ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ԽԱՂԵՐ` ՊՏՏԱՀՈՂՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ԽԱՂԵՐ` ՊՏՏԱՀՈՂՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մեր տարածաշրջանում առավել քան լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց շարունակությունն ու հետեւանքները կանխատեսելը առայժմ բավականին խրթին խնդիր է: Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայի օդային տարածքում` թուրքերի կողմից ռուսական օդանավի ոչնչացումը, որոշ մեկնաբաններ, առանց այլեւայլության արդեն կոչում են ռուս-թուրքական պատերազմի սկիզբ: Եվ այդ պատերազմն արդեն իր առաջին նահատակն ունի` ռազմական օդաչու, մայոր Ռումյանցեւ, ում գնդակահարության տեսանյութը ահաբեկիչներն արդեն տարածել են համացանցում:
Իսկ մեզանում քարոզարշավ է, եւ սահմանադրական բարեփոխումների հակառակորդները կողմնակիցների մասին խոսում են պատերազմական տերմիններով: Մինչդեռ մեր երկիրը աշխարհաքաղաքական պտտահողմի փաստացի կենտրոնում է: Ճիշտ է, այդ կենտրոնը ամենահանդարտ տեղն է, սակայն ցանկացած սխալ քայլ հղի է անուղղելի հետեւանքներով:
«ՈՉ»-ԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին առասպելը, որը տարածում են «ոչ»-ի քարոզիչները` իբր ժողովրդի մեծամասնությունը տրամադրված է «ոչ» քվեարկելու, սակայն հիմիկվանից արդեն նախապատրաստ վում են ահավոր, համատիեզերական կեղծիքներ: Նույնիսկ ՀԱԿ խմբակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը համատեղ սրտաճմլիկ հայտարարություն են տարածել: Այստեղ ուշագրավ է, որ կողմերից մեկը ՀԱԿ խմբակցությունն է, այսինքն` Լյովիկ Զուրաբյանին, Արամ Մանուկյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին միացել են կամ առնվազն չեն առարկել Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ինչեւէ, թեեւ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ժառանգությունը» չեն բարեհաճել բոլոր ընտրատեղամասերը համալրել սեփական հանձնաժողովականներով, որպեսզի պետական աշխատավարձ ստացող մարդկանցով պայքարեն հնարավոր կեղծարարության դեմ, հիմա նրանք ճչում են հանձնաժողովականների նկատմամբ ճնշումների մասին. «Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում Սերժ Սարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին»:
Ահազանգերը վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ»: Հավաստելով, որ ուշադիր հետեւում են ամեն ինչին, «ոչ»-իստները բավականին սրտաճմլիկ ձեւով հայտարարում են. «ՈՉ-ի համատեղ շտաբը եւ «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում են իշխանություններից դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու եւ ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների եւ հանձնաժողովի անդամների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաեւ հայտնում այդ հանցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին»:
ԱՌԱՍՊԵԼ 2. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ` ԼՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԵՐԵՎԱՆ
Դե պարզ է, որ իրականում ռեալ պայքար` սահմանադրական փոփոխությունների դեմ, չկա, եւ քչից-շատից ցանկացած լուրջ ուժ, այդ թվում եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, նախապատրաստվում են 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ու թեեւ ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանը իր երեւանյան ասուլիսով դարձավ ծաղրի ու ծիծաղի առարկա, նրա ֆիգուրը` որպես իշխանությունների համար «ահավոր սպառնալիք», շարունակում են ներկայացնել քարոզչական առասպելներում:
Այդ առասպելների առանցքն այն է, իբր Արա Արշավիրիչը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ եւ գործում է նրա անմիջական հանձնարարությամբ: Եվ որպեսզի դա ավելի արժանահավատ հնչի, այդ թեզը գործողության մեջ են դնում ծայրահեղ հակառուսական քարոզչամիջոցների հարթակներում, ուր նաեւ չեն մոռանում հիշատակել, թե տեսեք նա ինչքան «քըխ» է եւ կատարում է Հայաստանի կախվածությունը «ռուսական սապոգից» հավերժացնելու ծրագիր: Ահա մի մեջբերում Արա Աբրահամյանի հետ կապված նոր առասպելից. «Արա Աբրահամյանը ինչ-որ խոշոր գործարարի հետ պատրաստվում է գալ Հայաստան եւ հայտարարել տնտեսական նոր շարժման մասին, որը գրասենյակներ կունենա նաեւ Մոսկվայում ու Լոս Անջելեսում: Դրանք աշխարհի ամենահայաշատ քաղաքներն են, եւ այդ երկու քաղաքներում բնակվում է մոտավորապես այնքան հայ, որքան Հայաստանում: Փաստացի, Արա Աբրահամյանը փորձում է ոչ միայն Հայաստանի խորհրդարանը վերցնել, կամ մանդատներ Հայաստանի խորհրդարանում, այլ ամբողջ «հայկական աշխարհը»: Երեւի, դրա համար էր նա Հայաստանում հայտարարում, թե ոչ ոք չի պատկերացնում իր հավակնությունների սահմանը: Փաստորեն, այդ հավակնությունները ձգվում են Մոսկվայից մինչեւ Լոս Անջելես: Փաստորեն, Արա Աբրահամյանին, որը ներկայումս մի քանի պաշտոնական կարգավիճակ է ձեռք բերել ՌԴ նախագահին կից կառույցներում, հանձնարարված է վերցնել ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ Սփյուռքը»:
Գյուլնազ տատի հեքիա՞թ է` անշուշտ: Սակայն, ինչպես ասում էր ծերուկ Գեբելսը, ինչքան ավելի ահավոր լինի սուտը, այնքան ավելի հեշտ դրան կհավատա ժողովուրդը:
ՄԻ ՔԻՉ ՍՈՑԻՈԼՈԳԻԱ
Անշուշտ, մեր «ոչ»-իստների համար լավագույն սոցիոլոգ են համարվում երեւանյան տաքսիստները, ովքեր իրենց պարտքն են համարում ամեն ուղեւորի գլուխը տանել` իբր Երեւանում «այո» ասողները զրո տոկոս են: Սակայն տաքսիստներից հեռու չեն գնացել եւ այդ ճամբարում ընդգրկված, թվում է թե, լուրջ մարդիկ: Զորօրինակ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը ամենայն լրջությամբ պնդում է, որ «այո»-ի կողմնակիցներին շուտով փողոցներում ծեծելու են: Սակայն նույնիսկ ֆեյսբուքյան միջավայրում, շրջապատված լինելով շուրջ 500 «ոչ»-ի տրամադրվածներով, դեռեւս նույնիսկ թթու խոսքի չեմ առնչվել...
