«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԲԱԼԱՅԻՆ «ԶԵՆՔՆ» ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԵՆՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՄ
Արխիվ 12-16
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ԲԱԼԱՅԻՆ «ԶԵՆՔՆ» ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀԵՆՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԵՄ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, եւ մեր մասնակիցը` ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐՈՍՅԱՆԸ, զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը` ստանալով բարձր միավորներ Ռուսաստանից, Սերբիայից, Վրաստանից, Սլովենիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից: Ավելին` մնացյալ երկրները ամենաքիչը 7 միավոր նվիրեցին Հայաստանին:
Բայց, արի ու տես, որ այս անգամ մեր բալային «զենքն» օգտագործեցինք հենց մեր դեմ, եւ Հայաստանն իր ամենաբարձր 12 միավորը, չգիտես ինչու, որոշեց նվիրել հենց մեր մրցակցին` Մալթան ներկայացնող Destiny Chukunyere-ին, ինչի պատճառով Մ. Վարոսյանն առաջին տեղը զիջեց մալթացի թմբլիկ աղջնակին: Ինչ խոսք, ապշեցնող էր այսպիսի որոշումը, ոչ թե նրա համար, որ Մալթայի մասնակիցն իր ձայնային տվյալներով զիջում էր այս կամ այն մասնակցին, այլ «Եվրատեսիլում», որը թերեւս ամենաքաղաքականացված երաժշտական մրցույթն է, հանկարծ Հայաստանը որոշեց սատարել ոչ թե իր բարեկամ, դաշնակից կամ, պարզապես, մեզ լավ աչքով նայող երկրների մասնակիցներին, այլ Մալթային: Արդյունքում ստացվեց, որ թիկունքից հարվածեցինք ինքներս մեզ: Մինչդեռ նույն Մալթան դիվանագիտորեն մեզ «բաշխեց» ընդամենը 7 միավոր, որպեսզի չվնասի իր իսկ երկրի մասնակցին:
Ինչեւէ, փոքրիկ Միկային իր «Love» երգով գնահատեց ու սիրեց ողջ աշխարհը, ու նրա վառ կատարումն ամենամեծ հաղթանակը կարելի է համարել այս մրցույթում:
Այնուամենայնիվ, «Իրավունքը» դեռ կանդրադառնա այս թեմային ու կփորձի հասկանալ, թե ինչն էր սխալ մարտավարության պատճառը:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=162463&l=am/