Հայկական մենթալիտետին բնորոշ է ԽԾԲ-ով, առավելեւս բարեկամ պաշտոնյայով հարցեր լուծել, եթե անգամ դա իրավական բնույթ ունի:
– Դե բնորոշ է, բայց էսօր կա փաստ` ով ինչ անում է, պատասխան է տալիս: Ինձ համար անընդունելի է այդ ամենը բերել-փաթաթել պատգամավորի վզին:
– Այսինքն` Դուք Ձեր քեռու տղայի համար չե՞ք միջնորդել, որեւէ մեկին չե՞ք դիմել:
– Այս պահին իրավական գործընթացներ են իրականանում: Ավելի բան ասել` նշանակում է ուղղորդել: Այն մեղադրանքը, որն առաջադրված է, հաստատված չէ: Իսկ եթե հաստատվի, պետք է կրի իր պատիժը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ https://iravunk.com/sim/?p=162491&l=am/