Զարմացած
Արխիվ 12-16
Վերջապես մենք` համեստ շարքային մահկանացուներս, արժանացանք այնպիսի աստվածային հաճույքի, ինչպիսին է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ վերջին հարցազրույցը ամբողջովին, այլ ոչ թե հատվածաբար կարդալը: Եվ պարզեցինք մի զարմանալի բան` ընդդիմադիր դարձած Ռոբերտ Սեդրակիչը հիասթափված է անխտիր բոլորից` ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ ժողովրդից. «Որպիսի հասկանանք` կա՞ հասարակությունում բողոքի ուժ, թե` ոչ, բավական է նայենք երկրի վիճակագրությանը: Եթե երկրում աճում է աղքատությունը, եւ չկա բողոքի պոտենցիալ, ապա դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում: Այլ հարց է, որ մեզ մոտ կա ակտիվ բնակչության միգրացիոն արտահոսք, համաընդհանուր ապատիա, հիասթափություն քաղաքական գործիչներից, քաղաքական էլիտայից, ընդդիմությունից, եւ այս երեւույթը համընդհանուր է: Դուք շփվում եք մարդկանց հետ եւ հավանաբար այդ ամենը լավ զգում եք: Թե ով է շարժող ուժը, այդ ընդվզող ընտրազանգվածի շարժիչը, ապա ես կարծում եմ, որ այդ ընդվզող ընտրազանգվածը մնացել է անտեր: Կա ինչ-որ քաոսային շարժում, կա զանգվածային դժգոհություն, որը արտահայտվում է բակերում, խոհանոցներում, խնջույքների սեղանների շուրջ խոսակցություններում եւ այլն, եւ այլն: Սակայն ինչ-որ բողոքի վեկտոր այն չի դառնում, քանի որ ե՛ւ քաղաքական էլիտան, ե՛ւ ընդդիմությունը չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարի»:
Սակայն, օրինակ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ լավ էլ բացատրություն ունի, թե ինչու մեր ընդդիմադիրների մոտ բան չի ստացվում, սակայն նրանք դժվար թե մեզ զարմացնեն` շտկելով սեփական սխալները ու այլեւս չկոտրելով Ռոբերտ Սեդրակիչի սիրտը. «Ընդդիմությունը գնում է հեշտ ճանապարհով, դա ժողովրդին հրապարակ հանելն է, համոզել-բերել` ասելով, եթե գաք, ու հրապարակում հավաքվի 100 000 մարդ, ապա կկարողանանք ջարդել իշխանության գլուխը, Հայաստանում արդարություն հաստատել, ու դուք լավ կապրեք: Իսկ եթե չգաք` ուրեմն իմացեք` մենք մեր քայլն արեցինք, բոլորիդ հրավիրեցինք հրապարակ, որ իշխանություններին հեռացնենք, բայց դուք չեկաք, կնշանակի` մեղավորը դուք եք: Սա շատ հեշտ ճանապարհ է, մինչդեռ շատ դժվար է իրական քաղաքական պայքար ծավալելը: Այն նախ սկսվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, ինչից ընդդիմությունը մշտապես խուսափում է: Ընդդիմության համար դժվար է առանց հայհոյելու փորձել հանրության դժգոհ հատվածին իր շուրջը համախմբել»:
Իսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ փաստում է, որ այդ կառույցը դարձել է անհասկանալի մի բան. «ԵԽԽՎ-ն լուրջ մոլորության մեջ է, շփոթվել է, ու ինքն էլ չի հասկանում, թե որն է իր առաքելությունը: ԵԽԽՎ-ն իր բանաձեւի տեքստում առաջարկում է ջրի օգտագործման հարցում երկու կողմերի հավասար մասնակցություն, առաջարկում է միջազգային ինչ-որ կազմակերպության միջոցով վերանորոգել ջրամբարը, որպեսզի հնարավոր լինի այն համատեղ օգտագործել, ու թվում է, թե այս կառույցը շահագրգռված է այդ հարցում: Սակայն դրա կողքին հավանության արժանացրին մի զեկույց, որը չէր տեղավորվում սոցիալական հանձնաժողովի տրամաբանության մեջ»: Խոսքը երկրորդ հակահայկական զեկույցի մասին է, որոնք բոլորն էլ նավթադոլարներով եւ խավիարով հասարակ կաշառման արդյունք են: Լավ, քանզի ԵԽԽՎ-ն ինքը չգիտի, թե որն է իր անելիքը, եւ իզութոզով կաշառված է, ապա զարմանալի է, էլ ինչո՞ւ գրողը ծոցը չենք ուղարկում այդ կառույցը, օրինակ վերցնելով թեկուզ նույն ռուսներից: Այ, մարդիկ նույնիսկ Պետդումա օրինագիծ են մտցրել, համաձայն որի` Սահմանադրական դատարանը պետք է որոշի, թե Եվրադատարանի որ վճիռը Ռուսաստանում ենթակա է կատարման, իսկ որը` ոչ: Տարոսը մեզ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