Ինչեւէ, «APR Group» ՀԿ-ն հանրությանը ներկայացրել է սոցիոլոգիական հետազոտություն` սահմանադրական հանրաքվեի թեմայով: Եվ «Ըստ մեր հարցման` մարդկանց 64,4 տոկոսը կմասնակցի քվեարկությանը, 31,3-ը` ոչ, մնացածը` դեռ չեն կողմնորոշվել»: Ինչ վերաբերում է հենց այս կտրվածքով կողմերին եւ դեմերին, ապա 36 տոկոսը կողմ է, 32 տոկոսը` դեմ, իսկ 12 տոկոսը իբր թե պատրաստ է քվեաթերթիկն անվավեր դարձնել: Այ, այս վերջինն արդեն անհավանական է թվում եւ նույնիսկ ֆանտաստիկ, քանզի նույն հարցման տվյալներով` 71 տոկոսը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունն ընդունվելու է:
Ինչեւէ, այնուամենայնիվ, հանրությանը հասել է «ոչ»-ի քարոզիչների պնդումը, որ գլխանց ամեն ինչ կեղծվելու է: «Հարցվածների 55,8 տոկոսը նշել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծվում են: Մի փոքր մասը վստահում է արդար ընտրությունների անցկացմանը, մյուսներն էլ` անտարբեր են»,- ընդգծել է նախագահ Ռուբեն Սարգսյանը:
Սական, եթե օբյեկտիվորեն վերաբերվենք այդ կոպիտ սոցիոլոգիական հարցմանը, ապա պետք է որ ակտիվորեն տեղամասեր գան «այո»-ի կողմնակիցները, իսկ «ոչ»-ի կողմնակիցներից շատերը կգերադասեն տնից դուրս չգալ, հանոզված լինելով, որ միեւնույնն է, արդյունքը կանխորոշված է: Ի դեպ, «Նոր Հայաստանի» «փրկչիստների» խորհրդով փողոց դուրս եկողների էական քանակ էլ չի սպասվում` առավելագույնը 100 հոգի կգան` «ապստամբելու ռեժիմի դեմ»:
ՓՈՔՐԻԿ, ԲԱՅՑ ՈՒՇԱԳՐԱՎ ԴԵՏԱԼ
Մենք արդեն առիթներ ունեցել ենք մատնանշելու, որ նոր սահմանադրության առավել կազմակերպված եւ ռեսուրսներով օժտված հակառակորդների հատվածը գրանտակերներով համալրված «Չեք անցկացնի» նախաձեռնությունն է: Այդ նախաձեռնության առանցքային դեմքերից «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը հայտնի է որպես համասեռամոլների շահերի լոբբիստ, եւ նոր սահմանադրությամբ ամրագրված նույնասեռ ամուսնությունների արգելքը մեկնաբանում է այսպես. «Դա հետքայլ է գործող Սահմանադրության համեմատ, ինչպես մարդու իրավուքներին ու ազատություններին վերաբերող շատ այլ դրույթներ: Պետությունը պետք է հավասար հնարավորություններ ստեղծի անխտիր բոլոր քաղաքացիների համար` ծառայություններ մատուցելիս խտրականություն չկիրառելով քաղաքացիների նկատմամբ: Դեմոկրատական գործընթացների շարունակականությունը բերելու է նաեւ Հայաստանում նույնասեռ ամուսնությունների ճանաչմանը: Իսկ դրանք արգելելը ես դիտում եմ երկրի դեմոկրատացման ընթացքը խոչընդոտելու մյուս փորձերի տրամաբանության համատեքստում»:
Ահա այդպիսի բաներ, այնպես որ, «ոչ» քվեարկելու տրամադրվածները մտորելու տեղիք ունեն, թե ում են միանում...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162482&l=am/